«Մահաբերները ժողովրդին այժմ նախապատրաստում են հերթական կորուստների՝ եւ մարդկային, եւ տարածքային: Մենք դա տեսել ենք, համոզվել ենք, ձեւը գտնում են՝ հիպնոսացնում են, մարսում են; Բանաձեւեր են կիրառում տարբեր տեխնոլոգիաներով մշակված…Մեկն էլ կա սրա նման…Ուկրաինացիներին կոտորում է, ասում է՝ ժողովրդավարություն եմ հաստատում»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության եւ նրա վարչախմբի մասին:
Նրա խոսքով. «44-օրյա պատերազմն էր, եւ ես փորձում էի հավատալ, որ ժողովրդավարություն ասվածը, որի մասին թմբկահարելով անցնում են մոլորակի տարբեր հատվածներում Արեւմուտքի ներկայացուցիչները, ի վերջո կգործի: Ցավոք, սխալվեցի: Արեւմուտքը կանգնեց բռնապետի կողքին, Ալիեւի կողքին, եւ վերից վար հասկացանք, որ ուժն է իրավունք ծնում, եւ նյութական շահն է նրանց մղում առաջ: Նրանք ոգեղեն ոչինչ չեն կրում:
Հիմա մարդկությունն աստվածային ծիրից դուրս է գալիս, գնում է դեպի նյութը՝ ոսկու փայլը, ուրանը…Սարին նայում են ոչ թե որպես բնության գեղեցկություն, այլ թե մեջը ինչ կա…Անգլիացին ասում է՝ Ամուլսարը տվեք ինձ, ձեզ մի քանի տարվա խաղաղ կյանք կտամ, էն մյուսը մի ուրիշ բան է ասում…Եվ իրենք գտել են մարդկանց, որոնք կկատարեն իրենց բոլոր թելադրանքները: Դրանք այն մարդիկ են, որոնք ազգային արժեքներին չեն դավանում: Մենք տեսել ենք՝ նիկոլիստների համար ի՞նչ հայրենիք, ինչ ազգային պատկանելություն, ինչ շարունակություն:
Կոտորում է ազգին՝ ասում է ապագա կա….Դրսի ուժերը կարողացան գտնել դասալիքներին, ծառայությունից խուսափողներին: Նույն Նիկոլը ո՞վ է եղել՝ ոչ բարձրագույն է ավարտել, ոչ ծառայել է հայոց բանակում…Սրանց համար գոյություն չունեն նվիրումներ, սրանք զոհողությունների պատրաստ չեն, միայն տանենք, տանենք, մերն է…Ստի կայսրությունը, որ ասում եմ, շարունակում է գոյություն ունել, եւ մեր հայրենակիցները ակամա դառնում են ստի կայսրության պահապանները: Վախենում են նոր ուժ կայացնելուց…Մարդիկ ինչո՞ւ են գնում այս ավերակիչների հետեւից, որովհետեւ չեն վստահում, որ հնարավոր է ինչ-որ բան փրկել: Մարդիկ դարձել են բամբասողներ, մեր հասարակությունը հիվանդ է, կառույցներն են արդեն հիվանդանում…Ցավոք, ինչպես ասում են՝ որոմը կարող է մի ամբողջ արտ հիվանդացնել»:
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանը հավելում է. «Սրանք դռները բացել են, ուրախ-ուրախ ասում են, որ թուրքերը պիտի գան այստեղ ապրեն, ներկայացնում են, որ մեր եղբայրներն են, կարծես երեկ չէր, որ մեր զավակները պայքարում էին…Մենք ի վերջո պետք է պաշտպանենք Նիկոլ Փաշինյանին Փաշինյան Նիկոլից, Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր՝ Արցախը Հայաստան է, պիտի պաշտպանենք էն Փաշինյան Նիկոլից, որն ասում էր Արցախն Ադրբեջան է…Մեկդ փրկեք էդ Նիկոլ Փաշինյանին, քաշեք մի կողմ, Փաշինյան Նիկոլին էլ մի ուրիշ կողմ..Ախր այս մարդը հիվանդ է, հիշում եք՝ ոնց էր ասում կեցցեն զոհերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ