Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ մյուս դատավորները «չեն տեսնում» մի բան, ինչ «տեսնում» է բացառապես նրանցից մեկը

Նոյեմբեր 27,2023 12:30

Սահմանադրական դատարանի 4 գործերով նույն դատավորի «պոկերը»

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 21-ին «դռնբաց գրավոր ընթացակարգով» քննության էր դրել «2023 թվականի հուլիսի 18-ին Վիեննայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների», «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների», «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների» եւ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների»՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերը:

ՍԴՈ-170 0, ՍԴՈ -1701, ՍԴՈ – 1702, ՍԴՈ -1703 որոշումներով «պոկեր» գրանցեց ՍԴ անդամ Ե. Խունդկարյանը (պոկեր ասում են ֆուտբոլում, երբ մեկ խաղացողը նույն խաղում չորս անգամ գրավում է մրցակցի դարպասը-Ռ.Մ.): Բոլոր հատուկ կարծիքներն էլ նույնաբովանդակ էին, տասնմեկ էջից բաղկացած, միայն գործերի անուններն էին տարբեր: Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հունվարի 18-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը Սահմանադրական դատարանի դատավորները հայտնել էին 39 հատուկ կարծիք, որից 29-ը՝ դատավոր Ե. Խունդկարյանինն էր…

ՍԴ այս դատավորը հերթական անգամ կառավարության կողմից մուտքագրված դիմումի լեգիտիմ լինելու հարցն է բարձրացնում, ՍԴ-ում առկա տեխնիկական միջոցների բացակայության հարցը, որը կարծես չի անհանգստացնում Սահմանադրական դատարանի մյուս անդամներին: Տպավորությունս այն է, որ մյուսները կարողանում են պատշաճ ստանալ կառավարությունից անստորագիր դիմումներ, հաշտ են այդ մտքի հետ, իսկ այս դատավորը ինքն է միայն տեսնում «ապօրինի եղանակով» մուտքագրված դիմումները. «Իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «ՍԴ մասին» օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից»:

Նա գրում է. «ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից: Իրավասու անձը դիմումը կարող էր ՍԴ ուղարկել էլեկտրոնային եղանակով, եթե ՍԴ-ում առկա լինեին էլեկտրոնային-տեխնիկական հնարավորություններ: Դրա մասին պետք է հավաստվի ՍԴ համապատասխան իրավական ակտով» կամ՝ «ՍԴ դիմող սուբյեկտների համար պետք է հասանելի լինի ՍԴ իրավական այն ակտը, որով ճշտված լինի, թե դիմումները էլեկտրոնային ո՞ր հարթակով են ընդունվում ՍԴ-ում»:

Ուզում եմ հարցնել մյուս դատավորներին, բա դուք ինչպե՞ս եք գրում, որ իրավազոր էր Սահմանադրական դատարանը որոշում կայացնել:

Հատուկ կարծիքի հեղինակը նշում է բազմաթիվ կարգավորումների մասին, մասնավորապես, ըստ ՍԴ եւ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքներում ամրագրված կարգավորումների:

Ըստ նրա, կառավարության էլեկտրոնային եղանակով դիմումը ձեռագիր ստորագրությամբ պետք է լիներ, որից պարզ կդառնար, որ դիմումը ստորագրվել է իսկապես դիմումատուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից: Մինչդեռ, այս գործերով թղթային տարբերակով դիմումի վրա բացակայում է դիմողի ստորագրությունը: Դիմումը դատարան է հասել կառավարության Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի եղանակով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա չէ համապատասխան տեխնիկական հնարավորությունների մասին ՍԴ համապատասխան իրավական ակտ, որով հաստատվեր, որ ՍԴ-ում ընդունելի են Mulberry էլեկտրոնային համակարգով դիմումների ներկայացումը:

«ՍԴ մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիմումը ՍԴ ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով, իսկ ՍԴ մասին օրենքի 88 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ էլեկտրոնային եղանակով դիմումները սահմանադրական դատարան կարող են ներկայացվել «համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում»: Այդ մասին պետք է հաստատի դատարանը իրավական ակտով: Այսինքն, դիմումատուն արդյոք իրավասո՞ւ է նման եղանակով ուղարկել իր դիմումները, արդյոք այն իրավասո՞ւ է քննելու ՍԴ-ն, արդյոք ՍԴ-ն ունի՞ էլեկտրոնային ստորագրությունը ստուգելու հնարավորություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930