Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են դպրոցները դժվարանում ԿԳՄՍՆ տրամադրված աբոնեմենտով ներկայացում նայել

Նոյեմբեր 27,2023 14:13

Aravot.am-ը դպրոցներից մտահոգություններ է ստացել, որ ԿԳՄՍ նախարարության տրամադրած աբոնեմենտներով հնարավոր չի լինում հաճախել այն ներկայացումներին, որոնք պահանջված են: ԿԳՄՍ նախարարությունը ներդրել էր «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որ շրջանակում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային թանգարան, թատրոն, համերգասրահ: Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները, տոմսերի տրամադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Aravot.am-ին տարբեր դպրոցների ծնողներ եւ ուսուցիչներ հետեւյալը փոխանցեցին, որ այս տարի դպրոցներին տրվել են թատրոն եւ թանգարան այցելելու աբոնեմենտներ եւ ասել են, որ դրանք գործում են անխտիր բոլոր թատրոնների համար եւ խաղացանկային հատուկ նշումներ չկան: Մինչդեռ, ըստ ծնողների եւ մանկավարժների, թատրոնների մեծամասնությունը աբոնեմենտային կտրոններով աշակերտներին տարբեր պատճառաբանություններով չի ընդունում, օրինակ՝ ասում են, որ այլես տեղեր չկան. «Մեկ ամիս առաջ զանգահարում ենք, ասում են՝ խաղացանկը պարզ չէ, եւ հայտնի չէ՝ տվյալ ներկայացումը կլինի՞, թե՞ ոչ, երբ խաղացանկը հստակ է լինում, այդ դեպքում էլ՝ ասում են տեղ չկա»: Խնդիրը ընդգծվում է հատկապես պահանջված ներկայացումների պարագայում»:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանից: «Ծրագրի մեկնարկից սկսած՝ որոշակի խնդիրներ ենք ունեցել հատկապես թատրոններում տեղերի ամրագրման հետ կապված: Ճիշտն ասած, այս տարի ծրագիրը որոշակի բովանդակային փոփոխություն է կրել՝ հաշվի առնելով այցելությունները, դժգոհությունները, տարեվերջյան ցուցանիշները:

Այժմ նախկինում գործող 3 այցելությունների փոխարեն՝ 2023թ սեպտեմբերից 2 մշակութային հաստատություն է նախատեսվում այցելել՝ թանգարան եւ թատրոն: Համերգասրահային բաղադրիչը դուրս է եկել մի քանի սկզբունք հաշվի առնելով: Գոնե 1-4-րդ դասարանցիների համար համերգային ծրագրերին մասնակցությունը որոշակի դժվարություններ է առաջացնում: Բացի դրանից, երաժշտական բաղադրիչով նախարարության կողմից բավականաչափ կրթական ծրագրեր կան, դրա համար էլ համերգային բաղադրիչը թողնվել է այդ ծրագրերի շրջանակում:

Ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ որպեսզի ինքնանպատակ այցելություն չլինի թատրոն եւ թանգարան, դրանք այսուհետեւ պետք է արվեն դպրոցական ծրագրին համապատասխան, թեմատիկ ծրագրի շրջանակում: Դրանք չպետք է լինեն զուտ ճանաչողական շրջայցեր»,-ասաց Աստղիկ Մարաբյանը:

Ինչ վերաբերվում է թատրոններին, վարչության պետն ասաց, որ նույն սկզբունքը գործում է նաեւ նրանց պարագայում. «Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է 1400 դպրոցի, 360 հազար աշակերտի մասին եւ ավելի քան 100 մշակութային կազմակերպության մասին: Այժմ ադապտացիոն շրջան է գնում, այս շաբաթ թատրոնների խաղացանկերը, որոնք համապատասխանում են տվյալ տարիքային եւ որոշակի ուսումնական ծրագրերին, արդեն հասանելի կլինեն ktak.am հարթակում, որտեղից դպրոցները կարող են ընտրել համապատասխան դասարանի համար հարմար ներկայացումը եւ ամրագրում անել»:

Նա ասաց, որ այս փուլում դեռեւս հնարավոր չէ էլեկտրոնային եղանակով ամրագրում անել, բայց նախարարությունն արդեն իսկ աշխատանքներ է տանում, որպեսզի հաջորդ փուլերի համար ամրագրումները լինեն էլեկտրոնային եղանակով. «Էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն թե թանգարանային ծրագրերը, թե թատրոնների խաղացանկերը՝ ըստ համապատասխան տարիքային առանձնահատկությունների, որտեղից հնարավոր կլինի ամրագրում անել: Այս պահին դեռեւս մեր ավանդական տպագիր տոմսային համակարգն է գործում, սակայն դպրոցներին առցանց հասանելի կլինեն բոլոր խաղացանկերը, կարող են զանգել եւ ըստ խաղացանկերի իրենց ամրագրումը կատարել: Մի կարեւոր բաղադրիչ եւս ավելացել է՝ որոշակի տարածքային հեռավորության դեպքում պետությունը փոխհատուցելու է տրանսպորտային ծախսերը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930