Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերակատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «Իմ գնահատականները հնչեցնում եմ նաև՝ որպես տնտեսագետ և կարող եմ ասել, որ Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ: Մեր համագործակցության արդյունքում է նաև, որ մենք ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն»,– ասել է նախագահը:
Վահագն Խաչատուրյանը հույս է հատնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգրկելով տնտեսության նոր ոլորտներ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին աջակցելու, մշտապես ընդառաջելու համար, ինչպես նաև հայտնում եմ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նախագահը:
Կարդացեք նաև
Մասացուգու Ասակավան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից մեկնարկած փոխգործակցության մասին: «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը վերջին 18 տարիների ընթացքում մեզ հետ ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ցանկանում եմ հայտնել մեր հաստատուն հանձնառությունն՝ աջակցելու կառավարությանը և Հայաստանի ժողովրդին: Հպարտ եմ ընդգծել, որ որպես երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ գործընկերներից մեկը, մենք ցանկանում ենք շարունակել մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը»,– նշել է Ասիական զարգացման բանկի նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման և խթանման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրային տնտեսության և այլ ոլորտներում ընթացիկ ծրագրերի իրականացմանն ու նոր նախագծերի մշակման ուղղություններին:
ՀՀ նախագահի աշխատակազմ