Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճանաչել «թշնամուն», ստեղծել «զենքեր» ու գրոհել և հաճախ անել այդ ամենը բոլորովին աննկատ․ իսկ ի՞նչ կարող ենք անել մենք՝ իմունիտետի համար

Նոյեմբեր 29,2023 09:30

Իմունային համակարգը միասին աշխատող հատուկ բջիջների, սպիտակուցների, հյուսվածքների և օրգանների ցանց է, որը կոչված է պաշտպանելու օրգանիզմն ախտածիններից, հիվանդություններից ու այլ պոտենցիալ վնասատուներից։ Իմունային համակարգի հիմնական բաղադրամասերն են ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները, նշիկները։ Երբ իմունային համակարգը ճիշտ է աշխատում, այն հայտնաբերում է տարատեսակ սպառնալիքները, ինչպիսիք են բակտերիաները, վիրուսներն ու մակաբույծները և սկսում է իմունային պատասխան ձևավորել՝ դրանց վերացնելու համար։

Մեր իմունային համակարգը պայմանականորեն կարելի է  բաժանել 2 մասի՝ բնածին ու ադապտիվ՝ ձեռքբերովի։

Բնածին իմունիտետը բնական այն պաշտպանությունն է, որը ծնվում է մեզ հետ․ այն, այսպես ասած, անտիգենի դեմ պաշտպանության առաջնագիծն է, որն արագ արձագանքում է՝ անտիգենին վերացնելու համար լրացուցիչ լորձ արտադրելով կամ էլ օրգանիզմի ջերմությունը բարձրացնելով։

Ադապտիվ իմունիտետն այն պաշտպանությունն է, որը մենք ձեռք ենք բերում մեր կյանքի ընթացքում՝ ենթարկվելով հիվանդությունների ազդեցությանը կամ պատվաստվելով դրանց դեմ։ Ձեռքբերովի համակարգը հայտնաբերում է «թշնամուն» և նրա դեմ հատուկ զենք արտադրում՝ հակամարմիններ, որոնք անհրաժեշտ են վնասատուին ոչնչացնելու համար։

Ձեռքբերովի համակարգին կարող է 5-10 օր պետք գալ անհրաժեշտ հակամարմինները ստեղծելու և բավարար քանակությամբ ախտածինների վրա գրոհելու համար։ Այդ ընթացքում բնածին համակարգը փորձում է դիմադրել վնասատուին՝ կանխելով դրա բազմացումը։

Թույլ իմունային համակարգ․ իմունային խանգարումներ

Շատերի մոտ իմունային համակարգը լավ է աշխատում և կողմնակի աջակցության կարիք չի ունենում։ Սակայն որոշ հանգամանքներ կարող են իմունային համակարգի ակտիվության գերազանցման կամ թուլացման պատճառ դառնալ։

Առաջնային իմունապակասուրդները սովորաբար լինում են ի ծնե՝ իմունային համակարգի որոշակի հատվածների բացակայության պատճառով։

Երկրորդային իմունապակասուրդները ձեռքբերովի են, կարող են զարգանալ շրջակա միջավայրի ազդեցությամբ, մեկ այլ հիվանդության դեպքում կամ դրա բուժման հետևանքով և այլն։ Երկրորդային իմունապակասուրդներ կարող են առաջանալ ՄԻԱՎ-ի, վնասվածքների, թերսնման, քիմիաթերապիայի և այլ պատճառներով։

Գերսուր ռեակցիաները՝ ալերգիան, ասթման զարգանում են, երբ օրգանիզմը սկսում է արձագանքել այն նյութերին, որոնք վնասակար չեն։

Աուտոիմունային հիվանդությունների դեպքում սովորաբար օրգանիզմը գրոհում է սեփական բջիջների ու հյուսվածքների վրա։ Այդպիսիք են գայլախտը, ռևմատոիդ արթրիտը, աղիների բորբոքային հիվանդությունը, ցրված սկլերոզը, 1-ին տիպի դիաբետը և այլն։

Աուտոբորբոքային հիվանդությունների զարգացման հիմքը բնական իմունային համակարգի գերակտիվացումն է: Սրանցից է, օրինակ, պարբերական հիվանդությունը։

Իմունային արձագանքի վրա ազդող գործոն են նար հետփոխպատվաստումային (հետտրանսպլանտացիոն) ռեակցիաները։

Կենսակերպի ազդեցությունն իմունային համակարգի վրա

Իմունային պատասխանի հետ կապված շատ հարցեր դեռևս անպատասխան են, բայց մի բան միանշանակ է՝ համակարգի լավ աշխատանքի համար ներդաշնակություն  ու հավասարակշռություն է հարկավոր, բայց այստեղ չկան հստակ բանաձևեր, թեև հետազոտողները, ուսումնասիրելով մի շարք գործոնների և իմունային արձագանքի կապը, նշում են, որ լավագույնը, որ մարդը կարող է անել իր իմունային համակարգի ամրապնդման համար, առողջ ապրելակերպի կանոններին հետևելն է։ Առողջ ապրելակերպը ենթադրում է հետևյալ բաղադրամասերը՝

  • Սննդակարգը, որը հարուստ է մրգերով ու բանջարեղենով,
  • ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը,
  • առողջ քաշի պահպանումը,
  • ծխելուց հրաժարվելը,
  • ալկոհոլի չափավոր օգտագործումը,
  • քնի լավ որակը,
  • ընդհանուր, մասնավորապես ձեռքերի հիգիենայի պահպանումը,
  • սթրեսի նվազեցումը։

Սննդակարգը և իմունային համակարգը

A, C և D վիտամինները, ինչպես նաև հանքանյութերը, մասնավորապես ցինկը, կարևոր դեր ունեն իմունային համակարգի աշխատանքում։ Հայտնի է, որ թերսնուցումով տառապող բնակչությունն ավելի խոցելի է վարակների նկատմամբ, ինչը վկայում է սննդանյութերի դերի մասին։ Օրինակ՝ պարզվել է, որ ցինկի դեֆիցիտը նպաստում է քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, իմունային համակարգի՝ հակաբորբոքային արձագանքի թուլացմանը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ն ակտիվացնում է Т-բջիջները, որոնք կարող են ճանաչել ու գրոհել քաղցկեղի բջիջները՝ այդպիսով գործելով հակաքաղցկեղային ազդեցություն։

Վիտամին D-ի հավելումները կապվում են իմունային համակարգի վարքագծի փոփոխությունների հետ։ Օրինակ՝ հղիության ընթացքում, երբ իմունային համակարգը մշտական փոփոխման մեջ է, վիտամին D-ի ընդունումը կարող է պաշտպանել նորածնին շնչառական վարակներից ու ասթմայից։ Տարեց մարդկանց շրջանում նույնպես վիտամին D-ն շնչառական հիվանդություններից պաշտպանող ազդեցություն է ցուցաբերել։

Հետազոտողներին նաև հետաքրքրել է, թե ինչպես են որոշակի մթերքներն ազդում իմունային պատասխանի վրա։

Ինչպես պարզվել է, լուծվող մանրաթելերը հակաբորբոքային ազդեցություն են գործում, պտերոստիլբենն ու ռեսվերատրոլը, որոնցով հարուստ են հապալան ու կարմիր խաղողը, նպաստում են մարդու հակամիկրոբային պեպտիդի գենի ակտիվացմանը․ այդ գենը (CAMP) կենսականորեն կարևոր է բնածին իմունիտետի համար։

Պրոբիոտիկները հակազդում են հակաբիոտիկների կողմնակի ազդեցություններին՝ օգնելով իմունային համակարգին նոր վարակների դեմ պայքարելու հարցում։

Ձկան յուղը B- բջիջներն ակտիվացնող ազդեցություն ունի, որը հատկապես կարևոր է թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։

Քրքումի բաղադրամաս հանդիսացող կուրկումինն օգնում է իմունային համակարգին կանխել գլխուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցների կուտակումները, որոնք կապվում են Ալցհայմերի հիվանդության հետ։

Հետազոտողները ենթադրում են, որ երկարատև անառողջ սննդի օգտագործման պատճառով օրգանիզմը պաշտպանող ուժերն ավելի ագրեսիվ են դառնում, ինչը նպաստում է այնպիսի հիվանդույթունների զարգացմանը, ինչպիսիք աթերոսկլերոզն ու դիաբետն են։

Ֆիզիկական վարժություններն ու իմունային համակարգը

Ինչպես և առողջ սննդակարգը, այնպես էլ ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը նպաստում է ընդհանուր առողջությանը, այդ թվում՝ իմունային համակարգի կանոնավոր աշխատանքին։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ ընդամենը 20 րոպե մարզվելը խթանում է իմունային համակարգը՝ առաջացնելով հակաբորբոքային բջջային ռեակցիա։

Այս բացահայտումը հուսադրող է այն մարդկանց համար, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն, օրինակ՝ արթրիտ, ֆիբրոմիալգիա, ճարպակալում և այլն։

Իմունային պատասխանի վրա ազդող այլ գործոնները

  • Քրոնիկ անքնությունը նվազեցնում է իմունային պատասխանի ակտիվությունն ու լեյկոցիտների շրջանառությունը։
  • Ապացուցված է, որ արևի չափավոր ազդեցությունը օգտակար է իմունային համակարգի համար։ Պարզվել է, որ արևի ճառագայթների կապույտ լույսի շնորհիվ T-բջիջներն ավելի արագ են շարժվում՝ ավելի շուտ հասնելով անտիգենին։
  • Սթրեսի նվազեցումը ևս խթանում է իմունային գործառույթը։
  • Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրական սպասելիքները բարձրացնում են էնդորֆինների մակարդակը՝ նպաստելով օրգանիզմի ռելաքսիացիային։
  • Մենակությունը կարող է բացասաբար ազդել իմունային համակարգի վրա, ինչը պարզվել է հետազոտություններով․ միայնակ տարեց մարդկանց շրջանում սթրեսին ի պատասխան ավելի շատ են արտադրվում սպիտակուցներ, որոնք կապվում են բորբոքման հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ ԵՊԲՀ, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն, Իմունային համակարգի ախտաֆիզիոլոգիա, ԸԲՖ և ՌԲՖ, 2020թ․, Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930