Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2023 թվականի ապրիլի 4-ին դիտավորությամբ կատարված բռնության կոչ է արել: Բագրատյանը Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
Սա, ըստ մեղադրող կողմի, բռնություն իրագործելու իրական վտանգ է ստեղծել:
Կարդացեք նաև
Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ Բագրատյանին մեղադրանք առաջադրելով անգամ՝ կոպտորեն խախտվել են նրա խոսքի, կարծիքի ազատության, հավաքներին ազատորեն մասնակցելու հիմնարար իրավունքները: Նա թվարկեց Եվրոպական դատարանի նախադեպերը՝ նշելով, որ պետական ոչ իրավաչափ միջամտություն է եղել: Նա հարցրեց՝ ինչի՞ց են գնահատում, որ կա բռնություն իրագործելու իրական վտանգ, նախապատվություն պետք է տրվեր մեր պետության հիմնադիրներից մեկի, գիտնականի, քաղաքական գործիչ Բագրատյանի հիմնարար իրավունքներին, ո՞րն է Բագրատյանին քրեորեն պատժելու սոցիալական անհրաժեշտությունը:
Դատախազը ներկայացրեց մեղադրանքի ապացույցները, որն է՝ 2 ժամ, 16 րոպեանոց ցույցի տեսաձայնագրությունը՝ սկավառակի վրա: Դատախազը մանրամասն նկարագրեց տեսարանը՝ ասելով. «Հավաքված է ամբոխ, ԱԺ-ի մոտ տեսանելի է ոստիկանների կենդանի պատ», ցուցարարները «Հայրենիքը վտանգված է» ցուցապաստառներ են պահել, եւ այլն:
Հովհաննես Քոչարյանը միջամտեց. «Խնդրում եմ ձեր ուշադրությունը՝ հրապարակված փաստաթղթի հետեւյալ ձեւակերպման չարագուշակ անմեղությանը՝ «տեսանելի է հավաքված ամբոխ»: Սա հոգեբանական պոռթկում չի: Ամբոխ հասկացությունը կարմիր թելի պես անցնում է ամբողջ մեղադրական եզրակացության մեջ: Հավաքի մասնակիցներ են եղել, դա ամբոխ չի եղել»:
Երբ մեղադրող դատախազը հրապարակեց Հրանտ Բագրատյանի ելույթից հատվածը, որտեղ երեւում էր, թե ինչ համատեքստում է դա ասված՝ Հովհաննես Քոչարյանն արձագանքեց, որ Բագրատյանի տնտեսական, քաղաքական վերլուծությունները ի՞նչ կորելացիա ունեն բռնության կոչին, ի՞նչ տրամաբանությամբ է այս բովանդակությունը որպես մեղադրական եզրակացություն հրապարակվում: Ավելին՝ նա ասաց, որ բացարձակ պաշտպանական ապացույց հրապարակվեց, ոչ թե մեղադրական. «Եթե լազերային սկավառակը դիտենք, ամեն հարց ընկնում է իր տեղը, թե Հրանտ Բագրատյանը ինչ է ասել, ում է ուղղել իր խոսքը, մեղադրական եզրակացության մասով դա ապացուցողական ոչ մի ուժ չունի»:
Դատախազն ասաց, որ Բագրատյանի խոսքից ակնհայտ է, որ Փաշինյանի հետ իր քաղաքական հայացքները չեն համընկնում. «Բագրատյանն անընդհատ հնչեցնում է, որ այն քաղաքականությունը, որը վարում է այսօրվա իշխանությունը, ինքը համակարծիք չէ, վիրավորական արտահայտություններ է անում: Ոչ միայն համաձայն չէ, այլ նաեւ հակառակ կարծիքն ունի»:
Հովհաննես Քոչարյանն ասաց. «Ես ցավում եմ, որ մի ճշմարտություն պետք է բացահայտեմ. իշխանությանը ընդհանրապես 2 տիպի վերաբերմունք են ցուցաբերում՝ կա՛մ դրվատանքի խոսք է լինում, կա՛մ քննադատության խոսք, երրորդ խոսք գոյություն չունի: Հիմա մարդը համակարծիք չի, այդտեղ ի՞նչ կա, պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որտեղ բոլորը իշխանության հետ համակարծիք լինեին, մենք ո՞ւր կհասնեինք: Հյուսիսային Կորեային երանի կտայինք»:
Ինչ վերաբերում է վիրավորական արտահայտություններին, Քոչարյանն ասաց, որ քաղաքական գործիչները իրար այնքան են վիրավորում եւ դա նորմալ է ժողովրդավարական հասարակության համար. «Վիրավորանքի, զրպարտության հոդվածը նույնիսկ Քրեական օրենսգրքից ապաքրեականացվեց, որ քաղաքական դիսկուրսը չսեղմվի, չխեղդվի, որ քաղաքական խոսքը քրեորեն չհետապնդվի: Սա է ժողովրդավարության կանոնը, չեք ուզում իրար քննադատեն, հայհոյեն, ժողովրդավարություն պիտի չլինի: Բայց ախր դա մենք այստեղ չեք որոշում, չէ՞, ժողովուրդն արդեն որոշել է»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց 2024-ի հունվարի 22-ին, ժամը 12:30-ին, կհետազոտվի լազերային սկավառակը, նաեւ մեղադրանքի կողմից երկու վկաների հարցաքննություն կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ