Արդյոք հնարավո՞ր է «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչել, եթե այո, ապա ինչպե՞ս: Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր լրագրողներին ասաց. «Իհարկե, հնարավոր է, ապրելով, գործելով, աշխատելով»:
Ապա հավելեց. «Իրենք ընդունում են մեր ձգտումը եւ համոզված են, որ մենք իսկապես ուզում ենք խաղաղություն տարածաշրջանում եւ դա լավագույն գործիքներից մեկն է ներկայանալու»:
Անդրադառնալով Մետաքսի ճանապարհ Միջազգային համաժողովին, որին վերջերս մասնակցել էր Նիկոլ Փաշինյանը եւ այդ համատեքստում ՀՀ օրակարգին, Վահագն Խաչատուրյանն ասաց. «Ընդհանրապես աշխարհում շատ այդպիսի ծրագրեր կան, դուք գիտեք, որ հիմա ԱՄՆ-ն էլ Հնդկաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջոցով դեպի ԵՄ նմանատիպ ծրագրեր է իրականացնում: Դրանք իրար չեն հակասում, պետք է կարողանան իրար լրացնել»:
Պատասխանելով Արցախի պետական ինստիտուտների գործունեության մասին հարցին էլ , ՀՀ նախագահն ասաց. «Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անեն…Կա Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են…Նրանք (Արցախի պետական ինստիտուտները-Գ.Հ.) ի՞նչ գործառույթ պիտի իրականացնեն…Արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է»:
Կարդացեք նաև
Արցախահայերի վերադարձին Հայաստանի Հանրապետությունն ինչպե՞ս է նպաստում՝ հարցրեց լրագրողներից մեկը: «Դա քննարկումների մեջ է»,-ասաց նախագահը:
Ապա նշեց. «Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991թ»: Հարցին՝ եթե Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչվել, ինչու Ալիեւը չէր վերցնում Արցախը, Վահագն Խաչատուրյանն այսպես արձագանքեց ու նստեց մեքենան. «Թող վերցներ»:
Հ․ Գ․ «Գազի հետ կապված բոլորս ենք գիտակցում, թե ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում, երբ որ կախված ենք ընդամենը մեկ մատակարարից», – «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց նախագահ Վահագն Խաչատրյանը՝ շեշտելով՝ կապ չունի, թե մատակարարն ով է, ինչ է։ «Շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել», – ասաց նախագահը՝ կարևորելով ոլորտում բարեփոխումները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ