Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս մաքսավորներն ուղիղ տեքստով ասում են հայ փոխադրողներին՝ դուք եք մեղավոր այս ամենի համար»․ իրավիճակը Վերին Լարսի անցակետում

Նոյեմբեր 28,2023 11:15

Վերին Լարսի անցակետում վերջին օրերին խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել հայ բեռնափոխադրողների համար՝ տարբեր ապրանքներով բեռնված մեքենաներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք։

«Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը «Առավոտի» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը խստացրել է ֆիտոսանիտարական ստուգումները, բուսասանիտարական եւ անասնաբուժական հավաստագրերով բեռները սահմանը հատելու խնդիր ունեն։

«Միրգ-բանջարեղենով, կենդանական ծագում ունեցող ապրանքներով բեռնված մեքենաները հիմնականում հետ են ուղարկում։ Որոշ դեպքերում հիմնավորում են, որ որդ կա ապրանքի մեջ, որոշ դեպքերում ասում են, որ փաստաթղթային խնդիր կա»,- ասաց նա։

Քոլյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ ավելի քան 45 բեռնատար հետ է ուղարկվել Հայաստան, որոշներն էլ շարունակում են սպասել, որ միգուցե իրավիճակ կփոխվի, եւ թույլ կտան հատել սահմանը։ Վերադարձած մեքենաները բեռնված են եղել միրգ-բանջարեղենով, սառեցված եւ հալեցված ձկնամթերքով, կենդանական ծագման ապրանքով։

«Եթե, օրինակ, նշում են, որ խնձորի կամ խաղողի մեջ որդ կամ ինչ-որ հիվանդություն կա, այդ դեպքում էլ հետ վերադառնալիս խնդիր ենք ունենում Վրաստանի սահմանին։ Վրաստանն ասում է՝ չեմ թույլատրում ձեր հիվանդ բեռը մեր երկրով տեղափոխել»,- հավելեց նա։

Վարուժան Քոլյանը նշեց, որ քաղաքական տարր է տեսնում այս գործընթացում․ «Ասեմ ավելին, ռուս մաքսավորներն ուղիղ տեքստով ասում են այդ մասին։ Ասում են՝ դուք եք մեղավոր այս ամենի համար։ Բայց պաշտոնապես ունենք մի հիմնավորում, որ իբր Մոսկվայից ստուգողներ են եկել իրենց մոտ եւ խստացրել են ստուգումները։ Ասում են՝ իբր դրա հետ է կապված այս ամենը։ Բայց մենք նախկինում այդ նույն ապրանքը նույն մեքենայով տարել ենք, եւ խնդիր չի եղել։ Ես եւ քաղաքական ֆոն եմ տեսնում այս ամենի հետեւում, եւ ծրագրված գործողություններ»։

Քոլյանն ասաց, որ Հայաստանի պետական մարմիններից տեղեկություններ չունեն բեռնափոխադրողները, թե ինչ են անում, որպեսզի խնդիրը լուծեն։

Վերոնշյալ խնդիրներին զուգահեռ՝ այս օրերին Վերին Լարսի անցակետում մեծ հերթեր կան՝ նաեւ պայմանավորված եղանակային գործոնով։ Այսօր դարձյալ եղանակի պատճառով անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Այն, որ այս ամենում քաղաքական տարր կարող է լինել, երեկ խորհրդարանում լրագրողներին ասել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստան արգելվում է, նա պատասխանել է․ «Կարծում եմ՝ պատահական չէ Ռուսաստանի կողմից այս քայլը, սա որոշակի ուղերձ է»։ Ըստ պատգամավորի՝ «Ռոսպոտրեբնադզորը», «Ռոսսելխոզնադզոր»-ը դրանց միայն վերահսկողական գործիքներ չեն, նաեւ քաղաքական լծակ են։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը երեկ Ազգային ժողովում ասել էր․ «Նախորդ ուրբաթ օրվանից Լարսի անցակետում որոշակի դժվարություններ են առաջացրել՝ կապված արտահանման հետ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, եւ մեր մաքսային գործընկերների հետ նախորդող երեք օրվա ընթացքում բավական ինտենսիվ փորձում ենք հարցը հասկանալ, թե ինչ բնույթ ունի։ Կարծում եմ՝ առաջիկա երկու օրվա ընթացքում մեզ համար ավելի հստակ կլինի»։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Իսկ ռուս մաքսավորն ու՞մ շունն է, որ նման արտահայտություն է իրեն թույլ տալիս։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930