Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները հիմա գնացել են, սահմանին կանգնել են, ուզում են հենց հիմա վերադառնան իրենց տներ, մենք այդ հարցը չե՞նք բարձրացնում. Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 28,2023 17:04

«Արցախի հարցը լուծվել է 2016 թվականից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Դիտարկմանը, թե ինչու այդ ժամանակ չէիք հայտարարում, պարոն Սիմոնյանն ասաց, որ հին խոսակցություն է:

Մեկ այլ լրագրողի հարցին՝ Արցախի հարցն այլեւս լուծվա՞ծ է, պարոն Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում, լուծված է: Կներեք՝ որն է Արցախի հարցը»: Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, որի շուրջ 30 տարի բանակցում էին, պարոն Սիմոնյանը շարունակեց. «ՀՀ-ն նման հարց այսօր չունի, լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ-ն էլ ներառյալ»: Լրագրողի դիտարկմանը, թե ձեր հայրենիք Աղդամն էլ մե՞ջը (հիշեցնենք, որ պարոն Սիմոնյանը ՝ Աղդամն իմ հայրենիքն է վերտառությամբ տարիներ առաջ լուսանկար էր տարածել), պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Իմ հայրենիքը հայկական լեռնաշխարհն է»:

Լրագրողների հարցին,թե ինչու արցախահայերի վերադարձի հարցը չի արծարծվում խաղաղության պայմանագրում, ԱԺ նախագահը հարցով պատասխանեց. «Իսկ արցախահայերը հիմա գնացել են, սահմանին կանգնել են, ուզում են հենց հիմա վերադառնան իրենց տներ, մենք այդ հարցը չե՞նք բարձրացնում»: Դիտարկմանն ի պատասխան, թե անվտանգությունը լինի, կվերադառնան, ԱԺ նախագահը լրագրողից հարցրեց՝ այդ անվտանգությունը ոնց է լինում. «Ոնց, ոնց, ոնց, ձեւը ասա…եկեք բոլորով քննարկենք՝ ոնց»:

Լրագրողի հարցին՝ այսինքն` կարծում եք, որ խաղաղության պայմանագրում այս փուլում արցախցիների իրավունքների հարցը չպե՞տք է քննարկվի, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս փուլում պետք է կենտրոնանանք ՀՀ-Ադրբեջան պայմանագրի կնքման, տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա: Հետագայում, թե ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կունենա վերադառնալ ՀՀ, ինչ-որ հայ կունենա ցանկություն վերադառնալ Ստեփանակերտ, Շուշի, կունենա այդպիսի ցանկություն, թե չի ունենա, ապագայի հարց է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930