ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ամփոփելով անցած շաբաթվա իրադարձությունները՝ խոսեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով Անդրանիկ Քոչարյանի հրավերն ընդունելու եւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու մասին:
«Նախ, այդ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը ավարտվել է: Թե ինչ ժամկետում է այդ հանձնաժողովը գործում, սահմանված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Հետեւաբար, այնտեղ գնացող մարդը պիտի հարցնի. այդ հանձնաժողովը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ: Ակնհայտորեն դա այլեւս լեգիտիմ չէ:
Երկրորդ. այդ հանձնաժողովի ստեղծման նպատակն է՝ ուսումնասիրել 44-օրյա պատերազմի հանգամանքները: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ զբաղեցնում էր ռազմահայրենասիրության եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, ի՞նչ դեր է ունեցել պատերազմի ժամանակ, որ պիտի այդ հանձնաժողով ներկայանա՝ բացատրություններ տալու: Այդ պատերազմի ժամանակ իր դերակատարումը ո՞րն է եղել: Հետեւաբար, հարց. ինչի՞ է գնում այդ հանձնաժողով:
Եթե գնացել ես այդ հանձնաժողով, առաջին հերթին որպես 44-օրյա պատերազմի հանգամանք պետք է ինքդ հանձնաժողովի անդամներին հարցեր տաս: Օրինակ, հանձնաժողովի նախագահին պիտի հարցնես. եթե Հայաստանում միաժամանակ հայտարարված էր եւ արտակարգ դրություն եւ ռազմական դրություն, դու էլ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն էիր, դու Արցախում ի՞նչ ղալաթ էիր անում: Ի՞նչ գործ ուներ նա եւ իր հանձնաժողովի էլի անդամներ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ: Փոխարենը Շահրամանյանը պատասխան պահանջի՝ պատերազմը իրենց երկիր բերելու, դրա հետեւանքների եւ իրենց տեղահանելու համար, ինքն է գնացել ու պատմում է, թե բենզինի, դիզվառելիքի կայանում պայթյունը ոնց է տեղի ունեցել, ինքը ինչ հանգամանքում է դարձել Արցախի նախագահ»,-ասաց պարոն Ղազարյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ արձանագրեց, որ տվյալ պարագայում Սամվել Շահրամանյանի կյանքը, այն էլ ոչ ամենանպաստավոր շրջանի, կապ չունի 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ, առավել եւս, որ նա, նրա Հայաստանում գտնվելը, պատերազմի հետեւանք է:
Էդգար Ղազարյանը տարակուսանք հայտնեց, որ արցախցիները չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել:
«Սամվել Շահրամանյանին որպես ի՞նչ են կանչել: Արցախի նախագա՞հ: Նրան կանչել են մի ազգային ժողով, որի նախագահն ասում է, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար: Այսինքն, եթե Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է, ուրեմն ըստ այդ Ազգային ժողովի եւ դրա նախագահի պատկերացումների, նա սպառնալիք է Հայաստանի համար: Բա որ սպառնալիք է, սպառնալիքին ո՞նց եք կանչել Ազգային ժողով: Իսկ եթե նա Արցախի նախագահ չէ, ինչի՞ է գնացել Ազգային ժողով: Սեպտեմբերի 21-ից մինչեւ 26-ը Արցախից 108 հազար արցախցի է եկել Հայաստան: Նրանց բոլորին պետք է կանչեն քննիչ հանձնաժողո՞վ: Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմում ոչ Արցախի նախագահն է եղել, ոչ պետնախարարը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ պաշտպանության շրջանի հրամանատար: Ինձ հետաքրքիր է նաեւ, թե նա ի՞նչ անձնագրով է գնացել այնտեղ: Արցախցիներին ասում են՝ արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն: Ուրեմն նշանակում է, որ Սամվել Շահրամանյանի գրպանում գտնվող անձնագիրը նույնպես ճամփորդական փաստաթուղթ է:
Մինչեւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը եւ Արցախի հայաթափումը, Արցախի իշխանությունների ֆունկցիոնալ գործունեությունը դիտարկվել է որպես Ադրբեջանի անվտանգության սպառնալիք: Մեր անվտանգության առաջնահերթությունները եւ մեր անվտանգության սպառնալիքները նկարագրված են ոչ թե Ալեն Սիմոնյանի դատողություններով, այլ Հայաստանի Հանրապետության անվտանգության դոկտրինով, որը վերջին անգամ հաստատվել է 2020 թվականին, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: Եվ այնտեղ գրած չէ, որ Արցախի իշխանությունները անվտանգության սպառնալիք են»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էդգար Ղազարյանը շատ տրամաբանական հարցեր է բարձրացնում հաձնաժողովի ժամկետանցության և լիազորությունների վերազանցման մասին: անդրանիկ քոչարյանն իրեն դրել է ռազմական գործերի գիտակի տեղ և ձև է բռնում թե լուրջ գործերով է զբաղված, բայց Արցախի գլխին աղետ բերած քպ-ական վերնախավին չի հաջողվելու իրենց մեղքերը բարդել Արցախի այս կամ այն իշխանավորի վրա և հասարակության ուշադրությունը շեղել իրականությունից: Հայաստանը փոքր երկիր է և բոլորն էլ շատ լավ գիտեն թե ով ով է և ինչ փորացավեր ունի: