Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ բացառում, ինչ-որ ադրբեջանցիներ ինչ-որ ժամանակ անց գան, այստեղ բնակություն հաստատեն. Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 28,2023 16:28

«Այո՛, գալու է ժամանակ, հույս ունեմ, մենք ամեն ինչ անելու ենք, հայերը եւ ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողքի, պետք է առեւտուր անեն: Չեմ բացառում, որ որոշ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք՝ իրենց տներ, չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ ինչ-որ ժամանակ անց գան, այստեղ բնակություն հաստատեն: Խաղաղության պայմանագրի մեջ նման կետ անձամբ չեմ նկատել: Խաղաղության պայմանագիրն ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա, տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման հետ կապված հարցերի, որոնք պետք է լինեն 4 հիմնական սկզբունքների հիման վրա »,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե էսկալացիայի վտանգ հիմա տեսնո՞ւմ են, պարոն Սիմոնյանը պատասխանեց՝ մշտական են այդ վտանգը տեսնում. «Ինչու ենք մշտապես տեսնում, որովհետեւ բազմաթիվ օրինակներ կան, ենթադրենք 2022 թվականի օգոստոսի վերջին հանդիպում տեղի ունեցավ, դրանից տասը օր հետո Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց, այսինքն՝ երբեւէ որեւէ բան չենք կարող բացառել»:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցին՝ Սիմոնյանը վստահեցրեց՝ խաղաղության պայմանագրում չկա նման եզրույթ. «Չկա նման բան: Պայմանագրի կարևոր կետերից մեկը, կրկնում եմ, կոմունիկացիաների բացումն է միջազգային 4 սկզբունքների հիման վրա, որոնք որ իրենց մեջ արտասովոր բան չեն պարունակում»:

ԱԺ նախագահի համար հասկանալի չէ՝ ինչու է ադրբեջանական կողմը հրաժարվում հանդիպումներից. «Սկզբում ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, հետո՝ Վաշինգտոնին: Չեմ հասկանում՝ այս ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին կամ տարածաշրջանին, երբ մի ձեռքով խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են արդեն իսկ շատ մոտ իրականությունից՝ խաղաղության պայմանագրից: Ես վստահ եմ, եթե դրա հնարավորությունը լինի, կուզենան, որ Հայաստանը չլինի, ոչ ոք չի ասում, որ նման բան չկա»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ 4 գյուղերի վերադարձի մասին հայտարարություններին՝ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Իրենք խոսում են 4 գյուղերից, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ ինչ-որ մասը գտնվում է իրենց օկուպացիայի տակ: Հիմա մենք էլ 31 գյուղերի մասին խոսենք»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ վերջերս Փաշինյանը անկլավների հետ կապված նշեց, որ ԽՍՀՄ որոշումներով ու քարտեզներով գոյություն են ունեցել անկլավները, մինչդեռ մի քանի տարի առաջ նա ասում էր, որ իրավական հիմքեր չկան այդ անկլավների վերադարձման հետ կապված: Լրագրողը ԱԺ նախագահից հետաքրքրվեց՝ ի վերջո կա՞ վերադարձման իրավական հիմք:

«Հենց դա է խնդիրը, որ Խորհրդային միության ժամանակ մտածել են, որ այդ միությունը հավերժ է ու այդ բաժանարար փաստաթղթերը շատ դժվար է հիմա գտնելը: Կա կոնկրետ Արծվաշենը, ոչ մի կողմ չի սակարկում, բայց վստահ եմ, որ այդ հարցում լուծում կգտնենք: Չեմ կարող կոնկրետ բան ասել հիմա, եթե կա, հա, պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ: Հիմա մի բերեք, վերջնականացնենք, չեմ բացառում, որ լուծումներ կգտնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930