Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Հայրապետյան․ «Թեկուզ եղանակային պայմանները բարենպաստ չեն, բայց ավելի լավ է մեզ անհարմարություններ պատճառելով այսօր փողոց դուրս գանք, քան երկու ամսից տեսնենք, որ բլոկադայի մեջ ենք ու պատերազմի սպառնալիքի տակ»

Նոյեմբեր 27,2023 23:13

«Իշխանափոխության պահանջով ձեւավորված «Զանգ» շարժումը երրորդ օրն է՝ հանրային իրազեկում է իրականացնում Երեւանի կենտրոնական փողոցներում։ Նրանց  ակցիաները չեն անցնում առանց ոստիկանության հետ խնդիրների։ Մասնավորապես, երեկ բերման էր ենթարկվել շարժման ութ մասնակից, իսկ այսօր քայլերթի սկզբում արդեն երեք ակտիվիստի ոստիկանության մեքենայով տեղափոխեցին բաժանմունք։

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը, որ միացել է շարժմանը, Aravot.am-ին ասաց․ «Նախաձեռնողները՝ Միքայել Նահապետյանը եւ Սուրեն Սահակյանը, այս շարժումը սկսել են նպատակ ունենալով փոխել իշխանությունը, քանի որ նա ունակ չէ դիմակայել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Ադրբեջանը արդեն մոտ մեկ տարի ակտիվորեն աշխատում է արեւմտյան Ադրբեջան կոնցեպտի շուրջ,նամակներ է հղում ՄԱԿ եւ այդ միջոցով հիմք է ստեղծում լայնամասշտաբ ագրեսիայի համար։ Իսկ Հայաստանի իշխանությունը կանգնում ու հայտարարում է, թե մենք պետք է հրաժարվենք Անկախության Հռչակագրից, Արցախից, Արարատ լեռից, վերջերս էլ հայկական մետաղադրամների վրա Հայոց Զինանշանից, մեր ինքնությունից, մեր արմատից եւ դրանից հետո խաղաղ կլինի։

Այսինքն, այն ամենից ինչը մեր պետությունը յուրահատուկ է դարձնում։ Իսկ դա ոչ միայն խաղաղություն չի բերում, այլեւ մեզ կանգնեցնում է նոր ագրեսիայի առաջ։ Ու քանի որ ինքս տեղյակ եմ, հետեւում եմ, տեղյակ եմ Ադրբեջանի քաղաքականությանը, աջակցում եմ այս շարժմանը, քանի որ հասկանում եմ ռեալ վտանգները, որ կարող է երկու-երեք ամսից կանգնենք շատ լուրջ խնդիրների առաջ, եթե Ադրբեջանը գնա նոր ագրեսիայի Հայաստանը Վրաստանին եւ Իրանին կապող ուղիների ուղղությամբ։ Մեր նկատմամբ կարող է բեմադրվել նույն սցենարը, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ուղղակի մենք գնալու տեղ այլեւս չունենք։ Հետեւաբար, մենք պետք է կարողանանք այդ ժամանակը օգտագործել, իշխանությունը փոխել, ձեւավորել նորմալ, պրոֆեսիոնալ պետականամետ կառավարություն, որն այս երկրի շահերը կսպասարկի եւ կկարողանա դուրս բերել այս ծանր վիճակից։

Վիճակն իրոք բարդ է, բայց անելանելի չէ։ Եվ այն հեքիաթները, որ պատմում են, թե լուծում չկա, մենք դաշնակից չունենք, մեզ ոչ-ոք չի սիրում, դա ընդամենը իրենց անկարողության հետ կապված միֆերն են, միջոց են։ Այսինքն, իրենք այդ տեղեկատվական գրոհն անում են ու մարդիկ ասում են, դե լավ, երեւի ելք չկա, այս մարդն ինչ անի։ Ու հետո մենք բախվում ենք հաջորդ հարվածի, հաջորդ պատերազմի ռիսկի, հաջորդ  կորուստների հետ։ Ու այսպես դա որեւէ կետում դադար չի առնում։

Թեկուզ եղանակային պայմանները բարենպաստ չեն, ժամանակահատվածն այդպիսին չէ, բայց ես կարծում եմ՝ ավելի լավ է մենք մեզ անհարմարություններ պատճառելով այսօր փողոց դուրս գանք, քան երկու ամսից առհասարակ տեսնենք, որ բլոկադայի մեջ ենք, բարդ իրավիճակում ենք, պատերազմի սպառնալիքի տակ ենք եւ ոչինչ անել չենք կարող»։

Մեր հարցին, թե այդ երկու-երեք ամիսը ի՞նչ հաշվարկով է ի հայտ եկել, Տաթեւ Հայրապետյանը պատասխանեց․ «Եղանակային պայմանների առումով Ալիեւը կսպասի։ Նա դեռ պետք է մարսի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ Առաջիկայում տոնական շրջանն է սկսվում, իսկ դրանից հետո քաղաքական իրավիճակը բարդանալու է․ Ռուսաստանում ընտրություններ, ԱՄՆ-ում ընտրություններ։ Ինքն օգտագործելու է այդ վակուումը եւ  անցնելու է գործողությունների»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930