Մաշտոցի պուրակում շարունակվում են «Զանգ» շարժման բողոքի եւ իրազեկման միջոցառումները։ Նախաձեռնության մասնակիցները վրանով եւ զանգեր հնչեցնելով երթ սկսեցին մայրաքաղաքի փողոցներում։
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը հայտնեց, որ ստացել են ՄԻՊ պատասխանը վրանների տեղադրման հետ կապված վարույթի վերաբերյալ, ընդ որում նախաձեռնության անդամները դեռ օգոստոսի 16-ից են ահազանգում, նամակներ ուղարկում, որ իրենց նկատմամբ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողություններ է իրականացնում։
Նահապետյանը մեջ բերեց ՄԻՊ պատասխանից հատված, որտեղ նշվում է․«Վերջին շրջանում ՄԻՊ աշխատակազմը ստացել է բողոքներ եւ նամակներ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ։ Ահազանգերի մեծ մասը վերաբերել են հավաքների ընթացքում հավաքի մասնակիցների կողմից վրան տեղադրելու ՆԳՆ ոստիկանության ծառայողների թույլ չտալուն։ Նման բողոքներ են ներկայացրել հավաքի մասնակիցները ՄԻՊ-ի՝ ոստիկանության ստորաբաժանումների արագ արձագանքման այցերի շրջանակներում։ Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, հավաքի մասնակիցների նկատմամբ նախաձեռնվել են վարույթներ։ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային ակտերով կարեւորագույն հիմնական ակտերից է։ Այն իր մեջ ներառում է բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը։ Շինությունները կամ վրանները տեղադրելը կարող է սահմանափակվել բացառապես իրավական չափանիշների պահպանմամբ, մասնավորապես՝ նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով»։
Կարդացեք նաև
Նահապետյանն ասաց, որ իրենք վաղուց իրենց նկատմամբ ապօրինություն է կատարվում․ «ՄԻՊ պատասխանն այն է, ինչ հիսուն օրից ավելի է՝ կռիվ ենք անում, ասում՝ ցույց տվեք օրենք, որտեղ գրած է , որ վրան տեղադրել չի կարելի։ Մեզ ցույց էին տալիս ինչ որ մառոժնու ապարատ չտեղադրելու մասին իրավակարգավորում։
ՄԻՊ այս որոշումից բխում է, որ նախորդ փուլի հիսուն օրվա ու այս փուլի չորս օրերի ընթացքում մեզ հետ համապարփակ, խառը, տարբեր ձեւերի ապօրինություններ են տեղի ունենում ուղղակի մեր իրազեկման երթը ընդհատելու համար, հատուկ դիտավորությամբ։ Բացի այն, որ ինձ իրավախախտում են վերագրել ու բերման ենթարկել, ինձ մոտ չգտնվող բարձրախոսը դրել են մեքենայի մեջ ու առգրավման որոշման մեջ գրել են, որ այն ինձ մոտ է եղել ու դա իրավախախտման գործիք է։ Մինչդեռ դա այդպես չէ»։
Նահապետյանի խոսքով՝ ամբողջ գիշեր ոստիկանությունում նախաձեռնության անդամների համառ պայքարի արդյունքում բարձրախոսն իրենց մոտ․«Սա համարում եմ իրավական փոքր հաղթանակ»։
Թե ինչպիսին կլինի ոստիկանության վարքագիծը ՄԻՊ պատասխանից հետո, Նահապետյանն ասաց՝ ոստիկանությունը քաղաքական նպատակահարմարության շրջանակներում է գործում․«Չեմ կարող ասել, թե քաղաքական այդ կոնյուկտուրայի տրամաբանության մեջ ինչ գործողություններ կանի»։
Թե ինչ զարգացումների կարելի է սպասել, Նահապետյանն այս առնչությամբ ասաց, որ նախ կարեւոր է մարդկանց ակտիվ մասնակցությունը․«Գործի երեսուն տոկոսն արված է։ Մենք ձեւակերպել ենք պահանջ, ընդ որում ոչ ոք չի ժխտում, որ դա հորինած է, մեզ նման վտանգ չի սպառնում։ Այդ թվում կառավարական քարոզչությունը չի կարողանում հերքել, որ արեւմտյան Ադրբեջանի օրակարգը վտանգավոր է ու Հայաստանի գոյությանը սպառնացող օրակարգ է; Ոչ ոք չի կարող հերքել, որ Նիկոլ Փաշինյանն այնքան շատ է փոխել իր խոստումները, նահանջել կարմիր գծերից, խախտել պայմանավորվածությունները, որ առհասարակ չի կարող վստահություն լինել, որ նա դրան կդիմակայի։ Մենք ձեւավորել ենք մեր լեգիտիմ պահանջը»։
Հիշեցնենք, որ շարժման նպատակը իշխանափոխությունն է, ըստ շարժման անդամների հայտարարության համաձայն՝ անթույլատրելի է ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների եւ իրավունքների նկատմամբ վերաբերմունքը եւ Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը․« Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների»։
Այս պահին շարունակվում է շարժման իրազեկման երթը, որի ընթացքում նախաձեռնության անդամները հայտարարում են՝ մենք ահազանգ ենք հնչեցնում, որ մեր հայրենիքը փորձում են վերածել արեւմտյան Ադրբեջանի, մենք համաձայն չենք, մենք հնազանդ չենք, մենք Նիկոլ չենք, եւ չենք կարող դա թույլ տալ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ