Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան․ «2020 թվականի պատերազմից հետո ես նայել եմ Նիկոլ Փաշինյանի աչքերին ու ասել․ դու պարտված ղեկավար ես, դու ավելի անհաջողությունների ես տանելու, ու ես պատրաստ եմ քեզ հետ հեռանալ քաղաքական ասպարեզից»

Նոյեմբեր 28,2023 20:50

«Զանգ» քաղաքացիական շարժման աջակից, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Մեդիա կենտրոնում ասաց․ «Ես բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եմ ռիսկերի մասին եւ ասել, որ անկեղծորեն ցանկացել եմ ամեն անգամ սխալվել։ 2020 թվականի պատերազմից հետո ես նայել եմ Նիկոլ Փաշինյանի աչքերին ու ասել․ դու պարտված ղեկավար ես, դու ավելի անհաջողությունների ես տանելու, ու ես քեզ հետ պատրաստ եմ հեռանալ քաղաքական ասպարեզից, որովհետեւ իմ համար կարեւոր չէ ոչ պաշտոնը, ոչ կուսակցությունը, ոչ դիրքը։ Իմ համար կարեւոր է, որ այս պետությունը լինի հավերժ, լինի ուժեղ։

Ու ինքը որոշում է կայացրել շարունակել այդ ուղին։ 2021 թվականին մասնակցել է ընտրություններին։ Ընտրությանը մասնակցել է մի ծրագրով, որտեղ ասում էր՝ մենք բանակցություններով Շուշին եւ Հադրութը դեօկուպացիայի կենթարկենք։ Դրանից հետո քայլ-քայլ արագորեն հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից, հրաժարվել է առհասարակ իրավունքներից ու անվտանգությունից։ Այդ ընթացքում խոստացել է, որ խաղաղ կլինի, բայց  մենք ունեցել ենք պատերազմ, ուղիղ հարձակում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հիշեցնում եմ, 2022 թվականի սեպտեմբերը։ Մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ ինքը հայտարարում էր, որ մենք Սեւ լճի 30 տոկոսի համար չենք կռվի, Սյունիքի, Տեղ գյուղի վարելահողերի համար չենք կռվի։ Հետո էլ այս զիջումների ընթացքում մի ամբողջ քարոզչամեքենա մարդկանց ասում էր․ ժողովուրդ, զիջում ենք, որ հետո խաղաղության պայմանագիր լինի, Ադրբեջանը խելոքանա, մենք էլ խաղաղ ապրենք։ Զիջեց։ Հասավ նրան, որ 2020 թվականի զինադադարի հայտարարությունից երեք տարի հետո Արցախում այլեւս մարդ չկա, որ երեք տարի հետո այդ օրը Ալիեւը հաղթարշավ է անում Ստեփանակերտում ու տրորում է Արցախի դրոշը։ Իսկ դրանից հետո եկավ, մի ութ ժամանոց ասուլիս տվեց, ասաց․ժողովուրդ, Ադրբեջանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը։

Նորությո՞ւն էր։ Իհարկե՝ ոչ։ Մենք դրանից տեղյակ ենք եղել, բոլորս դրա մասին խոսել ենք ու դրա համար մեզ տարբեր անուններ են կպցրել․ պատերազմի քարոզիչներ, պատերազմի հրձիգներ․․․ Երբ մենք ասում ենք, որ այս գործելաոճը բերելու է պատերազմի,մենք ոչ պատերազմ ենք ուզում, ոչ էլ՝ զոհեր։ Ընդհակառակը, մենք ուզում ենք այնքան ուժել լինենք, որ հակառակորդը մտածի այս մարդկանց հետ ավելի լավ է բանակցել, քան կրակել։ Բայց Ադրբեջանը հասկացել է, որ շատ ավելի հեշտ է եւ կրակել եւ  դրա միջոցով ստիպել քեզ գնալ զիջումների։։

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը այնքան է ոգեւորել Ադրբեջանին, որ այսօր Ալիեւը Նախիջեւանում, որը հայկական է, որտեղ հայ մշակութային ժառանգությունը ոչնչացվել է, փառատոն է անում ու ներկայացնում Հայաստանի քարտեզը որպես «արեւմտյան Ադրբեջան»։ Մենք այդ աբսուրդին ենք հասել։ Ու հետո Նիկոլ Փաշինյանը գալիս, ասում է՝ մեր խնդիրը Անկախության հռչակագիրն է, Արարատ լեռն է, Ցեղասպանության մասին հիշելն է։ Այսինքն, մենք այսքան անհամարժեք իրավիճակներում ենք ու նույն քարոզչությունը միշտ շարունակվում է։ Մինչդեռ, ինքը պետք է կանգներ, ասեր․ ես ձախողեցի եւ պատերազմը, եւ խաղաղությունը, որը տեսլական չէր, բովանդակություն չուներ,։ ու պետք է վեր կենար, գնար տուն։ Որովհետեւ ինքը ուղղակի ունակ չի կառավարել այս պետությունը։

Ինչի՞ եմ փողոց դուրս եկել ես։ Որովհետեւ ջրբաժանը ցավալիորեն սեպտեմբերի 19-ն էր։ Թեեւ ես բազմաթիվ անգամ տեսել եմ ռիսկերը, բայց էլի եկել է այն գործոնը, թե որքանով են փողոցում հայտնված ուժերը ազնիվ իրենց մղումներում։ Ու ինչի եմ ես աջակցում Միքայել Հայրապետյանի եւ Սուրեն Սահակյանի նախաձեռնությանը։ Որովհետեւ  այդ նախաձեռնության մեջ չկա կուսակցական շահ։ Մարդիկ փաստացի,իրենց կուսակցությունը լուծարել են։ Երկրորդ, իրենցից ոչ մեկը չի ասում ես պետք է դառնամ Հայաստանի հաջորդ վարչապետը կամ ես լավագույնն եմ։ Ասում են՝ եկեք պայքարենք, որ փողոցում խնդիր լուծենք, ստիպենք Փաշինյանին հրաժարական տալ ու այնպես անենք, որ պրոֆեսիոնալ, նորմալ մարդիկ գան իշխանության։ երրորդ, նրանք որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից չեն ուղղորդվում։ Ինձ համար դա ակնհայտ է։ Իրենց առաջ են մղում իրենց ազնիվ մղումները։ Եվ իրենք շատ կուզեն, որ այս ամենը շուտ ավարտվի ու իրենք գնան իրենց սովորական կյանքով ապրելու։ Բայց չվախենալով, որ Հայաստանը կործանվելու է։ Դա ամենասարսափելի բանն է, որ մենք ապրում ենք մտածելով, թե հաջորդ օրը որ բեր կենանք, ինչ կլինի։ Այդ սարսափի մեջ ապրել հնարավոր չէ։ Կամ պետք է ամեն ինչից հրաժարվես, թողնես այս երկրից գնաս՝ դա ընտրություն չի ինձ համար, կամ  պետք է դուրս գաս, պայքարես, դուրս գաս քո կոմֆորտ զոնայից, դուրս գաս, երբ ցուրտ է, քեզ անհարմար է, դուրս գաս, երբ քեզ այդ ամենը իրականում հաճելի էլ չէ։ Բայց պետք է դուրս գալ։ Ու դա է ինձ ստիպել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930