«Վարկերի տոկոսները դեռ չեն իջել։ Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները ժամանակային լագով են ազդում։ Մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25-ից բարձրացրել ենք մինչեւ 10,75, բայց որեւէ վարկային տոկոս երկրում 6 տոկոսի չափով չի աճել»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա ասաց, որ վարկային տոկոսների աճը եղել է շատ ավելի մեղմ, քան Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորաման տոկոսադրույքի խստացումը։ «2022 թվականի բարենպաստ տնտեսական իրավիճակը, որը հիմնականում արտաքին պահանջարկով էր պայմանավորված, եւ այն միջոցները, որոնք բանկերն աշխատել են 2022 թվականին, դրա մոտ 80 տոկոսը եղել է ոչ ռեզիդենտների հաշվին։ Եվ այդ հավելյալ եկամուտներ աշխատելը թույլ է տվել բանկերին չխստացնել վարկային տոկոսադրույքներն այնքան, ինչքան մեր տոկոսադրույքն է խստացվել։ Ժամանակային լագով մեր որոշումն ազդել է վարկային տոկոսների վրա, մասնավորապես, հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների վրա։ Բայց նաեւ ժամանակային լագ է պետք, որ մեր տոկոսադրույքի դեռ չնչին նվազեցումը ազդեցություն ունենա։ Մենք 6 տոկոս բարձրացրել ենք, հիմա ընդամենը 1,25 տոկոս հետ են բերել»,- նշեց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը նաեւ ասաց, որ Հայաստանի միջին բանկը նախորդ տարի ավելի շատ հարկ է վճարել, քան 1000 հարկատուների մեջ մտնող բոլոր շինարարական ընկերությունները։ «Այսինքն՝ եթե նայում ենք մասնավոր հատվածը, պիտի նայենք՝ ով է գործում բաց, թափանցիկ հատվածում, ով է անցնում միջազգային աուդիտ, ով ունի կապիտալ, ով ինչքան հարկ է վճարում էս երկրում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ