Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհաբերվում են Հայաստանի շահերը՝ երաշխավորելու համար տարածաշրջանի նոր կոնֆիգուրացիայի կայունությունը»․ Լիլիթ Գեւորգյան

Նոյեմբեր 28,2023 22:44

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի կազմակերպած «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական եւ պաշտպանական ուղեծիրը» թեմայով քննարկման ժամանակ Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ կարող է տալ Արեւմուտքը Հայաստանին։

«Եթե Հայաստանը կատարում է իր տնային աշխատանքը եւ մտածում է, որ եվրասիականությունը լավագույնն է անվտանգության մասով, արժեքների մասով, շատ լավ, դա Հայաստանի ընտրությունն է։ Պատճառը, թե ինչո՞ւ է անընդհատ առաջանում ձախողումների խնդիրը, դա նրա հետ է կապվում, որ կամ տնային աշխատանքը լավ չի արվել, կամ հաշվարկներ չեն արվել։ Կարեւոր հարց է, թե իրականում ի՞նչ է ձգտում ստանալ Հայաստանն Արեւմուտքից։ Կա՞ արդյոք ուսումնասիրություն, թե իրականում ինչպիսի օգուտ եւ ձեռքբերումներ կստանա Հայաստանը կամ չի ստանա Արեւմուտքի հետ համագործակցելուց։

Հարցը, թե Արեւմուտքն ի՞նչ  է առաջարկում Հայաստանին, արդեն ցույց է տալիս, որ չկա ընկալում, թե Արեւմուտքն ինչպես է աշխատում, որովհետեւ նրանք չեն գալիս առաջարկով, դուք եք ձեւակերպում, թե ինչ եք ուզում։ Եվ դուք գնում ու ստանում եք դա։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ այսպես է աշխատում։ Հայաստանը պետք է գնահատի իր սեփական կարողությունները, ձեւակերպի իր ամբիցիաներն ու նպատակները եւ փորձի հետամուտ լինել դրանց»,- ասաց նա։

Լիլիթ Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանի՝ որպես պետություն, հետաքրքրությունն ու շահն ավելի շատ համահունչ է արեւմտյան մոտեցումներին։ «Ես անգամ չէի խոսի Եվրամիության մասին, կխոսեի ավելի հստակ երկրների մասին, որոնք կարող են պիտանի լինել Հայաստանի կարողությունների զարգացման համատեքստում»,- հավելեց նա։

Լիլիթ Գեւորգյանն իր խոսքում նաեւ անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին։ «Եկեք նայենք 2020 թվականի պատերազմին դասական ինտեգրման ֆոնի ներքո նայենք։ 2020 թվականի պատերազմը տարածաշրջանի եվրասիականության ռազմական բաղադրիչն էր։ Այսինքն՝ Հարավային Կովկասում մենք տեսնում ենք տնտեսական, ռազմական եւ էներգետիկ շահերի համատեղում հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ է պատճառը, որ երբ պատերազմն սկսվեց, մենք տեսանք, որ Ռուսաստանը եզերքում մնաց եւ սպասեց, թե երբ պետք է ինքը մտներ խաղի մեջ։ Այդ է պատճառը, որ երբ պատերազմն ավարտվեց եւ հրադադար կնքվեց, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ձեւավորվեց, որը հաղորդակցությունների ապաշրջափակման եւ Ռուսաստանի ՖՍԲ-ի կողմից այդ հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության մասին է։ Եթե դու ավարտում եմ պատերազմը, եթե դա է քո նպատակը, դու այդպիսի երկարաժամկետ ռազմավարական կետ չես մտցնի հայտարարության մեջ։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ նախքան պատերազմը քննարկվել է տարածաշրջանի վերաձեւավորման հարցը»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ քայլեր են արվել, որպեսզի արեւմտյան միջնորդությունը տարածաշրջանի հակամարտություններին բացառվի, եւ հիմնական տնտեսական ու էներգետիկ հաղորդուղիների նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի տարածաշրջանի երկրների մենաշնորհը։ «Հայաստանի իշխանությունը շատ քիչ տատանումներից հետո միացավ սրան։ Վտանգը Հայաստանը համար այն է, որ տարածաշրջանային կոնսենսուս կա, որ այդ ծրագրերը կարող են լինել Հայաստանի հաշվին։ Կլինի դա ԼՂ հակամարտությունը, որը Ռուսաստանի մասնակցությամբ լուծվեց Ադրբեջանի օգտին, կլինի դա այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքը, որի նպատակը հետապնդում են Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի շահերն են զոհաբերվում՝ երաշխավորելու համար այս նոր կոնֆիգուրացիայի կայունությունը»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930