Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունները ակտիվ են հատկապես Հայաստանում և Ղրղըզստանում. Սերգեյ Լավրով

Նոյեմբեր 28,2023 22:22

«Հետգլոբալիզացիայի հորիզոնների» ուրվագծմամբ ու քննարկմամբ Մոսկվայում անցկացվեց «Պրիմակովյան ընթերցումներ» հերթական ֆորումը։ Տասներորդ անգամ անցկացվող հեղինակավոր դիվանագիտական այդ ֆորումին այս տարի հյուրընկալվել էր 50-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյա՝ 26 երկրից, այդ թվում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Ֆորումին ներկա մասնակիցները, ինչպես իր ողջունի խոսքում կարծիք հայտնեց ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, այս տարի մտորելու և բանավիճելու բավարար առիթներ ունեին՝ հաշվի առնելով ներկայիս ծայրահեղ բարդ ու երերուն միջազգային իրավիճակը աշխարհում։

«Այս տարվա ֆորումի թեման՝ «Հետգլոբալիազացիայի հորիզոնները» շատ ակտուալ է։ Ակնհայտ է, որ գլոբալիզացիայի մոդելը, որը հիմնականում ձևավորվել է արևմտյան պետությունների կողմից՝ բնականաբար հիմքում ունենալով սեփական հետաքրքրությունները, սպառել է իրեն և գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Ներկա պահին տեղի է ունենում միջազգային հարաբերությունների նոր՝ առավել արդարամիտ և դեմոկրատ համակարգի ձևավորում, որը համապատասխանելու է համաշխարհային մեծամասնության պահանջներին»,- ներկաներին ուղղված ողջունի իր խոսքում ընդգծեց ՌԴ նախագահ Վ․ Պուտինը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծավալուն ելույթի հիմքում նույնպես, նախագահ Պուտինի մատնանշած՝ աշխարհաքաղաքական ճգնաժամին վերաբերող մտահոգությունն էր։ Արևմուտքը, ըստ ՌԴ արտգործնախարարի, ձևավորել է կառավարման միաբևեռ մոդել և տարատեսակ մեթոդների օգնությամբ, որոնցից մեկն էլ ոչ կառավարական, հասարակական կազմակերպություններն են, երրորդ երկրներ՝ այդ թվում Հայաստան է ներմուծում իր միաբևեռ գաղափարախոսությունը։

«Ամերիկացիները ամբողջ աշխարհով մեկ հիմնել են հազարավոր ոչ կառավարական կազմակերպություններ։ Դրանցից շատերը գործունեություն են իրականացնում հետսովետական տարածքում՝ հատկապես Հայաստանում և Ղրղըզստանում։ Ակտիվ գործընթաց է գնում նման կազմակերպություններն այլ՝ կենտրոնասիական երկրներ ներմուծելու ուղղությամբ։ Ուկրաինայի մասին խոսելն ավելորդ է։ Այդ կազմակերպությունները գործում էին նաև Բելառուսում, սակայն, երբ 2020 թվականի օգոստոսին ակնհայտ դարձավ, թե ինչ դեր են խաղում դրանք երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու մեջ, ապա դրանց թիվը կտրուկ նվազեց»,- լսարանի հետ հարց ու պատասխանի ընթացքում մատնանշեց ՌԴ արտգործնախարար Լավրովը։

Ըստ նրա, այդ կազմակերպությունները անվանել ոչ կառավարական այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանք 90%-ով ֆինանսավորվում են պետության կողմից։

«Ուսումնասիրեք ԱՄՆ-ի բոլոր առանցքային կառույցները, ֆոնդերն ու ազգային դեմոկրատական միջազգային ինստիտուտները։ Դրանք բյուջետային գումարներ են կամ այլ խողովակների միջոցով փոխանցվող, բայց կրկին բյուջետային ֆինանսական միջոցներ։ Այդ կազմակերպությունները առաջ են տանում «մեկ կուսակցության» գիծ՝ անկախ նրանից, թե իրականում որ կուսակցությունն է (դեմոկրատներ, թե հանրապետականներ) իշխանության Վաշինգտոնում։ Այդ գիծը կայանում է նրանում, որպեսզի անմիջական կերպով կարողանան ազդել այլ երկրների ներքաղաքական գործընթացների վրա»,- համոզմունք հայտնեց նախարար Լավրովը։

Ֆորումում ընթացող քննարկումների արդյունքում կենտրոնական հանդիսացավ այն միտքը, որ միջազգային հարաբերությունների հիմքում դրված արժեքային համակարգերի երբեմնի կայունությունն այսօր ենթարկվում է լուրջ փորձությունների։ Այդ փորձությունների շարքում կարևորներից մեկն է աշխարհակարգի բազմաբևեռության ապահովման հաջողված ելքը։ Գործընթացը համակարգային է և լայնածավալ։ Այն սկսվել է ոչ երեկ և կզբաղեցնի զգալի ժամանակ, նույնիսկ պատմական չափորոշիչներով, սակայն նոր աշխարհակարգի ուրվագծերը արդեն տեսանելի են և հուսադրող՝ հույս հայտնեց ֆորումում աշխատող միջազգային դիվանագիտական մտքը։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930