Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչքան ելակով բանակ զարգացրեցինք, այնքան էլ գունավոր լույսով համայնք ենք զարգացնելու». Սյուզաննա Ավետիսյան

Նոյեմբեր 27,2023 19:03

Ջերմուկում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են։

Ինչևէ, վերջին շրջանում բոլորը ուրախանում են, որ Ջերմուկում ժայռեր են լուսավորել։ Քավ լիցի, ես էլ եմ ցանկացած սիրուն բանից ուրախանում։ Բայց այս ծրագրին ի սկզբանե վերապահումներ եմ ունեցել։ Հիմա հիմնավորեմ, թե ինչու.

1․ Նախ ասեմ, որ այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ այսինքն համայնքի (ջերմուկցիների) և պետության (ժողովրդի) փողերով։ Ոչ մի անհատ կամ բիզնես այստեղ ոչ մի լումա չի ֆինանսավորել։ Ընդհանուր արժեքը նախնական ծրագրի կազմել է 43,612,884 դրամ, որից 17,445,154 դրամը 40%-ը համայնքի կողմից է (ծրագրի հղումները տես)։

2․ Ցանկացած ծրագիր պետք է բխի համայնքի/մարդկանց կարիքներից և առաջնահերթություններից, ինչպես նաև լուծի առնվազն մեկ խնդիր։ Այս ծրագիրը ոչ մի խնդիր չի լուծում բացարձակ, առավել ևս առաջնահերթություն չի (ոչ մի փաստացի ուսումնասիրություն չկա)։ Ըստ ներկայացված ծրագրի խնդիր չկա ձևակերպված, իսկ անհրաժեշտ է նրա համար, որ տուրիստների մեծ հոսք լինի։ Այսքան ժամանակ ոչ մի տուրիստի չեմ հանդիպել Ջերմուկում, որ ժայռի չլուսավորվածությունը իր համար խնդիր լինի, բայց հանդիպել եմ մի շարք տուրիստների, ովքեր բարձրաձայնել են, որ համայնքում ժամանցի անցկացման ու կազմակերպման լուրջ խնդիր կա, որը ի դեպ խնդիր է նաև համայնքի բնակիչների համար։ Այս դեպքում ինչպե՞ս է որոշվել, որ ժայռի վրա լույս չլինելը խնդիր է (այս հարցը ավագանու նիստում էլ եմ տվել) ։

3․ Ծրագրում նշվում է, որ տուրիստների հոսքը կխթանի հյուրանոցների եկամտի ավելացմանը։ Իսկ դա ի՞նչ է տալիս համայնքի բնակչին։ Արդյո՞ք ավելանալու են սպասարկման ոլորտում աշխատող տեղացիների աշխատավարձերը։ Թե՞ բիզնեսները սկսելու են սոցիալական պատասխանատվություն կրել համայնքի նկատմամբ․ օրինակ վճարելու թոշակառուների կոմունալ ծախսերը, անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձերը և այլն։ Ի՞նչ է տալու դա համայնքի բնակչին առհասարակ, եթե ծախսվում են հանրային գումարները։

4․ 2022թ․ Ջերմուկի վրա թշնամու ագրեսիայից հետո բազմիցս բարձրաձայնել ու առաջարկել եմ, որ պետք է համայնքի ծրագրերում փոփոխություններ լինեն։ Դա կառավարման տրամաբանությունից դուրս է, որ համայնքի նկատմամբ նման գործողությունը ազդեցություն չունենա ծրագրերի, առաջնահերթությունների և ռազմավարության վրա։ Ասենք Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմ սկսելուց հետո, հեռավոր Շվեդիայի համայնքներում ծրագրերի փոփոխություններ են արել։ Ինչպե՞ս է հնարավոր համայնքը ռմբակոծեն, թշնամին սահմաններդ գրավի ու ոչ  մի բան չփոխվի։

5․ Միայն լուսավորելով հարցը չի փակվում։ Տարեկան ինչքա՞ն է վճարվելու համայնքի կողմից էլեկտրականության համար կամ ինչքա՞ն են կազմելու սպասարկման ծախսերը։

Ու սա արվում է մի համայնքում, որտեղ պատերազմից հետո մահամերձ է տուրիզմի ոլորտը ու հաստատ ոչ մի գունավոր լույս տուրիստին չի բերելու Ջերմուկ, եթե սարի գլխին թշնամին տեղավորվել է ու անվտանգային խնդիրներ կան։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել համայնքից, հիմնականում երիտասարդ ընտանիքներ, Աջափնյակ թաղամասի դպրոցը փակման եզրին է աշակերտների թվի կրճատման պատճառով, համայնքում կան շենքեր (Շահումյան 19, 27), որոնք կիսաավեր են ուղղակի ու հանրային տրանսպորտի լուրջ խնդիր ունեն երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանելու։ Թշնամին խափանել է համայնքի ոռոգման ցանցը ու օկուպացրել դրանց աղբյուրների տարածքները՝ անհնարին դարձնելով վերականգնելու դա։ Համայնքում բնակիչները ունեն ապաստարանների, բարոյահոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիրներ։ Ունենք ավելի քան 150 տեղահանված արցախցիներ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ և մեր աջակցության կարիքը։

Համայնքում խնդիրները բազում են, բայց ոչ համայնքային , ոչ էլ պետական մակարդակով ոչ մի գնահատում չի իրականացվել, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան, ինչքանով է պատերազմը ազդել համայնքի վրա։

Սա ոչ միայն ոչ կոմպետենտության, պոպուլիզմի, անձերի ամբիցիաների, այլ նաև մարդկանց համատարած անպատասխանատվության ու անտարբերության արդյունքն է։ Ոչ ոք պահանջատեր չէ, պատասխանատու չէ, ցանկություն չունի, մոտիվացիա չկա։

ՀԳ․ Ինչքան ելակով բանակ զարգացրեցինք, այնքան էլ գունավոր լույսով համայնք ենք զարգացնելու։

ՀԳ․1․ Միգուցե թշնամին սարի գլխից տեսնի լույսերը, ավելի սովածանա ու հետ գնա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930