«Գնաճի տեմպերը զգալի նվազել են․ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին գնաճը կազմել է 2,8 տոկոս՝ տարեսկզբի համեմատ զգալիորեն դանդաղելով։ 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը նույն ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1 տոկոսային կետով։ Սեպտեմբեր ամսին տոկոսադրույքը նվազեցվել է 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 9,75 տոկոս։ «Տոկոսադրույքի նվազեցումը, գնաճի արագ տեմպով նվազումը եւ քաղաքականության հետագա մեղմացման սպասումները հանգեցրել են պետական պարտատոմսերի տոկոսադրույքների որոշակի նվազման։ Մինչդեռ, ավելի կոշտ տոկոսադրույքները, վարկերը, ավանդները շարունակում են պահպանվել իրենց միջին մակարդակում, որոշ դեպքերում դրսեւորելով նաեւ աճի միտումներ»,- ասաց նա։
Արժութային շուկայում հունվար-սեպտեմբերին շարունակվել է գրանցվել արտարժույթի պահանջարկի համեմատ առաջարկի ծավալների ավելացում, ինչին հետեւել է դրամի արժեւորումը՝ նպաստելով գնաճի նվազեցման նպատակի իրագործմանը։
Փոխնախարարը նաեւ ասաց, որ եվրոպարտատոմսերի շուկայում արձանագրվել է եկամտաբերության որոշակի կայունություն։ Նվազել է երկրի ռիսկային հավելաճը․ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այն մոտեցել է մինչ ռուս-ուկրաինական պատերազմի մակարդակին, ինչը կարող է պայմանավորվել Հայաստանի տնտեսական միջավայրի բարելավմամբ, տնտեսական շոկի հաղթահարմանն ուղղված մակրոտնտեսական քաղաքականությամբ։ «Նաեւ բանկային համակարգի իրացվելիության դիրքի բարելավման արդյունքում եվրոպարտատոմսերի նկատմամբ պահանջարկն աճել է»,- հավելեց Սիրունյանը։
Կարդացեք նաև
Պետական պարտատոմսերի շուկայում ակտիվությունը շարունակում է պահպանվել, ըստ ֆինանսների փոխնախարարի, տոկոսադրույքները կայունանում են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունն աճել է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ