Թուրքական և ադրբեջանական իշխանություններին պետք է, որ Հայաստանը շրջափակման մեջ մնա, նրանց ձեռնտու չէ, որ սահմանները բացվեն, ու Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություններ ստանա։ Պատահական չէ, որ Բաքվից ու Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են իրենց վերահսկողության տակ գտնվող միջանցք ստանալ Հայաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանի հետ սահմանները բացելու կարիք էլ չկա։ Այնպես որ, Փաշինյանը կարող է ճանապարհների ապաշրջափակումն անվանել «Հայկական խաչմերուկ», «Խաղաղության խաչմերուկ», այդ նախագծի մասին բրոշուրներ կամ նույնիսկ գրքեր տպել, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին, դրանից ոչ մի բան չի փոխվի։
Միևնույնն է, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ մեր գործընկեր պետությունները հետամուտ չեն լինելու այս նախագծի իրականացմանը այն ձևաչափով, ինչպես Հայաստանն է պատկերացնում։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ իշխանություններն ընդամենը ժամավաճառությամբ են զբաղված։ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու ու փիառվելու նպատակ է հետապնդում, ինչպես որ խաղաղության դարաշրջանի թեզն էր։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։