Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ցանկությունն է, որ մեր զավակները մեծանան Աստծու խնամքի և սիրո ներքո, հաղորդ դառնան Տիրոջ պատվիրաններին ու պատգամներին». Ամենայն Հայոց Հայրապետ

Նոյեմբեր 28,2023 21:21

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների:

Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 թվականին նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի և աջակցությամբ ՀԲԸՄ նախագահ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի։

Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու արվեստների ու արհեստների, սպորտաձևերի և այլ մասնագիտական խմբակներին` ստանալով հիմնավոր կրթություն: Մասնավոր ուշադրություն է դարձվում սաների հոգևոր դաստիարակությանը և ազգային նկարագրի կերտմանը:

Հաջողություններ արձանագրած աշակերտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել ստանալու Նորին Սրբության օրհնությունը։

Հանդիպումը սկսվեց Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար  տիկին Լիաննա Առաքելյանի ողջույնի խոսքով: Վերջինս Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հայորդյաց տների արձանագրած հաջողությունները` մասնավորապես անդրադառնալով տարբեր ոլորտներում սաների նվաճումներին: Տիկին Առաքելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայորդյաց տների նկատմամբ դրսևորվող հայրական խնամքի ու հոգածության համար և ընդգծեց, որ կրթական այդ կենտրոնները՝ հաղթահարելով տարբեր դժվարություններ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը հայրենական կյանքում։

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը և շնորհավորանքներն փոխանցեց Հայորդյաց տների սաներին, մանկավարժներին ու տնօրեններին 2023 թվականի ընթացքում արձանագրված ձեռքբերումների և հաղթանակների առիթով:

Նորին Սրբությունը, անդրադառնալով Հայորդյաց տների կարևոր առաքելությանը, հաստատեց, որ Հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։

«Մեր ցանկությունն է, որ մեր զավակները մեծանան Աստծու խնամքի և սիրո ներքո, հաղորդ դառնան Տիրոջ պատվիրաններին ու պատգամներին, ապրեն այդ պատվիրանների համաձայն՝ դրանք կենսագործելով իրենց կյանքում, որպեսզի մեր ժողովրդի զավակների կյանքը լինի երջանիկ և օրհնյալ, ազգը՝ հզոր, կարող և միշտ առաջադեմ, ժամանակի ոգուն ու ընթացքներին համարժեք քայլող»,- ասաց Հայոց Հովվապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայորդյաց տները 30 տարի շարունակ իրագործում են այդ սրբազան առաքելությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով վերհիշեց Հայորդյաց տների հիմնադրման ակունքներում կանգնած ՀԲԸՄ նախագահ լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին, ում հովանավորությամբ կյանքի կոչվեց  ծրագիրը:

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանին, տնօրեն կազմին, մանկավարժներին նախանձախնդիր և ժրաջան աշխատանքի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթեց, որ Աստծո օրհնության ներքո սաները հասակ առնեն, զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930