Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոհամադ Ասադի Մոհավեդ. Կարեւոր է, որ տարածաշրջանում լարվածության նոր օջախներ ի հայտ չգան

Նոյեմբեր 28,2023 17:55

Հայաստանում Իրանի դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մոհավեդի փոխանցմամբ, իր երկրում կարծում են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ այդ ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրում. այս մասին դիվանագետն ասաց այսօր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայում կազմակերպված «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ: Նրա խոսքով՝ Թեհրանի իրականացրած բարիդրացիության քաղաքականությունը Հարավային Կովկասում տարածաշրջանի զարգացման կարեւոր բաղադրիչն է եւ այս առումով կարեւոր են լարվածությունը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որպեսզի տարածաշրջանում լարվածության նոր օջախներ ի հայտ չգան:

Նա հիշեցրեց, որ իրանա-հայկական հարաբերությունները 4000 տարվա պատմություն ունեն, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ քաղաքակրթական, պատմական, աշխարհագրական ընդհանրություններ կան, ինչը կարեւոր հիմք է Իրան-Հայաստան հարաբերությունները՝ բոլոր ոլորտներում խորացնելու համար։

Իրանագետ, դոցենտ Գոհար Իսկանդարյանն անդրադարձավ հայ-իրանական քաղաքական հարաբերություններին՝ Հայաստանի նորանկախ պատմության շրջանում եւ նշեց, որ արցախյան առաջին պատերազմից եւ Հայաստանի հաղթանակից հետո, զինադադար հայցած Ադրբեջանը նույնիսկ 1994 թվականին պատրաստ չէր էական զիջումների գնալ. միայն խոստանում էր ինքնավար մարզի կարգավիճակ ԼՂ-ի համար, ինչը գոյություն ուներ ԽՍՀՄ շրջանում եւ ինչի ընթացքում արցախահայերը ենթարկվել էին տարատեսակ խտրական վերաբերմունքի: ՌԴ-ն էլ, օգտվելով իրավիճակից, արագ կազմակերպեց զինադադարը, վերահաստատեց իր դիրքերը Հարավային Կովկասում՝ հավասարակշռողի դեր ստանձնելով եւ Կովկասն իր ազդեցության գոտում պահելով: Փաստացի, տնտեսական շրջափակման մեջ հայտնված Հայաստանը, ՀՀ իշխանությունների ոչ ճիշտ կառավարմամբ, հայտնվել էր բարդ իրավիճակում եւ ՌԴ-ի՝ հետ հետագա ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրերը, «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, ՀԱՊԿ-ում ընդգրկվելը նպատակ ունեին երկշերտ անվտանգային համակարգ ստեղծելու եւ ապահովելու ՌԴ-ի ռազմավարական գործընկերային հարաբերությունների իրացումը՝ հնարավոր պատերազմի ժամանակ:

Իրանագետի դիտարկմամբ, թեեւ Իրանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, բայց քանի որ երկու երկրների շահերը համընկնում են, Իրանն ու Հայաստանը դարձել են բնական դաշնակիցներ, սակայն, երկու երկրները վերջին 30 տարիներին չարեցին առավելագույնը՝ անվտանգության հավելյալ բարձիկներ ստեղծելու համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, Գոհար Իսկանդարյանը նկատեց, որ անգամ Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն չէր կարողանում զենք մատակարարել, քանի որ Վրաստանը փակել էր սահմանը ՌԴ-ի համար եւ միակ ճանապարհը մնաց Կասպից ծովով ու Իրանի տարածքով զենք-զինամթերք բերելը: Սակայն այդ ուղին ևս արագ փակվեց, քանի որ Իրանի ադրբեջանախոս բնակչությանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահրմամբ ցույցեր կազմակերպելով, հաջողեց փակել Նովրուզի անցակետը: Ինչեւէ, իրանագետի գնահատմամբ, պատերազմի ժամանակ Իրանն առերեւույթ փորձեց չեզոքություն պահպանել:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930