Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել

Նոյեմբեր 28,2023 21:44

Նոյեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Տիգրան Ավինյանի այն որոշումը, համաձայն որի՝ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն (Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց) կարող են մտնել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը:

Ոստիկանությունն այս կարգը խախտողներին կտուգանի 5.000 դրամով:

Քաղաքապետարանն այս քայլին գնացել է Երևանի կենտրոնն, իբր, բեռնաթափելու և խցանումների դեմն առնելու համար, սակայն արդյունքը զրոյական է կամ ավելի վատը: Փոխարենը կան դժգոհություններ և՛ տնտեսվարողներից, և՛ վարորդներից, քանզի տնտեսվարողների համար հսկայական խնդիրներ են առաջացել, իսկ խցանումներն առնվազն չեն պակասել, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելացել են: Ասել է թե՝ քաղաքապետարանը հոնքը սարքելու փոխարեն աչքն է հանել:

Այն, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափել և խցանումների դեմն առնել, երկրորդ կարծիք չկա: Բայց դա համալիր լուծում է պահանջում: Ինչպես որ միայն ավտոբուսներ գնելով տրանսպորտային խնդիրը չի լուծվի, այնպես էլ բեռնատարների մուտքը Երևանի կենտրոն որոշակի ժամերի արգելելով խցանման հարցը չի լուծվի:

«Մայր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տնտեսվարողներից, ովքեր հիմնավոր փաստարկներ են ներկայացնում ժամային սահմանափակումների ու հապճեպ կայացրած որոշման դեմ:

Մեր դաշինքը նախընտրական փուլում խոսել է մայրաքաղաքում բեռնատարների ժամային կարգավորումների մասին, բայց մենք առաջարկում էինք նախ լուծել վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղիների խնդիրը, կարգավորել լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հարցերը, ապա նոր միայն անցնել խցանման դեմ իրականացվող մյուս միջոցառումներին:

Բիզնես դաշտին պետք է տալ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան բեռնատար ավտոպարկերը թարմացնել: Ցանկացած նմանատիպ որոշում պետք է կայացնել տնտեսվարողների հետ քննարկումների ու ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ հիմա տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները, բարձրանում է միավոր ապրանքի ինքնարժեքը, տուժում է սպառողը, խցանումներն էլ պակասելու փոխարեն ավելանում են:

Մենք առաջարկում ենք՝

– վերանայել ժամային սահմանափակումներ նախատեսող քաղաքապետարանի որոշումը՝ վերադառնալով մինչև նոյեմբերի 13-ը գործող կարգին կամ կրճատել ժամային սահմանափակումները (օրինակ՝ թույլ տալ բեռնատարներին Կենտրոնի նշյալ փողոցներ մուտք գործել նաև ժամը 12:00-ից մինչև 16:00), մինչև շահագրգիռ կողմերի հետ քննարկումներով օպտիմալ որոշում կայացնելը,

– չեղարկել ոստիկանության կողմից կիրառված վարչական տուգանքները բեռնատարների վարորդների նկատմամբ:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930