Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում ենք ասել, որ քաղաքն ավելի հարուստ էր, երբ այնտեղ կային ու ստեղծագործում էին հայերը: Այո’, հայերը հարստացնում էին Բաքուն. Մարկ Գրիգորյան

Նոյեմբեր 28,2023 21:01

Հայերի բռնի գաղթն Ադրբեջանից սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից` Սումգայիթի ջարդերով, շարունակվել է Բաքվում, ապա` Ադրբեջանի այլ քաղաքներում: Այն ժամանակ, չունենալով միջազգային հանրության պատշաճ գնահատականը, Ադրբեջանի իշխանության` հայերի հանդեպ վարած էթնոֆոբ եւ ագրեսիվ քաղաքականությունը շարունակվել է մինչ օրս. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ:

«Վերջերս էլ Լեռնային Ղարաբաղից եղավ 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի գաղթ: Ադրբեջանում ծնված եւ ՀՀ տեղափոխված հայերի թիվն այս պահին գերազանցում է 500 հազարը, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանից գաղթած հայերի թիվը 800 հազարի է հասնում»,- հավելել է պատգամավորը: Նա նշել է, որ հանդես է գալիս ոչ միայն որպես ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Բաքվում ծնված, կյանքի վտանգի սպառնալիքով բռնի տեղահանված մարդ, այլ նաեւ որպես նորաստեղծ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության ՀԿ հիմնադիր եւ նախագահ:

Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսում որպես պատմամշակութային ժառանգության ապացույց ներկայացված են հայկական եկեղեցիները, նավթարդյունաբերողների, ճարտարապետների ու շինարարների անգնահատելի աշխատանքները:

«Հայերն ու ադրբեջանցիներն ապրել են կողք կողքի, երբ խաղաղություն  են ունեցել: Ցուցահանդեսի նկարների մեջ զետեղված շենքերն ապացույց եւ կոչ են խաղաղության հասնելու, կողք կողքի ապրելու համար քայլեր ձեռնարկելու մասին»,- շնորհավորելով պատգամավորին` նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը եւս կարեւոր է համարել այն փաստը, որ ճարտարապետներն ու մշակութային գործիչները Բաքվում իրենց մեծ ավանդն են ունեցել:

«Երբ խոսում ենք Բաքու քաղաքի զարգացման մեջ հայ ճարտարապետների ներդրման մասին, ուզում ենք ասել, որ քաղաքն ավելի հարուստ էր, երբ այնտեղ կային ու ստեղծագործում էին հայերը: Այո’, հայերը հարստացնում էին Բաքուն: Պետք է ընդունել այդ փաստը, թեեւ հասկանում եմ, որ քաղաքական տեսանկյունից Բաքվի համար դա ընդունելը շատ դժվար է»,- նշել է Մարկ Գրիգորյանը:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Անուշիկ Տեր-Մինասյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է նկարներում պատկերված պատմամշակութային կոթողները:

Ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Ռումինիայի ու Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Իրաքի, Իսպանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանների ժամանակավոր հավատարմատարները, Բուլղարիայի եւ Քուվեյթի դեսպանության լիազոր նախարարները, Սերբիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Սլովակիայի դեսպանությունների անձնակազմերի ներկայացուցիչներ եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

«Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 20-ը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930