Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ սենատը լիարժեք կընդունի «2023թ. Հայաստանի պաշտպանության ակտը»։
«Կարծում եմ ավելի վաղուցվանից էր այս գործընթացը, որովհետեւ արդեն վաղուց ամերիկյան սենատում կային անձինք, որոնք խոսում էին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին»,- «Առավոտի» հարցին՝ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց արեւմտյան հովանու ներքո Վաշինգտոնում բանակցություններից, կապ ունի՞ ԱՄՆ սենատի ընդունած ակտի հետ, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Սենատն ընդունել է «2023թ. Հայաստանի պաշտպանության ակտը»։ Այն Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարման մասին է, որով չեղարկվում են Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները:
Մեր հիշեցմանը` նկատել էիք՝ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից ու փաստորեն ընդհանրապես մերժում է բանակցությունների համար արեւմտյան հարթակները, սա լավ նորություն է եւ կարծիք հայտնել, որ դրա հետեւանքով մեծանալու են Արեւմուտքի ճնշումները Բաքվի վրա, ինչը մեր դիվանագիտության համար մեծ դաշտ է բացում եւ հարցրին՝ իսկ չեք կարծո՞ւմ, որ Ադրբեջանի այսպիսի վարքագիծը վտանգավոր է, քանի որ էսկալյացիայի ռիսկն է մեծանում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այդ վտանգը միշտ էլ կա։ Այնպես չէ, որ բանակցությունների մասնակցելու դեպքում ագրեսիա չի իրականացվել։ Նախկինում էլ տեսել ենք, որ ամեն անգամ բանակցություններից առաջ սահմանին ինչ ագրեսիա են սադրել, հետո եկել բանակցությունների։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ եթե Ադրբեջանը մասնակցեր բանակցությունների, կարելի էր հարյուր տոկոսով ապահովված համարել սահմանի անվտանգությունը։ Նաեւ ամեն պահ կարող է լինել ագրեսիա, սահմանային բախումներ, որովհետեւ չի կարելի դա կապել Ադրբեջանի՝ այս կամ այն բանակցության մասնակցության կամ չմասնակցության հետ։ Նրանք բանակցությունների գնալուց առաջ միշտ ուժ են կիրառել»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Բաքվի վրա ճնշումների դեպքում արդյոք դերակատարություն չունի՞ թուրքական գործոնը, քանի որ ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենն ընդգծեց, որ Թուրքիան կարեւոր դերակատար է եւ բարձր գնահատեց նրա ներգրավվածությունը։ Արմեն Վարդանյանն ասաց. «Շատ դեպքերում հենց թուրքական գործոնն էլ են հաշվի առնում, հաշվի են առնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են։ Դա դերակատարություն ունի նրանց ընդունած որոշումների հարցում։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են դիտվում՝ մեկ ամբողջության մեջ»։
Մեր հարցին՝ հետեւաբար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին խոսելն անիրատեսակա՞ն է, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Թուրքիան շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկիր է։ Թուրքիան ուներ իր լոբբիստական խմբերը ԱՄՆ-ում, այժմ էլ ունի, որոնք տարիներ շարունակ փորձում են ԱՄՆ օրենսդիր մարմնում իրենց համար կարեւոր դեր խաղալ։ Մասնավորապես տարիներ շարունակ դա Հայոց ցեղասպանության ընդունման հարցով էր, կային տեղեկություններ, որ թուրքական այս լոբբիստական խմբերը վարձել է Թուրքիան, որ ԱՄՆ սենատում կանխի Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը։ Թուրքիան նաեւ Ադրբեջանի հետ մեկ միասնությամբ է գործում, ոլորտները համաձայնեցնում են։ ԱՄՆ-ն էլ դա շատ լավ գիտի»։
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ սենատը լիարժեք կընդունի ակտը. «Պետքարտուղարությունը կարծես դեմ չէ Ադրբեջանին պատժելու, եւ ամենայն հավանականությամբ ակտը կընդունվի»։
Նշենք, որ «2023թ. Հայաստանի պաշտպանության ակտը» ԱՄՆ սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին՝ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի կողմից։ Ակտն ընթերցվել է երկու անգամ եւ փոխանցվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2023