Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ կարող է ծրագիրն ավարտված չէ, կանխավճարը տվել ենք, հանկարծ չլինի, որ Սնուփ Դոգի օրը ընկնենք, փողը տանք, Սնուփ Դոգը չերգի»․ Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 27,2023 12:10

«Այս տարի, երբ կառավարությունը եկավ խնդրեց Սեւանից լրացուցիչ ջրառ կազմակերպելու համար, ես ասացի, որ պրոբլեմն այն է, որ նախարարությունը խրոնիկ կերպով թերակատարում է ջրամբարաշինությունը։ Էլի մենք նույն վիճակի մեջ ենք։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այդ ծրագրերի ձախողումն ուղղակի Սեւանի նկատմամբ ռիսկ է»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հարցրեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին՝ ՏԿԵ նախարարությունը կոնկրետ այս ծրագիրն ինչո՞ւ է անընդհատ ձախողում։

Ի պատասխան Ղալեչյանն ասաց․ «Այն ծրագրերը, որոնք ունեն 2, 3 կամ 4 տարվա կատարման ժամկետ, էապես տարբերվում են այն ծրագրերից ու ֆինանսական պլանավորումից, որոնք այս տարի պետք է ավարտվեն։ Այս տարվա ինն ամիսներին թերակատարման մեջ ընկնող բոլոր ծրագրերն էլ կատարման ընթացքում են, դրանցից մեծ մասը մրցութային գործընթացն անցել են, կան կանխավճարներ»։

Արթուր Խաչատրյանը հորդորեց բացատրել, թե ինչո՞ւ են միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի կատարողականները ներքին ռեսուրսներով իրականացվող ծրագրերի համեմատ ավելի ցածր։ Քրիստինե Ղալեչյանն ի պատասխան ասաց, որ դրանք մեծամասամբ ունեն հողերի իրացման գործընթաց, բնապահպանական բարձր ռիսկեր եւ միջազգային երկակի հաստատման գործընթաց։

«Տիկին Ղալեչյան, դուք որեւէ հարցիս չպատասխանեցիք։ Ես կոնկրետ հարց տվեցի ջրամբարաշինության վերաբերյալ, այդ ծրագրերն ինչո՞ւ են անընդհատ ձախողվում։ Ջրամբարաշինության կատարողականը 33 տոկոս է, որին դուք անընդհատ խուսափում եք պատասխանել։ Հիմա ասում եք՝ դեռ կարող է ծրագիրն էլ ավարտված չէ, կանխավճար ենք տվել։ Հանկարծ չլինի, որ Սնուփ Դոգի օրը ընկնենք, փողը տանք, Սնուփ Դոգը չերգի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

ՏԿԵ փոխնախարարն ասաց, որ այս տարի կան ավարտվող ծրագրեր, որոնք ունեն կատարողականի բարձր մակարդակ։ Մեծ մասն արդեն ավարտական փուլում են, այս փուլում կատարողականները տրամադրման փուլում են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930