Լրահոս
Օրվա լրահոսը

Որ գյումրեցի կանայք ու աղջիկները խայտառակ վիճակում չհայտնվեն․ 30 նոր «գազելներ»՝ դարձյալ ռուսական մակնիշի

Նոյեմբեր 27,2023 20:30

Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելով այս քաղաքի սոցիալական և տնտեսական ենթակառուցածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը՝ մասնավորապես 20 փողոցների հիմնանորոգման, տրանսպորտային նոր միջոցների, աղբատարների ձեռք բերման հարցը։

Նախքան ավագանու նիստն՝ այս հարցերի շուրջ հանրային լսում էին կազմակերպել, որն անցել էր գրեթե դատարկ դահլիճում, ավագանու անդամների գերակշիռ մասը չէր եկել քննարկման։ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն այդ հարցը բարձրաձայնել էր՝ հորդորելով այնպես անել, որ անտարբեր չմնան քաղաքին առնչվող կարևորագույն խնդիրների քննարկմանը։

Ինչևէ, հանրային քննարկման ժամանակ զեկուցվեց այն մասին, որ Գյումրու համայնքապետարանը պատրաստվում է 20 նոր միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ ձեռք բերել, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 361 միլիոն 533 հազար 320 դրամ է, համայնքի ներդրումը 55 տոկոսն է՝ 198 միլիոն 843 հազար 326 դրամի չափով։

Սակայն, ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ թե՛ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը և թե՛ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն առաջարկեցին ձեռք բերել 30 հատ՝ այսպիսով լուծելով այս խնդիրը, քանի որ 20 բավարար չէ քաղաքի տրանսպորտային կարիքը լուծելու համար։

Ավագանու արտահերթ նիստի ժամանակ ևս օրակարգ մտցրեցին 20 թիվը, որի ի պատասխան՝ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը դարձյալ առարկեց․ «Մենք հանրային քննարկման ժամանակ էլ ակտիվ խոսեցինք, բայց հիմա էլ կասենք․ 20 միկրոավտոբուս որ ձեռք ենք բերում, որ ի՞նչ անենք»։

Վարդևան Հակոբյանը նշեց, որ խայտառակ իրավիճակ է կարևոր երթուղիներից մեկում՝ թիվ 22-ում, նստատեղերն են դուրս են հանել։ Նա հարցրեց՝ ո՞վ է վերջապես այդ խայտառակ վիճակի համար պատասխան տալու։

«Ես մի անգամ էլ ասացի՝ 22 համարից հանել են միջի նստատեղերը, մեր կանայք, մեր աղջիկները չգիտեմ ո՞նց են երթևեկում»։

Գյումրու քաղաքապետը, դիմելով տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանին, հարցրեց՝ նման խնդիր չկա՞ր չէ ձեր ստուգման ժամանակ։

«Զարթոնք» խմբակցության ղեկավարը դարձյալ հետաքրքրվեց, թե ինչու ձեռք չենք բերում 30-35 հատ, որպեսզի փոխենք նաև թիվ 22 երթուղու միկրոավտոբուսները։

«Քաղաքի կարևոր բաղադրիչն է, մենք խնդիր ունենք լուծելու, տրանսպորտով ապահովելը մեր պարտականությունն է, հատկապես շախմատի դպրոցի կառուցման գումարը սուբվենցիոն ծրագրերից դուրս է եկել։ Ո՞վ պիտի պատասխան տան, որ 2024 թվականին թիվ 22-ը ՍՊՆ-ն էդ մաշված միկրոավտոբուսներով աշխատեցրել է։ Լուրջ խնդիր եմ տեսնում»,-ասաց Վարդևան Հակոբյանը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը համաձայնեց՝ 20 թիվը դարձնել 30։

Ավագանին 24 կողմ ձայնով որոշում ընդունեց։

Նկատենք, որ ավագանու նիստի ժամանակ չխոսվեց այն մասին, թե ինչ մակնիշի միկրոավտոբուսներ պիտի ձեռք բերեն, այդ մասին համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետից ավագանու ընդդիմադիր անդամները հարցրել էին հանրային լսման ժամանակ։

«Իմիջայլոց, գյումրեցիներն այն մասին են հարց բարձրաձայնում, թե ամբողջ աշխարհը գնում է զարգացման, մենք ի՞նչ միկրոավտոբուսներ ենք ձեռք բերելու, էլի ռուսական գազելների ենք ձեռք բերելո՞ւ»,-հարցրել էր Վարդևան Հակոբյանը։

Պաշտոնյան տեղեկացրել էր, որ ունեցած ֆինանսական միջոցները հնարավորության են տալիս դարձյալ ձեռք բերել ռուսական մակնիշի «գազելներ»։

Նկատենք սակայն, որ սուբվենցիոն ծրագրով ավելի վաղ Գյումրի համայնքի կողմից ձեռք բերված ու շահագործման հանձնված թվով 66 նոր միկրոավտոբուսները ոչինչ չեն փոխել գյումրեցու կյանքում։ Որպես ուղևոր, ով գրեթե ամեն օր օգտվում է միկրոավտոբուսներից, կարող ենք փաստել, որ կան ժամեր, երբ կանգնելու տեղ անգամ չի լինում (ի դեպ, ռուսական մակնիշի «գազելները» նեղ են ու կանգնելու համար անհարմար), միկրոավտոբուսները ծանրաբեռնվածությունից գրեթե շուռ են գալիս, սակայն համայնքապետարանի տրանսպորտային բաժնի պատասխանատուներն այս ամենը կարծես չեն նկատում․ անվտանգության ոչ մի կանոն չի պահպանվում։

Ավագանու նիստը՝ ստորև

Լուսանկարները՝ Գյումրու համայնքապետարանի ՖԲ էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930