Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագծերը» փոխարինվել են «ռազմավարությամբ»

Նոյեմբեր 29,2023 10:00

Ինչպես հայտնի է` բացասական փոփոխությունները կուտակվում են դանդաղ, որից հետո տեղի է ունենում պայթյուն եւ սրընթաց գահավիժում: Դիալեկտիկայի հայտնի օրենքով՝ քանակը վերածվում է որակի: Տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհը, եւ մեր դժբախտությունները որոշ առումով կարելի է դիտել որպես ընդհանուր գահավիժման մի մաս:

Ի՞նչ է նշանակում «հին աշխարհակարգի» փլուզում: Դա ունի իր կոնկրետ արտահայտությունները՝ որոշակի իրադարձություններ այդ տեսանկյունից հանգրվանային են: 1990-ին միայն թվում էր, որ նոր աշխարհակարգը կայուն ու երկարատեւ բնույթ է ունենալու: Ամեն ինչ փոխվեց եւ ձեռք բերեց տուրբուլենտ վիճակ շատ արագ: Թե ե՞րբ կոնկրետ դա տեղի ունեցավ՝ Բալկանյան պատերազմից եւ Հարավսլավիայի փլուզումից, ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից, Պուտինի «Մյունխենյան ճառից», 2008-ի ռուս-վրացական, 2014-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո՝ դժվար է ասել. հավանաբար, որեւէ կոնկրետ տարեթիվ նշելը սխալ կլինի: Նույնքան սխալ է՝ գաղափարախոսական կամ այլ նախասիրություններից ելնելով՝ «մեղավորներ նշանակելը»՝ ներկայացնելով մի կողմին որպես վեհության եւ բյուրեղապակյա ազնվության, իսկ մյուս կողմին՝ որպես նենգության ու չարիքի մարմնավորում: Գավառամիտ մտածողությունը, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, հենց դրանով է զբաղված:

Կարելի է պարզապես արձանագրել, որ երկուստեք տեղի է ունեցել քաղաքական տրամաբանության փոփոխություն՝ շահերի հավասարակշռումից դեպի ռազմավարություն, որը ենթադրում է «խաղ զրոյական արդյունքով»: Մինչեւ որոշ պահը կողմերը, աշխարհի հիմնական խաղացողները իրականացնում էին «նախագծեր», այժմ նրանք անցել են բացահայտ պայքարի: Մասնավորապես, առաջ լռելյայն համաձայնություն կար, որ, բացի Բալթյան երկրներից, նախկին խորհրդային տարածքում խաղաղության եւ անվտանգության հիմնական երաշխավորը Ռուսաստանն է:

Բանակա՞ն է, արդյոք, ամբողջությամբ մերժել այդ դերակատարությունը, օրինակ, Տաջիկստան -Աֆղանստան սահմանին: Չեմ կարծում: Դա, ի վերջո, կարող է հավելյալ խնդիր առաջացնել հենց Միացյալ Նահանգների համար: Բայց Հարավային Կովկասում, այո, կայունություն ստեղծող շահերի հավասարակշռություն գոյություն չունի: Պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ Թուրքիայի գերակտիվությունը եւ Հայաստանի իշխանությունների անհեռատեսությունը: Բայց, կարծում եմ, իրատեսական չէ նաեւ ակնկալել, որ Ռուսաստանի դերն այստեղ ամբողջությամբ ստանձնելու է ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն:

Այս պայմաններում խոսել «խաղաղության խաչմերուկի» մասին, մեղմ ասած, ոչ հասուն մտածողության դրսեւորում է: Նման խաչմերուկներ կարող են լինել միայն խաղի հստակ, բոլորի կողմից ընդունված կանոնների դեպքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930