Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի ձգտես խաղաղության, պետք է ունենաս ռազմավարություն եւ գործիքակազմ, ՀՀ իշխանությունները միակողմանի զիջումներ են անում»․ Էդուարդ Աբրահամյան

Նոյեմբեր 28,2023 21:55

«Հայաստանի իշխանության բացատրությունը, որ՝ մեր նպատակը խաղաղությունն է, հակագիտական է մի շատ պարզ պատճառով՝ որպեսզի ձգտես խաղաղության, դու պետք է ունենաս համապատասխան ռազմավարություն եւ գործիքակազմ»,- այս մասին Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի կազմակերպած «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական եւ պաշտպանական ուղեծիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը օդից չի ընկնում, հենց այնպես չի տրվում։

«Հիմա եթե հարցնենք ադրբեջանական կողմին, իրենք կասեն՝ մենք խաղաղություն ենք բերում մեր ժողովրդին ուժի միջոցով։ Իրենք էլ են խաղաղություն բերում իրենց ժողովրդին, բայց ուժի միջոցով ու Հայաստանի հաշվին։ ՀՀ իշխանությունների այս տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է, ես տեսնում եմ, որ խաղաղությունը ինքնանպատակ երեւույթ չէ։ Խաղաղությունը փոփոխական է, տարբեր երկրներ դա ընկալում են տարբեր կերպ։ Եթե դու ունես տարածաշրջանում որեւէ դերակատարություն ստանձնելու առաքելություն, ցանկություն, քաղաքական համապատասխան աշխարհընկալում ու ամբիցիա, այդ դեպքում խաղաղությունը ինքնին քո շուրջը ձեւավորվող երևույթ է։ Դրա համար, եթե ուզում ես խաղաղություն, նախ պետք է ուժային, քաղաքական, տնտեսական, անվտանգային ասիմետրիաներ հռչակես, ինչը ես չեմ տեսնում։ Ես տեսնում եմ անդադար իրավունքների զիջում։ Եթե դու զիջում ես մեկ բան, ավելի ես թուլանում, Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացնում։ Մի քանի օր առաջ իշխանությունները նոր զիջում արեցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «անկլավները» չեն մտնում 28 900 քկմ տարածքի մեջ։ Դրանով իրավունք տվեց Ադրբեջանին համապատասխան գործողություններ իրականացնել դրա շուրջ, գոնե ձեւակերպել պահանջ ու ժամկետներ, թե՝ ե՞րբ եք դուք այդ «անկլավները» հանձնելու։ Բոլորն են ուզում խաղաղություն, չկա երկիր, որը չի ուզում խաղաղություն։ Մի ձեւակերպում կա, ասում են՝ ագրեսորն ամենախաղաղասեր երկիրն է, որովհետեւ ինքն ամեն ինչ ուզում է անել, որ դու պարտվես առանց դիմադրելու, որպեսզի խաղաղ կերպով կատարես իր ցանկություններն ու պահանջները։ Խաղաղությունը դարձնել օրակարգ, ճիշտ չէ, հարաբերական խաղաղությունը պահում են, երբ կա ուժային բալանս, աշխարհագրական վերահսկման տարածաշրջանային բալանս։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994-2020 թվականներին այդ բալանսը խախտված էր, խախտված վիճակում խաղաղությունն ադրբեջանցիների համար այլ կերպ է ընկալվում, հայերի համար՝ այլ կերպ։ Ես չեմ հասկանում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, որովհետեւ սա չի բերում խաղաղության»,- ասաց մասնագետը։

Էդուարդ Աբրահամյանը հավելեց, որ 2020 թվականից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանի քաղաքական ու ռազմական նպատակն էր հայկական զինված ուժերը հասցնել այն կետին, որ նրանք կամ զինաթափվեն, կամ չունենան ռազմատեխնիկական հնարավորություններ՝ շարունակելու պատերազմը։ «Ադրբեջանի 2022 թվականի հարձակումը բացատրվում էր նրանով, որ պատերազմի քաղաքական նպատակը դեռ չէր լուծվել, որը լուծվեց Ադրբեջանի կողմից։ Դա այն է, որ Հայաստանը պետք է հրաժարվի քաղաքական դիմադրություն ցույց տալուց։ Եվ 2022 թվականի պատերազմի հետեւանքը եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։ Այսինքն՝ առաջին անգամ անկախությունից ի վեր տեղի է ունենում երկու առանձնահատուկ իրադարձություն։ Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո դառնում է Ադրբեջանի մաս, եւ առաջին անգամ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել Արցախը միջազգային հարթակներում։ Այսինքն՝ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը չի հանդիսանում վիճարկվող։ Եվ այսպիսով, Ադրբեջանի 2022 թվականի հարձակումն ու դրա հետեւանքը կարելի է ընկալել պատերազմի քաղաքական նպատակին հասնելու տրամաբանության մեջ»,- ասաց նա։

Էդուարդ Աբրահամյանը հավելեց, որ Հայաստանն այսօր կորցնում է իր մոտիվացիան՝ գնալով միակողմանի զիջումների։ Եվ ձեւավորվում է նոր իրողություն, որը, փորձագետի խոսքով, հետեւյալն է՝ Ադրբեջանի առաջ քաշած «խաղաղության օրակարգը» ենթադրում է Հայաստանի դեմ վարվող պատերազմի ոչ ռազմական միջոցների ձեւավորում։

«Այստեղ իմաստ ունի շեշտել, որ Իլհամ Ալիեւի առաջարկած «խաղաղության պայմանագրի» քաղաքական նպատակը Մինսկի խմբի գործունեության լեգիտիմությունը չեզոքացնելն է։ Հայաստանը դրան համաձայնել է։ Ադրբեջանական կողմն առաջարկում է սահմանազատում-սահմանագծում սովետական սահմանների տրամաբանությամբ, ինչին Հայաստանը համաձայնում է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը, հեռանալով իր մոտիվացիայից, միակողմանի գնաց զիջումների, կրելով ռազմական ու գաղափարական պարտություն։ Հայաստանի գաղափարախոսությունը նույնպես պարտության ճանապարհով տարվեց, փորձ չարվեց գոնե պահպանել հայկական իրավունքների ձեւակերպումը։

Չպահպանվեց հայկական իրավունքների նարատիվը, առ այն, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ եղել է ագրեսիա։ Ստացվում է, որ Խորհրդային միության այն սահմանները, որոնք մենք այսօրվա դրությամբ ունենք, դրանք լեգիտիմ են, որ բոլշեւիկյան իշխանությունների՝ անօրինական ու օկուպացիոն ռեժիմի կողմից գծված սահմանագծումները Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է արդար, լեգիտիմ ու կայացած իրողություն, ոչ վիճարկելի»,- ասաց նա։

Էդուարդ Աբրահամյանը հարց ուղղեց Հայաստանի իշխանություններին․ «ՀՀ իշխանությունները, Հայաստանի հանրությունն արդյոք ընկալո՞ւմ են Հայաստանի ներքին մոտիվացիայի ձեւավորման կարեւորությունը՝ պաշտպանության ոլորտում, այլ ոլորտներում, Արցախի հարցում քաղաքական իրավունքների վերականգնման հարցը։ Արցախի խնդիրը հումանիտար չէ, դա նախ եւ առաջ քաղաքական իրավունքների, ինքնորոշման ֆունդամենտալ իրավունքն է, դրան տեր կանգնելն է։ Ինչպե՞ս իջեցնել Ադրբեջանի գերակայությունը, ինչպես սահմանափակել ու չեզոքացել այդ գերակայության օգտագործումն Ադրբեջանի կողմից։ Քանի դեռ այդ գերակայությունը կա, Հայաստանը մշտապես լինելու է լուրջ սպառնալիքի տակ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930