Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի գործով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդության լուծումը հետաձգվեց․ դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը. «Փաստինֆո»

Նոյեմբեր 27,2023 14:20

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները պահանջում են անթույլատրելի ճանաչել քրեական գործով բոլոր ապացույցները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել գործով ձեռք բերված բոլոր ապացույցները՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործի քննությունն իրականացվել է քննչական ենթակայության խախտմամբ։ Մասնավորապես, գործը հարուցվել է «Երևան Շին» ընկերությունում իրականացված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա, որոնք, ըստ նախաքննական մարմնի, տվյալներ են պարունակել 2017թ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու մասին, մինչդեռ, ՀՀ ԱԱԾ-ն չէր կարող քննել ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործը, ըստ ենթակայության՝ այն ՀՔԾ տիրույթում էր, ըստ այդմ, քրեական գործի հարուցումն ի սկզբանե եղել է խախտմամբ, իսկ ձեռքբերված բոլոր ապացույցները՝ անթույլատրելի։

Էմին Խաչատրյանը արձանագրեց, որ քննիչը պարտավոր էր իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերած հանցագործության մասին տվյալներ պարունակող, քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումն ուղարկել ՀՔԾ՝ ըստ քննչական ենթակայության։

Բացի այդ, փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ եթե հայտնաբերված փաստաթղթերն ինքնին բովանդակում էին հանցագործության հատկանիշներ, ապա նախաքննական մարմինը որևէ քննչական և դատավարական գործողություն չի իրականացվել՝ պարզելու փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների իսկությունը։ Պաշտպանության կողմի համոզմամբ՝ դրանց նշանակություն չի տրվել, քանի որ դրանք անհայտ ծագման, անստորագիր, տպագրված ոչ արժանահավատ թղթեր են, որոնք հիմնականում բովանդակում են տեղեկություններ՝ նախընտրական ծախսերի մասին։ Հանրային մեղադրող Դավիթ Աղաջանյանն առարկեց միջնորդության դեմ։ Դատախազը նաև հայտնեց, որ փաստաթղթերի հայտնաբերումից հետո ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը որևէ ցուցմունք չի տվել, իսկ փաստաթղթերն ինքնին հանցագործության հատկանիշներ չի պարունակել, նա ցուցմունք է տվել ավելի ուշ, ինչից հետո հիմքեր են առաջացել քրեական գործ հարուցելու համար։ Դատախազը զերծ մնաց մանրամասնելուց, թե ինչ ցուցմունքներ են տրվել։
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը։ Դատարանն անցավ հիմնական դատալսումներին՝ ապացույցների հետազոտմանը։ Դատախազ Աղաջանյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն:

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930