Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում ավագանու նիստերը չեն կայանում քվորումի բացակայության պատճառով. «Հետք»

Նոյեմբեր 27,2023 12:05

Իսկ նախարար Գնել Սանոսյանը հավատացած է, որ տեղական ինքնակառավարումը կայացել է

«Հետք». Փարաքար համայնքում 2023թ․–ի ընթացքում 16 անգամ ավագանու նիստ է հրավիրվել, որի կեսը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Համայնքապետարանի աշխատակազմը պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որ կայացած յոթ նիստից երկուսը համացանցով չի հեռարձակվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Նոյեմբերի 24–ին նշանակված նիստը նույնպես չհեռարձակվեց։

Փարաքարում այս տարվա փետրվար և մարտ ամիսներին նշանակված նիստերը կայացել են։ Այնուհետև՝ մարտից մինչև հունիս, ամիսը 4 նիստ է հրավիրվել, որից մեկը՝ հերթական, երեքը՝ արտահերթ, բայց դրանք չեն կայացել քվորում չլինելու պատճառով։ Այսինքն՝ 2023թ․ մարտի 2–ից մինչև հունիսի 6–ը՝ երեք ամիս, ավագանու նիստեր տեղի չեն ունեցել։ Հունիսի 6–ին նշանակված նիստը, ըստ աշխատակազմի, տեղի է ունեցել, բայց չի հեռարձակվել։

Սեպտեմբերին սկսվել է նոր նստաշրջանը, և սեպտեմբերի 12-ին նշանակված առաջին նիստը դարձյալ չի կայացել քվորում չապահովելու պատճառով։ Համայնքապետարանի աշխատակազմը հայտարարել է, որ սեպտեմբերի 29–ին հրավիրված արտահերթ նիստը կայացել է, բայց չի հեռարձակվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Դրանից հետո ևս երեք արտահերթ նիստ է հրավիրվել՝ հոկտեմբերի 6-ին, հոկտեմբերի 12-ին, հոկտեմբերի 18-ին, որոնք նույնպես քվորում չլինելու պատճառով չեն կայացել։

2023թ․ 11 ամիսներին նշանակվել է ընդամենը 6 հերթական նիստ, և հրավիրվել է 10 արտահերթ նիստ։ Սակայն, համայնքի ղեկավարին այդպես էլ չի հաջողվել մինչև տարեվերջ ավագանու որոշումով հաստատել համայնքապետարանի կանոնավոր գործունեությունն ապահովող հիմնական փաստաթղթերը։ Համայնքային բյուջեի կիսամյակային հաշվետվությունն ավագանին չի հաստատել, ավելի ուշ միանգամից 9 ամիսներին է ներկայացվել ավագանուն։

Նոյեմբերի 15-ի ավագանու նիստի օրակարգում ընդգրկել են այնպիսի հարցեր, որոնք տարեսկզբին պետք է ընդունած լինեին։

Փարաքարում ավագանին 21 հոգանոց կազմ ունի։ Միավորված երկու քաղաքական ուժերը ավագանու նիստերին քվորում ապահովելու համար մշտապես 11 հոգով պետք է ներկա գտնվեն, ինչն այս տարի նրանց չի հաջողվում։ Մեկ տարի առաջ ավագանին որոշում է ընդունել ավագանու մշտական գործող երեք հանձնաժողով ստեղծելու մասին, բայց հանձնաժողովներն այդպես էլ չեն ձևավորվել։

Ահա այս իրողության պատկերին, որը միայն Փարաքարում չէ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 10–ին տեղի ունեցած ՏԻՄ 27–ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարում է․ «Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին՝ կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է»։

Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930