Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ է հանգեցնում «դեմիֆականացումը»

Նոյեմբեր 29,2023 15:00

Եվ ինչպես կարելի է քաղաքական փիլիսոփայության մեջ կիրառել «ապաշխարանք» բառը, եթե ժողովրդավարությունն «աստվածավախ» է

Ամերիկացի հայտնի քաղաքական եւ պետական գործիչ Ջոն Բոլթոնը, ծանոթանալով իսրայելցի փիլիսոփա Յորամ Հազոնիի՝ «Պահպանողականություն. վերաբացահայտում» (Conservatism: A Rediscovery) գրքի հետ (2022), իր գրախոսականում նշել է, որ քիչ էր մնում՝ 8-րդ էջից դադարեր այս գիրքը կարդալուց, երբ հանդիպեց «ապաշխարել» (repent) բառին: Դրա մասին պատմում է ինքը՝ Հազոնին: Այսինքն՝ չի կարող լինել լուրջ քաղաքագիտական ուսումնասիրություն, որտեղ շրջանառվում է նման հասկացություն:

Բոլթոնը, ինչպես հայտնի է, համարվում է ծայրահեղ պահպանողական թեւի ներկայացուցիչ: Նա պաշտոններ է զբաղեցրել Ռեյգանի, Բուշ կրտսերի եւ Թրամփի վարչակազմերում: Արտաքին քաղաքականության մեջ նա «կոշտ գծի» կողմնակից է՝ Իրանի, Ռուսաստանի, Միջին Արեւելքի եւ այլ հարցերում: Հիշո՞ւմ եք, 2018 թվականի հոկտեմբերին նա եկել էր Հայաստան՝ իրեն չափազանց հուզող «իրանական թեմայով»:

Բայց Բոլթոնի պահպանողականության կամ, եթե ուզում եք, իմպերիալիզմի մեջ, բացակայում էր էթիկական, կրոնական բաղադրիչը: Գոյություն ունի մեկ այլ տեսակետ, համաձայն որի՝ եթե դու «իսկական», արմատական իմպերիալիստ ես, ապա նախ՝ պետք է պահպանողական լինես ներքին կյանքում, դառնաս բարոյական հեղինակություն բոլոր հարցերում: Միայն այդ պարագայում դու կարող ես հավակնել համաշխարհային կամ տարածաշրջանային հեգեմոնի դերին: Եվ այդպիսին է ամերիկյան քաղաքականության մեջ գերիշխող ուղղությունը՝ մասնավորապես, մեզ քաջ հայտնի Վուդրո Վիլսոնից սկսած մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Տեսնենք, օրինակ, թե ինչ էր ասում Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 1939 թվականի հունվարի 4-ին՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր ելույթում. «Կրոնը, որը կարգավորում է մարդու հարաբերությունները Աստծո հետ, մարդուն տալիս է սեփական արժանապատվության զգացողություն եւ սովորեցնում նրան ինքնահարգանքի՝ ուրիշներին հարգելու միջոցով»:

Ահա այս ներքին էթիկական առանցքի շուրջ, ըստ Ռուզվելտի, կառուցվում է արտաքին քաղաքականությունը: «Մենք գիտենք, – շարունակում է ԱՄՆ 32-րդ նախագահը, – որ աշխարհի ԱՍՏՎԱԾԱՎԱԽ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (God-fearing democracies, ընդգծումն իմն է – Ա.Ա.), որոնք այլ երկրների հետ հարաբերություններում պահպանում են պայմանագրերի սրբությունը եւ բարեխղճությունը, չեն կարող անտարբեր լինել միջազգային անօրինականությունների նկատմամբ՝ որտեղ էլ դրանք տեղի ունենան»:

Ռուզվելտն, ըստ ամենայնի, դեմ չէր լինի քաղաքական փիլիսոփայության մեջ օգտագործել «ապաշխարանք» հասկացությունը, որովհետեւ առանց ապաշխարելու հնարավոր չէ հավատալ եւ աստվածավախ լինել:

Բայց 1945 թվականից հետո աշխարհը փոխվել է եւ, մասնավորապես, Միացյալ Նահանգներում հավատքը, կրոնը աստիճանաբար դուրս են մղվել քաղաքականությունից, մշակույթից, կրթությունից՝ որպես չափազանց «ոչ պոլիտկոռեկտ» երեւույթներ: Սկսվեց, այսպես կոչված, «դեմիֆականացման» («ապամիֆականացման») դարաշրջան: Ասում եմ՝ «այսպես կոչված», որովհետեւ իրականում ինչ-որ բաներ «դեմիֆականցվում» են, իսկ ինչ-որ բաներ՝ հակառակը՝ միֆականացվում: Վերջինիս շարքում են ազատականությունը, անհատական ազատությունը, մարդու իրավունքները եւ ինքը՝ «պոլիտկոռեկտությունը»: 2020 թվականին Փրինսթոնի համալսարանը որոշել է հանել Վուդրո Վիլսոնի անունը հասարակական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի անվանումից՝ այդ նախագահի «ռասիստական հայացքների եւ քաղաքականության պատճառով»: Դա «պոլիտկոռեկտության» լիակատար հաղթանակն էր մի մարդու նկատմամբ, որը կայացրել էր Փրինսթոնը՝ որպես միջազգային առաջատար համալսարան:

Ըստ Հազոնիի՝ լիբերալիզմի հաղթարշավը, որի վերջին փուլը սկսվել էր 1990 թվականին, ավարտվեց 30 տարի հետո, երբ ազատականությունը փոխարինվեց ծայրահեղ ձախ, փիլիսոփայի ձեւակերպմամբ՝ «նեոմարքսիստական» հոսանքով, որը ենթադրում է համատարած անհավատություն եւ ցինիզմ:

…2020 թվականին մենք անսացինք Արեւմուտքի կոչերին՝ «դեմիֆականացնել» Արցախի հարցը, Հայ առաքելական եկեղեցու ուսմունքը, «Հայրենիք» հասկացությունը, Անխախության հռչակագիրը, Մասիս սարը: Առայժմ դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930