Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյանը՝ «Զանգ» շարժման հաջողության հասնելու հնարավորության մասին․ «Եթե խնդիրը քոնն է, միանում ես, իսկ եթե քոնը չէ, չես միանում»

Նոյեմբեր 28,2023 17:08

«Զանգ» քաղաքացիական շարժման անդամ Սուրեն Սահակյանը, որը երեկ երեկոյան իրազեկման երթ իրականացնելու ժամանակ Մաշտոցի պուրակից բերման էր ենթարկվել եւ ամբողջ գիշեր անցկացրել ոստիկանության բաժնում, Մեդիա կենտրոնում պատասխանելով հարցին, որ չնայած այս շարժումն անկուսակցական է, բայց, այնուամենայնիվ դրա հիմքում կանգնած են նախկինում կուսակցական եւ քաղաքական գործիչներ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամները, եւ ինչ երաշխիք կա, որ նախկինում արձանագրված անհաջողություններից հետո «ՔՈ» կուսակցությունը եւ «Զանգ» շարժումը այս անգամ հաջողություն կունենան, որքան էլ ներկայիս գաղափարները ընդունելի լինեն ընտրողների համար, ասաց. «Քաղաքացու որոշում» կուսակցության անհաջողությունը ես ընդունում եմ: Մենք վերջին 10 տարիներին անընդհատ զբաղվել ենք քաղաքականությամբ: Մենք չենք զբաղվել դրա կուսակցական հատվածով մինչեւ 2018 թվականը, որովհետեւ եղած քաղաքական համակարգում կուսակցություն ստեղծել նշանակում էր մասնակցել ֆարսին, որը քաղաքական ծես էր, բայց ոչ ընտրություններ: Այն կուսակցությունը, որն անկեղծ մղումներ ուներ, առեւտրի մեջ չէր մտնում, երկու ընտրություն հետո հեռանում էր ասպարեզից: Կամ դառնում էր այնպիսին, ինչպիսին մյուս կուսակցություններն էին, որոնք առեւտրային կազմակերպություններ էին հիշեցնում:

2018 թվականից հետո կարծիք, հույս է եղել, որ քաղաքական դաշտի տրամաբանությունը փոխվելու է: Այդպիսի կուրս է հայտարարվել: Եվ մենք գնացել ենք այդ ճանապարհով: Գնացել այդ հույսի հետեւից, ստեղծել ենք կուսակցություն: Բայց քանի որ այդ կուսակցության ստեղծումից մեկ շաբաթ հետո սկսվել է ընտրական գործընթաց եւ երկրորդ գործընթացը սկսվել է դրանից մոտ երկուսուկես տարի հետո, ըստ էության վերջում արձանագրել ենք, որ քաղաքական դաշտը չի փոխվել, ֆորմալ քաղաքական գործունեությունը նույնքան անիմաստ է, ինչքան առաջ էր:

Ինչ վերաբերում է «Զանգ» շարժմանը, շարժում դառնալու հավակնություն ունեցող նախաձեռնությանը: Ի տարբերություն կուսակցության ֆորմալ քաղաքականության անհաջողության, մենք քաղաքացիական նախաձեռնությունների հաջողություններ գրանցել ենք: Ինչ վստահություն կարող ենք ունենալ: Մեր նախկին հաջողված փորձերը՝ մի փաստարկ: Երկրորդը, ես կարծում եմ, որ քաղաքական հարցերում ոչ-ոքի էլ վստահել պետք չէ: Վստահել կարելի է, երբ քաղաքական դաշտ կա, գաղափարական ընտրություններ կան: Իսկ քաղաքացիական նախաձեռնությունների պարագայում վստահությունը երկրորդական դերակատարում ունի: Կարեւորը բարձրացված հարցի էությունն է: Այսինքն, եթե դա քոնն է, միանում ես, իսկ եթե քոնը չէ, պետք չէ ինձ վստահել, ես երբեք խոսքերով չեմ կարող մարդուն որեւէ բան ապացուցել: Գործերով կարող եմ ապացուցել:

Լավ, եկեք մեզ չվստահենք: Բայց հարցը այնուամենայնիվ մնում է՞ օրակարգում, թե չէ: Այն կոմֆորտ զոնան, որ տեսնում եմ քաղաքացիների մեջ կա, ես էլ եմ ուզում այդպես ապրել: Ուղղակի, իմ մոտ չի ստացվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930