Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյան․ Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող կայանները բավարարում են ներքին պահանջարկը, նույնիսկ ավելին արտահանելու հնարավորություն ունենք

Նոյեմբեր 28,2023 15:30

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում մենք ռազմավարությամբ նախանշել ենք, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր հաշվեկշռում արեւային էներգիայի բաժինը հասցնենք 15%-ի եւ կարծես բավական լավ տեմպով գնում ենք նախանշված թվին, եւ այս տեմպով զարգացումը կարող է նույնիսկ ավելին բերել։ Այս մասին այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան եւ ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա ներկայացմամբ՝ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2040 թվականն ավելացնել այդ հզորությունները՝ 1000 եւ 500 մեգավատ, հողմային էներգետիկայի ոլորտում լրացուցիչ 500 մեգավատ։

Անդրադառնալով Արցախի կորստից հետո էլեկտրաէներգիայի ոլորտում կրած վնասների մասին հարցին, Սանոսյանն ասաց՝ համակարգում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել կապված ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման հետ․ «Բայց ընդհանուր առմամբ` մեր երկրի էներգետիկ համակարգում արտադրող կայանները ոչ միայն մեր երկրի ներքին պահանջարկն են բավարարում, այլ նաեւ որոշակի ծավալներով արտահանում ենք։ Ընդ որում, մենք ավելին արտահանելու հնարավորություն ունենք։ Մեր երկրի կայանները կարող են ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել»։

Կան կայաններ, որոնք այս պահին չեն աշխատում, այդ թվում` Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։ Որպեսզի դրանք սկսեն աշխատել, ըստ Սանոսյանի, երկու հնարավորություն կա՝ երկրի տնտեսական զարգացումը, որը ենթադրում է ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառում, մյուսը՝ արտահանումը։

Էներգետիկայի ոլորտում մյուս կարեւոր ու մեծ աշխատանքը, ինչպես ասաց Սանոսյանը, Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի ժամկետի եւ լիցենզիաների երկարացումն է․ «Մի շարք իրավական փաստաթղթային գործընթացից հետո մտնելու ենք գործնական փուլ։ Երկարաձգման մի նոր փուլ ենք մտնում, մեծ ծավալի աշխատանքներ կան։ Մեր նպատակն է, այդ ամբողջ ժամանակահատվածը օգտագործել նոր էներգաբլոկ ունենալու համար, որպեսզի երբ գործող էներգաբլոկի ժամկետն ավարտվի, նորը պատրաստ լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930