Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոլոգիապես» մաքուր արվեստ եւ կատարյալ ներկայացում

Նոյեմբեր 27,2023 12:00

Հարցազրույց նկարիչ, սցենոգրաֆ, օպերային ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ

– Հարգարժան Սուքիաս, տեւական դադարից հետո ձեզ հետ հանդիպման առիթը նոյեմբերի 30-ին Ազգային օպերային թատրոնում նշանակված Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան է, որն իրականացվում է ձեր ռեժիսուրայով։ Ձեզ հատուկ ներկայացնելու կարիք չկա. մեր հանդիսատեսը, վստահ ենք, ձեզ հիշում է դեռեւս 1990-ականներից իրականացված մինի օպերաներից մինչեւ  բեմականացումներ ու ներկայացումներ։ Ոչ վաղ անցյալում՝ 2018թ., «Մադամ Բաթերֆլայը», որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագիծն էր, բեմադրել եք օպերային թատրոնում, հանդիսանալով նաեւ բեմանկարիչն ու զգեստների նկարիչը։ Հիմա արդեն օպերային թատրոնում հիշյալ ներկայացումը, որը 1934-ից ունեցել է մի քանի բեմադրություն եւ վերջինը 37 տարի առաջ էր՝ Տիգրան Լեւոնյանի ռեժիսուրայով, վստահվել է ձեզ՝ ի լրացումն թատրոնի խաղացանկում տեղ գտած ներկայացումների։ Որպեսզի ընթերցողին պարզ լինի, նշենք, որ ձեր ներկայացումները տեղի են ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ռեժիսորի ձեր գործունեության ամբողջական պատկերը ներկայացնելու համար պետք է նշել նաեւ արտասահմանյան գործունեությունը։ Ընդամենը մեկ օրինակ բերենք. 1997թ. Մոցարտի «Ռեքվիեմի» բեմականացումը Բեյրութում եւ այլն։ Ի՞նչ եք կարծում՝ օպերային թատրոնը ձեզ ուշ չմտաբերե՞ց. փաստորեն՝ կայանալիք «Մադամ Բաթերֆլայը» ձեր դեբյուտն է օպերային թատրոնում։

– Լավ արտահայտություն կա. ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ասեմ, որ հրավերը ստացել եմ թատրոնի տնօրենից՝ մաեստրո Կարեն Դուրգարյանից։ Այս պահին մտաբերեցի, աչքիս առաջ եկան բեմադրություններս, որոնց մասնակցել են եւ մեր, եւ արտասահմանից ժամանած արտիստներ։ Եթե չեմ սխալվում՝ 2014-ն էր, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Լեոնկավալոյի «Պայացներն» էին բեմադրում եւ հրավիրված էր նաեւ մեծանուն Գեղամ Գրիգորյանը, որի համար այդ ներկայացումը վերջինը եղավ։

– Կայանալիք «Մադամ Բաթերֆլայը» նախկինի կրկնությո՞ւնն է, թե՞…

– Իհարկե՝ ոչ։  Ամբողջովին փոխված է կոնցեպտը, ինչը ոչ միայն սցենոգրաֆիայի, զգեստների հետ կապ ունի, նաեւ ընդգրկում է պլաստիկ շարժումներից մինչեւ հոգեբանական մեկնաբանություններ։ Դրված է հստակ խնդիր՝ ստատիկ վիճակում դինամիկ շարժում։

– Հասկանալի է, որ բոլոր փակագծերը չեք բացի, բայց բեմադրությունն իրականացնում եք դասակա՞ն, թե՞ ժամանակակից ռեժիսուրայով։

– Տեսեք՝ «Մադամ Բաթերֆլայը» գրվել է ուղիղ 100 տարի առաջ։ Բնականաբար, փոխվել են ժամանակները, մոտեցումները, բայց հանճարեղ այս երաժշտությունը միշտ մոդեռն է բոլոր ժամանակների համար։ Թույլ տվեք բարձրաձայնել, որ իմ ներկայացրած բոլոր աշխատանքներում հանդիատեսը ոչ թե ներկա է լինում զուտ լսելու, այլեւ զգալու համար։

– Մեր օրերում ամեն ինչ արվում է, որ ներկայացումը դառնա դրամարկղային. տեղին, հաճախ  էլ անհարկի էֆեկտներից մինչեւ էրոտիկ տեսարաններ։

– Նման մոտեցումներ, խնդիր չեմ դրել իմ առջեւ, որովհետեւ ձեր նշած հնարքները իմը չեն։ Իմ առջեւ խնդիր եմ դրել ստանալ էկոլոգիապես մաքուր արվեստ։

– Այդ բեմադրությունում դուք «մոնոպոլիստ» եք. ոչ միայն ռեժիսուրան է ձերը, այլ նաեւ սցենոգրաֆը, հանդես եք գալիս նաեւ զգեստների նկարիչ։

– Ձեր որակումն ինձ համար չէ, բայց ես, այո, բեմադրության ռեժիսորն եմ, սցենոգրաֆն ու զգեստների նկարիչը։

– Ջոն Լոնգի պատմվածքի, հետո ըստ Դեվիդ Բելասկոյի «Մադամ Բաթերֆլայ» պիեսի, այնուհետեւ Ջուզեպպե  Ջակոզայի եւ Լուիջի Իլիկայի լիբրետոյի՝  Բաթերֆլայը 14 տարեկան է։ «Լա Սկալա» թատրոնում 1904թ. օպերայի պրեմիերայից հետո եւ աշխարհի բազմաթիվ թատրոններում մինչ օրս ներկայացվող այս օպերայում, հասկանալի է, որ գլխավոր հերոսուհու կերպարը չի կարող մարմնավորել 14 տարեկանը։ Այդուհանդերձ, ձեր մադամ Բաթերֆլայները քանի՞ տարեկան են։ Հետաքրքրվում ենք, որովհետեւ մեր օպերային թատրոնի առաջին «Մադամ Բաթերֆլայի» (1930-ականների վերջերից 1940-ականների սկիզբ) հանդիսատեսներից ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը հիշում է մեծանուն երգչուհի Հայկանուշ Դանիելյանի հիանալի մադամ Բաթերֆլայը, նաեւ ավելացնում, որ քաղաքում խոսում էին, թե ով է տեսել 50-ն անց Բաթերֆլայ։

– Ես ունեմ 20-60 տարեկան մադամ Բաթերֆլայներ եւ տարիքը չեմ դիտարկում որպես արգելք։ Փորձառու երգչուհիները, մեծ հաշվով, կերպարին սիրեցնել են տալիս։ Նրանց մոտ ձգողական, մագնիսական, մի անբացատրելի մոգական ուժ կա։

– Երբ օրերս զրուցում էինք բեմադրության դիրիժոր Միհրան Աղաջանյանի հետ, ասաց, որ ինքը 3 տարեկանից թատրոնի կուլիսներում է եղել։ Այդ պահին մտաբերեցինք, որ ձեզ համար էլ մեր օպերային թատրոնի կուլիսները հարազատ վայր են եղել…

– Իմ դեպքում՝ շնորհիվ հորս՝ Անդրանիկ Թորոսյանի, ով երկար տարիներ երգչախմբի արտիստ էր…

– Դիրիժորը խոստացավ՝ «կարդարացնենք հանդիսատեսի սպասելիքները», իսկ դո՞ւք։

– Ես խոստանում եմ կատարյալ ներկայացում։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930