Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա էդ ակադեմիական քաղաքը սարքելու փողերը որտեղի՞ց». Սասուն Գեւորգյան

Նոյեմբեր 27,2023 13:54

Նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին

– Պարոն Գևորգյան, ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վարչապետին հարց էիք ուղղել, սակայն պատասխան չեք ստացել։

– Նման սխալ արել եմ, խոսք եմ տալիս, որ էլ չի կրկնվի։ Եթե անկեղծ, ոչ վարչապետն էր սպասում իմ հարցին, ոչ ես նրա պատասխանին, ոչ էլ որևէ մեկը մեր երկխոսությանը գիտության և կրթության խնդիրների շուրջ։ Առաջին հարցը պարզապես չէին բացել՝ դա ցույց է տալիս WhatsApp-ը։ Երկրորդ հարցը կարծես ստացել էին, բայց երևի անիմաստ էին համարել։ Հարցրել էի՝ բա էդ ակադեմիական քաղաք կառուցելու մոտ 10 մլրդ դոլարը որտեղի՞ց։ Իսկ այդ թիվը ստացվում է, երբ որպես հաշվարկի բազա վերցնում ենք Վրաստանում կառուցված մեկ համալսարանի գինը՝ 1,2 մլրդ եվրո, այն դեպքում, երբ այդ համալսարանը տարեկան 250 դիմորդ ունի։

– Դիտեցի՞ք ասուլիսը, ի՞նչ կարծիքի եք։

– Ոչ, իհարկե, միայն մի հատված, որը վերաբերում էր ակադեմիական քաղաքին։ Ընտրել էին մի հարց, որտեղ հնչում էր «բա մենք արտասահմանցիներս ո՞նց գանք այդտեղ աշխատենք» թախանձագին խնդրանքը։ Հարց տվողին չեմ ճանաչում, բայց «Ես ինձ հետ Հայաստան եմ բերում անգլիալեզու գերժամանակակից կենսաբանություն» միտքը նրա հարցադրման մեջ ամեն ինչ ասում է։ Սեփական կետից սկսող տղա է երևի։

– Եվ ի՞նչ կարծիք ունեք այդ կարճ հարցուպատասխանից, եթե հնարավոր է այդ մի հարցով կարծիք կազմել։

-Խնդիրը հարցուպատասխանի կարճ լինելը չէր՝ վերջիվերջո, 5 տարի է՝ հետևում եմ այս իշխանությունների «հաղթարշավին»։ Խելահեղ կադրային քաղաքականությունը, համեմված գիտությունից և կրթությունից բացարձակապես ոչինչ չհասկացող ընտրազանգվածի «ձայներին»՝ անընդհատ հղումներով բերել են այս վիճակին։

Գաղտնիք չէ, որ վարչապետի աշխատանքային փորձը եւ կրթության ցենզը բավարար չեն գիտության և բարձրագույն կրթության մասին բավարար պատկերացումներ ունենալու համար։ Իսկ որպես խորհրդական ունենալ ներկայիս ԿԳՄՍ նախարարին, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահին ու իր տեղակալին՝ լրացնում է գոյություն ունեցող պատկերը։ Ավելին սպասել չենք կարող։ Այդ իսկ պատճառով խուսափում են կոնկրետ պատասխան պահանջող փողի մասին պրոզայիկ հարցից և «մտքի թռիչք» ցուցադրում թախանձագին խնդրանքների չորս բոլորը։

– Եվ ի՞նչ է ձեզ հուշում, ձեր բառերով ասած, այդ մտքի թռիչքը։

–  Չի հուշում, գոռում է ականջիս մեջ՝ ակադեմիական գիտությունից ուզում են անցնել համալսարանականի։ Անվան մեջ խցկելով ակադեմիական բառը իրենց սովորական «կռուտիտներն են» անում։ Իսկ անհեթեթ «կլաստեր» տերմինը մերթ ընդ մերթ օգտագործելով՝ փորձում են պրոֆեսիոնալիզմի խաբկանք ստեղծել՝ ո՞ւմ մոտ, լավ չեմ հասկանում։

Այդ անգլիալեզու բուսաբանի հարցին մի ճիշտ միտք հնչեց որպես պատասխան։ Մոտավորապես սա էր՝ «չէ, տղա ջան, ստեղ դեռ քար ու քռա է»։ Եվ եթե հաշվի առնենք, որ նախորդ օրը կառավարության նիստին վարչապետը խոսեց 100 տարվա ծրագրի մասին, քննարկելով ակադեմիական քաղաքի հարցը, գալիս ենք մի պարզ ճշմարտության՝ «Կամ էշը կսատկի, կամ իշատերը»։ Կարծես այս գռեհիկ ասացվածքի վրա շատերն են հույս դրել։ Գիտությունների ակադեմիայի ակնհայտ պասիվությունը նման մոտեցումով է պայմանավորված։ Վատն այն է, որ այդ ընթացքում մսխվելու են առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցները։ Կառավարության նիստում արդեն մոտ 200 հազար դոլար հատկացրին ինչ որ գերմանական ֆիրմայի, որ տեղազննում անի ու գնա Զվարթնոցը նայի, որ ազգային կոլորիտը չկորի։ Լավ սկիզբ է, պատկերացնում եմ, թե ամեն շենքի, կոյուղու ու այգու նստարանների պրոյեկտները ինչ կարժենան։ Կարելի էր ժպտալ, եթե այսքան ողբերգական չլիներ։

– Ձեր կարծիքով, ինչքա՞ն է տեւելու այս վիճակը։

– Ախուրյանցի Անոյի ու կուրթանեցի Մեխակի ջանը սաղ՝ անվերջ, քանի դեռ գիտության հարցերը փորձելու են լուծել նրանց ձայներին հղում անելով։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930