Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը հակասահմանադրական է»․ ավտոներկրողները բողոքի ցույց են անում նախագահականի մոտ

Նոյեմբեր 27,2023 17:05

Ավտոմեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էին անում։ Հիշեցնենք, որ նրանք հինգշաբթի օրն էլ կառավարության շենքի մոտ էին ցույց անում, բողոքում էին նոյեմբերի 16-ին ընդունված օրենքից։ Ցույցի մասնակիցների պնդմամբ՝ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքով՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», չափազանց բարձր հարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար:

Այսօր ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ նախագահին նամակ փոխանցեցին, խնդրանքով՝ չստորագրել խնդրահարույց օրենքը։

Վարդան Օնանյան

Լրագրողների հետ զրույցում «Ամերիքըն գլոբալ գրուպ» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր, ավտոներկրող Վարդան Օնանյանը, որը «Երկիր մեդիա» ՀԸ-ի լրագրող է, ասաց, որ նախորդ ցույցից հետո կառավարությունից արձագանք չեն ստացել, ՊԵԿ-ից՝ նույնպես։

«Մեր խնդրանքն այն է, որ այս օրենքն այսպես հապճեպ չկիրառվի, հատկապես դեկտեմբերի 1-ից կիրառելով՝ բոլորս փաստի առաջ ենք կանգնելու։ Տասնյակ հազարավոր հաճախորդներ, ովքեր ավտոներկրողների հետ պայմանագրեր ունեն, սպասում են իրենց մեքենաներին կամ այդ ավտոներն արդեն Հայաստանում են, բայց պատրաստ չեն գրանցման, խնդրի առաջ են կանգնելու։ Նախագահը մինչեւ դեկտեմբերի 15-ը ժամանակ ունի օրենքը ստորագրելու կամ չստորագրելու, ՍԴ ուղարկելու։ Պատկերացրեք՝ չի ստորագրում կամ ուղարկում է ՍԴ»,-ասաց Օնանյանը։

Նրա վստահեցմամբ՝ մինչ օրենքի ընդունումն այն չի էլ քննարկվել շահառուների հետ, եթե քննարկում եղել էլ է, ինչպես Օնանյանն ասաց, խնդիրը խորությամբ չի ուսումնասիրվել․ «Մենք պետք է ժամանակ ունենայինք, որպեսզի ավելի վաղ կնքված պայմանագրերով, որպես գործարարներ, նոր խաղի կանոնները հաշվարկեինք, ինչի հնարավորությունը չենք ունեցել։ Նաեւ մեր խնդրանքն է՝ խտրական վերաբերմունք չցուցաբերվի դիլեր, դիստրիբյուտոր համարվող ընկերությունների եւ մեզ նման ընկերությունների միջեւ։ Ավտոսրահներ կան, որոնք համարվում են դիստրիբյուտորներ, իրենք կարող են ավտո ներկրել 20 միլիոն դրամով, բայց վաճառեն 20 միլիոն 1 դրամով, դա իրենց գործն է, բայց մեզ պարտադրում են ½ գործակից կիրառել, այսինքն՝ իբրեւ թե 20 միլիոն եկամուտ ունենանք, որից էլ շահույթ տանք։ Մենք այդքան եկամուտ չունենք»։

Օնանյանի կարծիքով՝ օրենքի այսպես հապճեպ ընդունումն ու կիրառումը մի բանի մասին է խոսում՝ կառավարությունն ուզում է եկող տարվա բյուջեում ավելի շատ մուտքեր ապահովել այս ոլորտից․ «Բայց ավելի քիչ կլինեն մուտքերը, եթե այսպես շարունակվի»։

Ավտոներկրողների դիտարկմամբ՝ օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ թերհայտարարագրումներ կան, եթե այդպես է, թող պատասխանատվություն կիրառեն թերի հայտարարագրողի նկատմամբ, ոչ թե օրենք ընդունեն եւ համատարած բոլորի վրա նման միջոց կիրառեն։

Օնանյանն ասաց, որ արտերկրից ներկրվող մեքենաների գերակշիռ մասը վթարված են լինում, քանի որ դրանք ձեռք են բերում ավտոաճուրդներից ավելի էժան գներով, քան ավտոսրահների մեքենաների գներն են։

Ավտոներկրողները մի խնդրանք էլ ունեն՝ օրենքով փոփոխություն լինի, ասենք այդ վթարված մեքենայի նորոգումից հետո գնորդը տանի համապատասխան ստորաբաժանումներում դրա գրանցումը ստանա։

Օնանյանն ասաց, որ եթե նույնիսկ պարտադրելու են դեկտեմբերի 1-ից այս օրենքով առաջնորդվել, ապա գոնե այն տարածվի դեկտեմբերի 1-ից հետո կնքված պայմանագրերի վրա, այլ ոչ թե հետին թվով․ «Մեզ մի քանի ամիս ժամանակ գոնե տան»։

Գառնիկ Դանիելյան

Բողոքի ցույցի մասնակիցներին աջակցության էր եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա այս օրենքը հակասահմանադրական որակեց, ասաց՝ աբսուրդային օրենք է, ինչի մասին խորհրդարանում էլ ասել են․ «Զգուշացրել էինք, որ այս օրենքն ընդունելուց հետո բազմաթիվ խնդիրներ են առաջանալու ավտոներկրողների մոտ։ Այս ոլորտը, ինչպես մնացած ոլորտները, կառավարությունը տանում է անկման։ Հայաստանը ԵԱՏՄ-ում ավտոմեքենանների ներկրման շուկայում զբաղեցրած դիրքը կորցնելու է շատ կարճ ժամանակաշրջանում, եթե օրենքն այսպես կիրառվի։ ԵԱՏՄ երկրները տասը տարուց ավելի է՝ այստեղից են գնում ավտոներ, միլիարդավոր դոլարների գումար է մտել երկիր։ Այս օրենքի հետևանքով կարճ ժամանակ հետո անկում կարձանագրվի»։

Դանիելյանի ներկայացմամբ՝ այս օրենքով, փաստորեն, ավտոներկրողներին ստիպում են 20% շահույթ ունենալ․ «Ասում են՝ քեզ կպատժեմ, եթե 20% շահույթ չունենաս։ Չունի շահույթ, ի՞նչ անի, պարտք վերցնի, մինուսով աշխատի, բերի էդ տոկոսը տա՞։ Այս օրենքը վիճարկվելու է»։

Բողոքի ցույցի մասնակիցները վստահեցնում էին՝ եթե օրենքը կիրառվի, շատ ընկերություններ «բանկրոտի» կենթարկվեն, այն մեքենաները, որոնք դեռ ճանապարհին են, բայց արդեն վաճառքի պայմանագիր կա, ինչպես են արդեն ավելացված հարկը վճարելու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930