Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն ավարտված համարեց ապացույցների հետազոտումը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցրեց՝ կողմերը պատրա՞ստ են եզրափակիչ ելույթներով հանդես գալու։ Հանրային մեղադրողը ժամկետ խնդրեց, որպեսզի եզրափակիչ ելույթով հանդես գա, ասաց, որ կարճ ժամկետ է տրված եղել՝ եզրափակիչ ելույթին պատրաստվելու համար։ Դատարանը որոշեց մինչեւ դեկտեմբերի 15-ը լրացուցիչ ժամկետ տրամադրել՝ եզրափակիչ ելույթները լսելու համար։ Հանրային մեղադրողը ներկայացնելու է եզրափակիչ ելույթը, որից անմիջապես հետո պաշտպանական կողմն է ելույթներ ունենալու։ Եզրափակիչ ելույթներից հետո դատարանն անցնելու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հետեւյալ հարցը հնչեցրեց․ «Մենք հետեւյալ նկատառումն ենք ուզում անել։ Երկու շաբաթ ժամանակ ենք խնդրում պատրաստվելու համար։ Բայց դա վերաբերում է այն հանգամանքին, եթե մեզ համար հասկանալի լինեն մեղադրանքի կողմի փաստարկները։ Այսինքն՝ մենք չենք կարող հիմք ընդունել մեղադրական եզրակացությունը։ Փաստորեն մենք ունենք նոր Քրեական օրենսգիրք, որի կիրառման հատվածը մեզ համար շատ կարեւոր է։ Մենք պետք է հասկանանք, օրինակ, նախորդ Քրեական օրենսգրքի շրջանակներում «ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ» արտահայտությունը, որը բացակայում է նոր Քրեական օրենսգրքում, ինչպե՞ս է հիմնավորվելու։ Մենք իսկապես չենք իմանում, թե մեղադրանքի կողմն ինչպես է գնահատական տալու, թե ինչպես են մի Քրեական օրենսգրքի եւ մյուս Քրեական օրենսգրքի ձեւակերպումները միմյանց համադրվում կամ հակադրվում։ Մեղադրական կողմը ինչ-որ հիմնավորում պետք է տա, եւ մենք չենք ակնկալում, որ այսօր տեղյակ կլինենք այդ հիմնավորումների մասին։ Բայց երբ մենք դրա մասին տեղեկանանք, չենք կարող այդ պահին պատասխանել, բավարար ժամանակ ու հնարավորություն չունենք։ Մենք մեղադրական եզրակացությունից տարբերվող իրավիճակում ենք հայտնվել, ոչ միայն փաստական, այլեւ իրավական պատճառներով»։
Կարդացեք նաև
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց․ «Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի կանխատեսելի լինի ձեզ համար»։
Փաստաբան Արմեն Մաշինյանն էլ հիշեցրեց դատավորին, որ ավելի վաղ միջնորդել էին, որպեսզի մեղադրական եզրակացությունը համապատասխաներ գործող օրենսգրքին, ինչը դատարանի կողմից մերժվեց։ «Հետեւաբար, մենք ակնկալում ենք, որ գոնե մեղադրական ճառը պետք է համապատասխանեցված լինի գործող օրենսգրքին»,- ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է 2022 թվականի հուլիսի 15-ին՝ իր գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։ Արմեն Գրիգորյանին վերագրվում է «հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը», որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ