Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ «Արեւմուտքը մեզ կօգնի» կարգախոսով գնում է ինքնասպանության». Ալեն Ղեւոնդյան

Նոյեմբեր 28,2023 18:44

Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի գնահատմամբ, Արևմուտքի ու ՌԴ-ի միջև գլոբալ հակադրության ներկա փուլը աննախադեպ է  իր ծավալներով, խորությամբ, առճակատման բնույթով ու դրսևորումներով.  այս մասին քաղաքագետն ասաց այսօր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայում  կազմակերպված «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ:

«Այս առճակատման պայմաններում կողմերից որևէ մեկը կարծես կաշկանդված չէ սպառազինությունների վերահսկման ու զսպման որևէ պարտավորությամբ, քանի որ ոչ հեռու անցյալում կամ սառեցրել, կամ չեղարկել են նախկինում ստորագրված սպառազինությունների և միջուկային զենքի կրճատման ու վերահսկման գրեթե բոլոր պայմանագրերը: Ավելին՝ տեսանելի չէ հատկապես ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծելու Արևմուտքի գործնական ցանկությունը, մյուս կողմից՝ տեսանելի են ՌԴ-ի՝ հետևողական քայլերը այդ ճգնաժամում իր հռչակած նպատակներին՝ դենացիֆիկացում և դեմիլիտարացում, հասնելու ուղղությամբ, որը գործնականում ՌԴ-ի համար դարձել է գոյության լեգիտիմ իրավունքի հիմնավորում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նման իրավիճակը նաև լուրջ քննություն է միջազգային անվտանգության՝ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված կազմակերպությունների (ՄԱԿ) ու միջազգային իրավունքի ինստիտուտի համար, առհասարակ, որոնք միշտ չէ, որ պատվով են տալիս այդ քննությունը:

«Կոշտ ուժի» պարադիգմի և «ազդեցության գոտիների» տեսությունների գործնական կիրառությունն այս պայմաններում դառնում է էլ ավելի արդիական ու կիրառական, քանզի միջազգային դատարանների որոշումները, միջազգային կոնվենցիաները, հումանիզմի ու դեմոկրատական գործընկերության մի շարք սկզբունքներ, որ հռչակվել են ուղենշային, առավել հաճախ այլևս չեն գործում: Աշխարհը վերադառնում է կոշտ ու քաղաքական ռեալիզմի դասական գործիքներով սեփական ազգային շահերի պաշտպանության փիլիսոփայությանը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ նոր աշխարհակարգը, որ դրսևորվում է միմյանց միջև օրգանական կապի մեջ գտնվող տարածաշրջանային ու մակրոտարածաշրջանային ուժային բալանսների փոփոխությամբ, դեռևս ձևավորման փուլում է:

Թե ի՞նչ բնույթ կունենա նոր աշխարհը, ըստ բանախոսի, ցույց կտան առաջիկա տասնամյակները. սակայն ակնհայտ է, որ գլոբալ ուժային փոփոխությունը իրողություն է, պետությունների կենսական ազգային շահերի ոլորտներն ու տարածաշրջանները այլևս անհասանելի չեն նրանց հակառակորդ պետությունների ու դաշինքների համար, որ ՌԴ-ն և Չինաստանը նոր հավակնությունների հստակ հայտ են ներկայացրել աշխարհին, Մեծ Մերձավոր Արևելքում ուժային պատկեր է փոխվել: Ուժային բալանսի փոփոխությունները դրսևորվեցին նաև մեր տարածաշրջանում՝ 2020 թ. պատերազմի արդյունքում: Մինչ օրս, մեր տարածաշրջանում ուժային որևէ բալանս դեռևս չի հաստատվել, ինչի մասին են փաստում ՀՀ-ի «Խաղաղության խաչմերուկ/դարաշրջան»-ի ձգտելու, իսկ Ադրբեջանի՝ ՀՀ-ից 8 գյուղերի պահանջելու,  փախստականների վերադարձի վերաբերյալ մոտեցումների տարբերությունները, Իրանի դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության անխախտելիության մասով, տարածաշրջանում ուժային բևեռների շահերի սուր մրցակցությունը, 3+3 ձևաչափում տարածաշրջանային հարցերը լուծելու հանգամանքը, Սյունիքի հետ կապված հաղորդուղիների-միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը, Արցախում խաղաղապահների ապագայի հարցը, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների արտաքին քաղաքական ուղեգծերը վերախմբագրելու հնարավոր իրողությունները:

«ՀՀ-ն այսօր հայտնվել է բարդագույն իրավիճակում, երբ հայկական պետության շահերը հայտնվել են իրար հակադիր ուժային բևեռների շահերի բախման բազմամակարդակ տիրույթում ու իրենց վրա կրում են այդ իրավիճակի բացասական ողջ ազդեցությունը»,- ասաց բանախոսը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Ալեն Ղեւոնդյանը հայտարարեց, որ Արեւմուտքի համար տարածաշրջանի կարեւոր երկիրն Ադրբեջանն է, իսկ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցողը իմիտացիա է, քողածածկույթ, ինչը տեղի է ունենում Հայաստանի համար, որպեսզի Երեւանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բխի Արևմուտքի շահերից. «Հայաստանի համար աշխարհաքաղաքական մանեւրի տարածքը փոքրանալու է։ Երբ խախտվում է ուժերի հավասարակշռությունը խոշոր խաղացողների միջեւ եւ դրանցից մեկի ազդեցությունը թուլանում է, սպառնալիքները դառնում են էական։ Ո՞ր երկրների ընկերություններն են ակտիվորեն ներգրավված Ադրբեջանի էներգետիկ նախագծերում։ Եվ այդ շահերը չեն փոխվել։ Ադրբեջանն իր ռազմական գործողությունների պատճառով չի հայտնվել իրական ճնշման տակ։ Ուստի Հայաստանը՝ «Արեւմուտքը մեզ կօգնի» կարգախոսով գնում է ինքնասպանության»:

ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, բնական է. «Այն տեղավորվում է  Ռուսաստանին հետխորհրդային տարածքից դուրս մղելու տրամաբանության մեջ, այդ թվում այդ նույն հետխորհրդային երկրների պետականության կորստի գնով»:

ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը քաղաքագետը հորդորում է՝ գործընթացներին նայել պետությունների շահերի տեսանկյունից, այլ ոչ թե մտածել «լավ», թե «վատ» չափանիշներով. «Մի պետությունը փորձում է առաջ տանել իր շահերը, իսկ մյուսը ձգտում է դիմակայել դրան։ Փոքր երկրները, որոնց մոտ նկատվում է փորձի պակաս, կարող են տուժել այդ գործընթացում։ Հետխորհրդային տարածքում արդեն երեք երկիր իրեն առաջադրել է որպես գործիք այդ աշխարհաքաղաքական դիմակայությունում։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի մասին է»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930