«ՀՀ պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 6,4 տոկոսով։ Աճել է համամասնությամբ, քանի որ փոխարժեքը մեծ տատանում չի ունեցել»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7 տոկոսով։
«Պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 454 մլրդ դրամ՝ նախորդ տարվա տարեվերջի 4 տրիլիոն 186,7 մլրդ դրամի դիմաց։ Արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրիլիոն 89 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, կառավարության պարտքը կազմել է 10 մլրդ 790 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման ցուցանիշները եթե դիտարկենք, կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշները փաստացի պահպանվել են, իսկ պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարեվերջի նկատմամբ աճել է 0,7 տոկոսային կետով։ Ըստ էության, պարտքի կառավարման տեսանկյունից մենք գտնվում ենք ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում»,- ասաց նա։
Վահան Սիրունյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է։ Աստիճանաբար ավելացել է դրամային պարտքի մասնաբաժինը, ներքին պարտքի եւ դրամային պարտատոմսերի մասնաբաժինն է ավելացվում։ Ֆիքսված տոկոսադրույքով պարտքը գերազանցել է ռազմավարությամբ սահմանված նվազագույն 80 տոկոսի ցուցանիշը եւ կազմում է 84 տոկոս։
«Մեր պարտքում էական տեսակարար կշիռ ունի երկարաժամկետ պարտքը, սակայն վերջին տարիների ավելացել է կարճաժամկետ եւ միջնաժամկետ պարտքի մասնաբաժինը։ Ներկա դրությամբ երկարաժամկետ պարտքի մասնաբաժինը 81 տոկոս է, միջնաժամկետ պարտքինը՝ 16 տոկոս, կարճաժամկետ պարտքինը՝ 3 տոկոս։ Աճել է դրամային պարտքը, այս պահին այն կազմում է պարտքի 43 տոկոսը, ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքը կազմում է 34 տոկոս, եվրոյով պարտքը՝ 9 տոկոս»,- ասաց Վահան Սիրունյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ