Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը միայն հայկական բեռների հետ չէ, վրացիներն էլ, թուրքական բեռներն էլ խնդիր ունեն»․ ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդը՝ Վերին Լարսի իրավիճակի մասին

Նոյեմբեր 28,2023 12:12

«Առավոտի» հարցերին պատասխանել է Ռուսաստանում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը խստացրել է ֆիտոսանիտարական ստուգումները, ինչի հետեւանքով հայկական որոշ բեռների մուտքը ՌԴ արգելում են։ Ի՞նչ իրավիճակ է, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ այս մոտեցումը։

-Այո, իրականում խնդիրը կապված է նրա հետ, որ Ռուսաստանի Սննդի անվտանգության տեսչությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը խստացրել է հսկողությունը Ռուսաստան մտնող շուտ փչացող ապրանքների նկատմամբ։ Եվ այս պահին մենք նույնպես խնդիր ունենք, ես տեղեկություն ունեմ, որ վրացիներն էլ խնդիր ունեն, թուրքական բեռներն էլ խնդիր ունեն։ Եվ այս պահին բոլորը այդ խնդրի առաջ կանգնած են։ Հիմա տարբեր մակարդակներով քննարկումներ են գնում ռուսական կողմի հետ՝ եւ ես, եւ ՊԵԿ-ը, եւ էկոնոմիկայի նախարարությունը, եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներգրավված ենք այդ քննարկումներին, փորձում ենք լուծումներ գտնել։ Դրա համար այս պահին դեռ գնահատական տալ չեմ կարող, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ես հույս ունեմ, որ շուտով ինչ-որ լուծում կգտնենք՝ խնդիրը կարգավորելու։

Փոխադրողներն ահազանգում են, որ բեռնատարների մի մասն արդեն վերադարձել են Հայաստան։

-Այո, վերադարձած բեռնատարներ կան։ Էկոնոմիկայի նախարարության կողմից երեկ հրապարակվեց, որ 20-ից ավելի բեռնատարներ վերադարձել են, ես նույնպես այդ թիվը հաստատում եմ։ Այս պահին իրավիճակը դա է։

Կան տեսակետներ, որ պատահական չէ, որ Ամանորի նախաշեմին է ՌԴ-ն այս խստացումներն անում՝ փորձելով լրացուցիչ խնդիրներ ստեղծել հայկական կողմի համար։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք, ինչի՞ կարող է հանգեցնել սա, եւ կա՞ն հաշվարկներ՝ ի՞նչ վնասներ են կրում այս ամենի հետեւանքով հայ արտահանողները։

-Ես հույս ունեմ, որ խնդիրը շուտ կարգավորվի եւ դրան չի հասնի։ Այլ տնտեսական ու քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող։ Ուղղակի ես կարող եմ ասել, որ ես եւ ՊԵԿ-ը փորձում ենք խնդիրները կարգավորել ռուսական կողմի հետ, որպեսզի շուտ լուծվի այս խնդիրը, եւ մեր բեռները նախկինի պես հեշտ ձեւակերպվեն եւ անցնեն։

-Ի՞նչ եք նկատում՝ ռուսական կողմը հակվա՞ծ է արագ լուծել խնդիրը, թե՞ ձգձգումներ կան։

-Դեռ քննարկումների ընթացքում ենք, ես գնահատականներ չեմ ուզում տալ հիմա։

Բեռնափոխադրողները մեզ հետ զրույցում բողոքում են, որ չեն կարողանում ձեզ հետ կապ հաստատել, ունեն հարցեր, տեղեկատվության պակաս։ Ինչո՞ւ մարդկանց հետ մշտական կապի մեջ չեք։

-Պատկերացում չունեմ, թե ինչ համարով են փորձել կապվել ինձ հետ։ Իմ համարը միշտ հասանելի է, ես բոլորի հետ էլ կապի մեջ եմ, ամբողջ օրը տնտեսվարողների հետ եմ զրուցում։ Իմ աշխատանքի բնույթն է դա, որ հասանելի լինեմ մարդկանց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930