Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, կարգապահական տույժի ենթարկված լինելու պայմաններում, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոնները:
Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր, անբարեկիրթ վարքագիծ, արտահայտել է բառեր, որոնք արատավորում են դատախազության հեղինակությունը:
Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Կարդացեք նաև
Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ հաստատել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի հրամանով՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ