Պարզ է, թե ինչի է ձգտում Ալիեւը. չեզոքացնել միջնորդներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից ճնշումների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե հաջողվի` վիժեցնել արեւմտյան բանակցային հարթակը, Հայաստանին վերադարձնել Մոսկվայի «տանիքի» տակ, այսինքն` առաջ ընթանալ Բաքվի համար ձեռնտու օրակարգով:
Հոկտեմբերից ի վեր Հայաստան-Ադրբեջան երեք բանակցություններ տապալվեցին պաշտոնական Բաքվի բոյկոտի պատճառով։ Սակայն անցյալ շաբաթ պաշտոնական Երեւանը հայտնեց, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ն նախ հայտնեց, որ պայմանավորվածությունը նախնական է. «Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»։
Մեկուկես տարի գործող, փոխվարչապետների գլխավորած այս հանձնաժողովն ընդամենը չորս հանդիպում է անցկացրել. մեկը՝ Երասխի հատվածում, մյուսը՝ Տավուշի մարզի եւ Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։ Վերջին հանդիպումն ավելի քան կես տարի առաջ է տեղի ունեցել։
Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ էր հնչել, բայց չէին հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ, սակայն Երեւանից պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը, որոնք սահմանին բանակցելու փորձ ունեն։
Կարդացեք նաև
Այսինքն, արեւմտյան հարթակները բոյկոտող Ալիեւն առաջարկում է, իսկ Հայաստանը հեշտությամբ համաձայնում է պաշտոնական Բաքվի հետ ուղիղ բանակցությունների` առանց երաշխավորի: Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հասե՞լ են վստահության այնպիսի մակարդակի, որ առանց երաշխավորների կարող են հանդիպե՞լ, ինչ-որ համաձայնությունների գա՞լ: Պաշտոնական Երեւանը երաշխիքներ ունի՞, որ Բաքվի հետ հնարավոր համաձայնությունները գործնականում կիրառվելու են, ու ընդհանրապես` դրանց տակ Բաքուն այլ նպատակներ չի հետապնդում: Կամ` ի՞նչ երաշխիք, որ սահմանազատման գործընթացում էլ Ալիեւը չի պարտադրելու Հայաստանին իր համար ցանկալի սկզբունքներով առաջ շարժվել, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանն, օրինակ, չի պատրաստվում զորքերը հետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից:
Եվ ընդհանրապես, գոյություն ունի ստորագրված եռակողմ հայտարարություն` 2020թ. նոյեմբերի 9-ի, որի որեւէ կետ Բաքուն ոչ միայն չի կատարել, այլեւ գումարած դրան, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ է իրականացրել: Պաշտոնական Երեւանը մինչ օրս այդ խնդիրները չլուծած գնո՞ւմ է Ադրբեջանի իշխանության հետ տետ-ա-տետ հանդիպման: Անգամ թեկուզ, եթե խոսքը վերաբերում է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնելուն: Հայաստան-Ադրբեջան բանակցություններն այս իրավիճակում պետք է լինեն միջնորդավորված, որպեսզի հնարավոր լինի դրանց տապալող կողմին արձանագրել, բացի այդ, հնարավոր համաձայնությունները` տարբեր հարցերում, ունենան երաշխավորներ:
Այժմ, պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումներն ադրբեջանական կողմին է փոխանցել՝ բանակցությունները փակուղի մտցնելու փորձերը կանխելու համար։ Ու այսպես, ամեն անգամ պաշտոնական Բաքվի կողմից բանակցությունները փակուղի մտցնելուց հետո պաշտոնական Երեւանը «գրկաբաց» ընդունելո՞ւ է պաշտոնական Բաքվի հերթական քմահաճություն-հրահանգը` նոր բանակցությունների շարունակման վերաբերյալ:
Պարզ է, թե ինչի է ձգտում Ալիեւը. չեզոքացնել միջնորդներից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից ճնշումների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե հաջողվի, առհասարակ` վիժեցնել արեւմտյան բանակցային հարթակը, Հայաստանին վերադարձնել Մոսկվայի «տանիքի» տակ, այսինքն` առաջ ընթանալ Բաքվի համար ձեռնտու օրակարգով:
Ի վերջո, պաշտոնական Երեւանի որդեգրած` ամեն գնով ինչ-որ «փաստաթուղթ ստորագրել, որպեսզի խուսափենք էսկալացիաներից» գծի համատեքստում, Բաքուն հմտորեն իր համար շահավետ ձեւով մանեւրում է` օգտվելով հայկական կողմի, այսպես ասած` վախերից:
Իսկ ինչո՞ւ է Ալիեւը խուսափում Արեւմուտքի հովանու ներքո բանակցություններից, որտեղից Արցախի կարգավիճակի, արցախցիների վերադարձի մասին հայտարարություններ են արվում: Պաշտոնական Երեւանը համաձայն չէ՞ այս ուղղությունների հետ: Եվ բացի այդ, առաջիկայում ծրագրված հանդիպմանը պաշտոնական Երեւանը կոնկրետ ի՞նչ հարցեր է պատրաստվում քննարկել:
Հայաստանում հավատարմագրված Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն, օրերս, ՀՀ արտգործնախարարը շեշտել է այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա Հայաստանը տեսնում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի շարունակությունը. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից ու ինքնիշխանության սկզբունքով ապաշրջափակումից բացի, Արարատ Միրզոյանը նաեւ սահմանազատմանն է անդրադարձել, որ այն պետք է տեղի ունենա ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզներով։
Մյուս կողմից, պաշտոնական Երեւանն արձանագրեց, որ առայժմ պարզ չէ, թե Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում, պատասխանելով խաղաղության գործընթացի վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ այդ սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում եւ այդ համաձայնեցումն արտահայտվել է մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին եռակողմ հանդիպումների արդյունքներով։ Նա հիշեցրեց սկզբունքները. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքի հիման վրա։ «Հիմա, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաեւ չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը եւ նրբությունները պարզաբանել»։ Նա եւս հաստատեց, որ նոյեմբերի 30-ին քարտեզների եւ սահմանների մասով նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների հանդիպում եւ հավելեց, թե այդ քննարկումներից Երեւանը հետեւություններ կանի՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։ «Մինչեւ այսօր մենք այդ վստահությունը չունենք»,- նկատեց նա։
Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունների ֆոնին, նույն օրը, Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի հասցեին կոշտ հայտարարություններով: «Ձախողված», «կախյալ», «իր տերերին ծառայող», «խոշոր պետությունների միջեւ առճակատման հարթակի վերածված», «միանգամից երկու աթոռի վրա նստող», ահա Ալիեւի գնահատականները Հայաստանի վերաբերյալ…
«Աշխարհում բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ կան, որոնք ցանկանում են միաժամանակ երկու կամ ավելի աթոռների վրա նստել, ծառայել մի քանի տիրոջ եւ վերածվել ավելի մեծ պետությունների առճակատման հարթակի։ Դրանցից մեկը Ադրբեջանի հարեւան Հայաստանն է», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը: «Այդպիսի երկրները չեն կարող համարվել անկախ՝ բառի իսկական իմաստով։ Նման երկրների քաղաքականության հիմքում իրենց ժողովուրդների կամքը չէ, նրանց ճակատագիրը գտնվում է իրենց օտարերկրյա հովանավորների ձեռքերում», – ասել է Ալիեւը: Որ երկրները նկատի ունի՝ նա իհարկե չի մանրամասնել, սակայն կարելի է հիշել, թե վերջին շրջանում Ալիեւը հատկապես որ երկրների մայրաքաղաքներից է դժգոհ` Վաշինգտոնից եւ Փարիզից:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին Ալիեւը չի անդրադարձել։ Նա կրկին խոսել է 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ձեռքբերումներից՝ չթաքցնելով, որ Բաքուն հաջողությունների է հասել ոչ թե բանակցությունների միջոցով, այլ՝ ռազմական ուժի գործադրմամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. Ստեփանակերտում արած հայտարարությունը մատնացույց անելով՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», Ալիեւը պնդել է, թե այդ հայտարարությունն «ամբողջությամբ ոչնչացրեց բանակցային գործընթացը»: Սա խոսում է մի պետության առաջնորդ, որը 44-օրյա պատերազմի «հաղթանակին» հասել է ոչ իր երկրի ուժերով, իսկ մինչեւ 2020թ. հենց Ադրբեջանն է արգելափակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը:
Հայաստանի հասցեին հերթական կոշտ հայտարարություններն Ադրբեջանի առաջնորդը հնչեցրել է Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի 25-ամյակին նվիրված գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ղեկավարները, որոնք Ադրբեջան էին ժամանել անմիջապես ՀԱՊԿ-ի նիստից հետո։ Ի դեպ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը «շնորհավորել է Ալիեւին եւ Ադրբեջանի եղբայրական ժողովրդին դարակազմիկ իրադարձության՝ երկրի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»։ Տոկաեւը դա անվանել է` «իսկապես պատմական իրադարձություն»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.11.2023