«Ներդրումների, արտահանման խթանման ծրագրի կատարողականը եղել է 11,9 տոկոս, «Ապահով դպրոց» ծրագրինը՝ 19,9 տոկոս կամ պետգույքի կառավարման ծրագրինը՝ 22 տոկոս։ Ի՞նչ եք անում դուք նման դեպքերում, երբ ունենք միլիարդավոր դրամներ ներդրված եւ խայտառակ ցածր կատարողական»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանին հարցրեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։ Նա ասաց, որ այլ ծրագրերով եւս թերակատարումներ կան՝ նշելով հատկապես կապիտալ ծախսերը։
Վահան Սիրունյանն ասաց, որ սրանք դեռ երրորդ եռամսյակի ցուցանիշներն են։ «Ճիշտ է, ծրագրերը ցածր կատարողական ունեն, սակայն յուրաքանչյուր առանձին դեպքում այդ կատարողականների ցածր մակարդակն ունի տարբեր բացատրություններ։ Որոշ դեպքերում եռամսյակային պլանավորումները չենք կարողանում հստակ իրականացնել, որպեսզի կարողանան նաեւ կատարողականները համահունչ լինել։ Եթե խոսքը գնում է կապիտալ ծախսերին, մեծամասամբ բացատրություններն այն է, որ աշխատանքները շատ դեպքերում կատարված են, կատարողական ակտերը կամ դեռ չեն հասցրել ներկայացնել, կամ ներկայացրել են, դեռ վճարումները չեն իրականացվել։ Մեծամասամբ նշվում է, որ հոկտեմբեր ամսին նոր կատարվում են վճարումները։ Բայց որ կատարողականը ցածր է իհարկե, այդ խնդիրը կա եւ մտահոգիչ է։ Այդ ուղղությամբ մենք եռամսյակը մեկ կառավարությունում մանրամասն քննարկումներ ենք ունենում կատարողականի վերաբերյալ՝ փորձելով հասկանալ, թե որո՞նք են պատճառները, ո՞ր ոլորտներում ունենք թերացումներ եւ միջոցներ ձեռնարկել դրանք կարգավորելու ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը։
Ըստ Սիրունյանի՝ վերաբաշխում կատարելը ռիսկային էր, քանի որ կառավարությունը դեռ վստահ չէ, որ այդ ծրագրերը չեն կատարվելու։ «Կան բոլոր հիմքերը, որ տարվա վերջում կունենանք շատ ավելի լավ արդյունքներ, քան նույնիսկ նախորդ տարի է եղել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ