Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր

Նոյեմբեր 27,2023 10:15

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:

Այսպես.

Կատարված ապացուցողական և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքիչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ի, Ն.Հ-ի, Ն.Ն-ի, Ս.Ս-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև մսամթերքի տեսակավորման և բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ի, Ա.Ա.ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց և այլ անձանց՝ միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ, 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ են տվել հափշտակության կատարման մեխանիզմի, հանցավոր խմբի անդամների դերակատարության, հանցավոր ճանապարհով ստացված եկամտի բաշխման, առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարման հանգամանքների շուրջ կայացված պայմանավորվածությունների, դրանց իրագործման եղանակների և այլնի մասին: Ցուցմունքին կից ներկայացվել են նաև հափշտակության կատարման հանգամանքը հիմնավորող, ինչպես նաև հանցավոր եկամտի բաշխման չափի վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող գրառումներով փաստաթղթեր: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ:

Հարցաքննվել են նաև Երևան քաղաքի տարբեր մանկապարտեզների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով հափշտակության հանգամանքների, հիշյալ հանցանքներին իրենց առնչության և քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, այդ թվում՝ մեծ ծավալի հասնող հափշտակության ամբողջական չափը և հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930