Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը
«Առավոտի» խմբագրություն դիմած 74-ամյա Սիրուն Միսակյանը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանն անձնական կամ խմբային շարժառիթներից ելնելով, իր իսկ նախադեպային որոշումներին եւ ՄԻԵԴ վճիռներին հակասելով, խախտելով դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքը, վարույթ է ընդունել, այնուհետ բավարարել է թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժված Կարապետ Միսակյանի (Ս. Միսակյանի եղբոր) բողոքը։ Ներկայացնում ենք Ս. Միսակյանի նամակը, որով նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում կատարվածին:
Վճռաբեկ դատարանի դատավոոր Գ.Հակոբյանն իր անհամաձայնությունն է հայտնել պատճառաբանական եւ եզրափակիչ մասերում դատավորների մեծամասնության կողմից կայացրած որոշման հետ եւ հայտնել Հատուկ կարծիք։ Համաձայն դատավոր Գ.Հակոբյանի կարծիքի՝ «Նախկինում քննված քաղաքացիական գործով հաստատվել է, որ սույն գործով վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ ներկայացրած Կարապետ Միսակյանը սույն գործով վիճելի գույքի նկատմամբ չունի ժառանգության իրավունք եւ վերը նշված պահանջով շահագրգիռ անձ չէ», որից անմիջապես բխում է, որ արդեն սույն գործով կայացած ակտերը չեն կարող լինել նրա իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ եւ չեն կարող ազդել սույն գործով կողմերից մեկի հանդեպ նրա ենթադրյալ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա, այնպես էլ հանգեցնել նման իրավունքների եւ պարտականությունների ծագմանը։ Այլ կլիներ իրավիճակը, եթե առկա չլիներ վերը նշված քաղաքացիական գործը եւ կայացված չլինեին նման բովանդակության դատական ակտեր:
Վճռաբեկ դատարանի անօրինական որոշումը ուղիղ պատճառահետեւանքային կապ ունի Վեդի համայնքի արդեն նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանի (Վճռաբեկ դատարանի 03/07/2023 թ. լիազորությունները դադարեցված դատավոր Արտակ Բարսեղյանի եղբոր) պաշտոնավարման օրոք 08/10/ 2019 թ.-ին Վեդի ք., Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքը ապօրինաբար համայնքապատկան դարձրած լինելու հանգամանքով։ Ինչի կապակցությամբ դիմել եմ դատարան 09/11/2021թ.-ին: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՎԴ1/2286/02/19 վճռով ճանաչել է իմ սեփականության իրավունքը վերը նշված անշարժ գույքի նկատմամբ, նույն ժամանակահատվածում դադարել է Վարուժան Բարսեղյանի լիազորությունները համայնքի ղեկավարի պաշտոնում։ Վ. Բարսեղյանի լիազորությունները դադարելուց հետո առաջին ատյանի վճիռը համայնքապետարանի կողմից չի բողոքարկվել։ Սակայն իբրեւ թե «Datalex» համակարգից տեղեկանալով՝ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանը, ով դեռեւս 2016թ.-ին իր իրավունքների եւ պարտականությունների իրականացման պահանջով դիմել է դատարան: Արդյունքում Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05/06/2017թ. թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով Կ. Միսակյանի հայցապահանջը մերժվել է։ Ըստ որում, վճռով արձանագրվել է, որ հայցվորի եւ Գ. Միսակյանի հայր եւ որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետեւապես նա ժառանգություն ընդունած ժառանգ չէ, հայցվոր Կարապետ Միսակյանը շահագրգիռ անձ չէ: Հայցվորի շահագրգռվածության բացակայության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն ահիմն համարելու եւ մերժելու համար։
Կարդացեք նաև
Սույն վճիռը ներկայացված է եղել թիվ ԱՎԴ1/2286/02/19 քաղաքացիական գործով դատարանին եւ վճռի արձանագրված փաստերի հիման վրա առաջին ատյանի դատարանը բացառել է Կ. Միսակյանին որպես գործին մասնակցող անձ ներգրավելու հարցը։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված վերոգրյալ փաստերի առկայության պարագայում Կ. Միսակյանը վերաքննիչ բողոքում հայտնել է, որ ինքը հանդիսանում է հանգուցյալ Գ. Միսակյանի իրավահաջորդը՝ առաջին հերթի ժառանգը, ով փաստացի տիրապետման հիմքով ընդունել է նրա ժառանգությունը եւ վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների եւ պարտականությունների վրա, հետեւաբար, դատարանը պարտավոր էր իրեն ներգրավել որպես գործին մասնակցող անձ։ Վերաքննիչ դատարանի 09/02/2022թ. որոշմամբ՝ թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղ. գործով հաստատված հանգամանքներով, Կարապետ Միսակյանի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ինչը նրա կողմից բողոքարկվել է։ Վճռաբեկ դատարանը 10 ամիս առանց որեւէ իրավական հիմքի՝ գործը Վճռաբեկի տիրույթում պահելուց հետո, 16/01/2023թ.-ին որոշում է կայայացրել բավարարել Կ. Միսակյանի բողոքը, վերացնել Վերաքննիչ դատարանի 09/02/2022թ. որոշումը։ Վճռաբեկ դատարանի համար Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ Կ. Միսակյանը թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղ. գործով ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ վիճելի գույքը մտել է ժառանգական զանգվածի մեջ, իսկ սույն գործով համարվել է ժառանգական զանգված, ինչը բացարձակ աղերս չունի Կ. Միսակյանի բողոքում ներկայացված ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու պահանջի հետ։
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ն. Կարապետյանի, Լ.Հովհաննիսյանի, Ս. Թորոսյանի, 12/05/2023 թ. որոշմամբ կոնկրետ ցուցում են տվել ստորադաս դատարանին, որպեսզի բացառի թիվ ԱՎԴ1/0425/02/16 օրինական ուժի մեջ մտած դատավճռով կայացված հիմքերը եւ հանգամանքները, ինչպես նաեւ դրանց ազդեցությունը Կ. Միսակյանի գործի լուծման վրա, որը իմ կողմից բողոքարկվել է եւ Վճռաբեկ դատարանը 30/08/2023թ.-ին բողոքը վերադարձնելու, կրկին ներկայացնելու չհիմնավորված որոշում է կայացրել։ Ինչպես սույն որոշումը, այնպես էլ մինչ այդ կայացրած 18/04/2022 թ., 31/08/2022թ., 16/01/2023թ. Վճռաբեկ դատարանի որոշումները, նաեւ 12/05/2023 թ. Վերաքննիչ դատարանի որոշումը չեն բխում արդարադատությունից, այն իրականում պայմանավորված է ապօրինի համայնքապատկան դարձած հողամասի վրա ապօրինի կառուցված շինությունը «արդարադատության» միջոցով օրինականացնելու միտումով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Բարսեղյան եղբայրներն այլեւս չեն պաշտոնավարում, կարծում եմ՝ դեռեւս ունեն բավարար կապեր արդարադատությանը խոչընդոտելու, նաեւ հաշվի առնելով մամուլում արձանագրված նրանց վերաբերյալ հրապարակումները, չի բացառվում, որ հաշվեհարդար տեսնելու նպատակով իմ ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումներ լինեն կամ որեւէ առտառոց դեպք տեղի ունենա:
Սիրուն ՄԻՍԱԿՅԱՆ
Կենսաթոշակառու
«Առավոտ» օրաթերթ
25.11.2023