Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարողանում ինտեգրվել հասարակությունում, պահանջում եմ վերականգնել ինձ իմ զինվորական աշխատանքում»․ փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծառայակից ընկերների գործով դատական նիստը

Նոյեմբեր 28,2023 14:42

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նորից հետաձգվեց Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված, չորս տարի կոմայի մեջ գտնվելուց հետո գիտակցության չգալով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծառայակից ընկերների գործով դատական նիստը, քանի որ մեղադրյալներից մեկի պաշտպանը չէր ներկայացել նիստին։ Այս դատական նիստում քննվելու էր մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության հարցը։

Աննա Թամազյան

Մեղադրյալներից մեկի՝ Լեւոն Հարությունյանի պաշտպան Աննա Թամազյանը մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց գործի որոշ հանգամանքներ՝ Լեւոն Հարությունյանը, որը Արա Մխիթարյանի գործով տուժող էր, քանի որ ծեծի ժամանակ իր մարմնով պաշտպանել է իր ծառայակից ընկեր Արա Մխիթարյանին, չգիտես ինչպես` դատախազության եւ մեղադրանքի կողմի հիմնավորմամբ, տուժողից դարձել է մեղադրյալ, ու այժմ մեղադրվում է սուտ մատնության համար։ Մյուս մեղադրյալը՝ Մխիթար Մելքոնյանը նույնպես մեղադրվում է նույն հոդվածով՝ կեղծ ցուցմունք են տվել Զավեն Գրիգորյանի դեմ։

Հիշեցնենք, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ.Հ.-ն, Մ.Մ.-ն եւ Մ.Հ.-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նաեւ Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռեւս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2019թ. հոկտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք: 2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ. Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով։

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ Զավեն Գրիգորյանը մասնակցել է այդ խմբակային ծեծին եւ հարվածներ է հասցրել։ Ներկա պահին խնդիրն այն է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ կա խափանման միջոց՝ մեկը ստորագրությամբ չհեռանալը, մյուսը՝ պաշտոնավարման կասեցումը։ Իմ պաշտպանյալը, այն ժամանակ լինելով զինվորական, արդեն իսկ ստորագրությունը չհեռանալու մասին իր համար բավարար է, քանի որ զինվորականների՝ ՀՀ-ից դուրս գալը երկար ու բարդ գործընթաց է։ Բայց դրան համակցված կիրառվել է նաեւ պաշտոնավարման կասեցում։ Զավեշտն այն է, որ Զավեն Գրիգորյանը երկու տարի է՝ ՊՆ-ում չի աշխատում, ինչպե՞ս պետք է իմ պաշտպանյալը կամ Մխիթար Մելքոնյանը խոչընդոտեն արդարադատություն իրականացնելուն քրեական գործով»։

Թամազյանի խոսքով՝ կա առաջին ատյանի դատարանի որոշում, որ իբրեւ թե Զավեն Գրիգորյանը հետո է եկել դեպքի վայր, հարվածները ինքը չի հասցրել, սակայն կան ցուցմունքներ, որ նա մասնակցել է ծեծին․ «Բայց դեպքի այս մանրամասները կպարզվեն ապացույցների հետազոտման փուլում»։

Այսօր, ըստ պաշտպանի, կարեւոր հարցը Լեւոն Հարությունյանի՝ պաշտոնավարման վերականգնումն է, քանի որ նա այսօր զրկված է ապրուստ վաստակելու միջոցից։

Մանրամասն՝ տեսանյութում

Լեւոն Հարությունյանն էլ հավելեց՝ այս պահին աշխատանք չունեմ, զինվորականների ծրագրով հիփոթեքով բնակարան եմ գնել, մի կերպ եմ փակում․ «Աշխատանք չունեմ։ Ընդհանրապես, մենք՝ զինվորականներս, հասարակության մեջ ինտեգրվելու խնդիր ունենք։ Ես չեմ կարողանում ինտեգրվել, 20 տարուց ավելի զինվորական եմ եղել, պատերազմներով անցած։ Պահանջում եմ, որպեսզի ինձ վերականգնեն իմ զինվորական աշխատանքում»։

Լեւոն Հարությունյանը կրկին պնդեց, որ ինքն է իր մարմնով փակել իր հրամանատար Արա Մխիթարյանին․ «Եթե չփակեի, ինքը այդ նույն օրը մահանալու էր։ Ու հիմա ես տուժողից մեղադրյալ եմ դարձել»։

Ընդ որում, նա պնդեց, որ դեպքի վայրում անձամբ է տեսել Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանին եւ Զավեն Գրիգորյանին․ «Ինձ ոտքերով հարվածել են, իմ մարմնի վրա բութ հարվածներ եմ զգացել։ Ականատեսներ կան, որ մահակներով էլ են ինձ խփել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք, որ այսօր հետաձգվեց նիստը, մյուս մեղադրյալի պաշտպանը չէր ներկայացել, հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930