Գինկգոն աշխարհի հնագույն ծառերից մեկն է, որը դինոզավրերի հասակակից է համարվում։ Այս ծառի տերևների մզվածքից ստանում են
«Գինկգո բիլոբա» սննդային հավելումը, որը հանդես է գալիս հաբերի, պատիճների, հյութահանուկների տեսքով և վաճառվում է առանց դեղատոմսի։ Գինկգո բիլոբան առավելապես հայտնի է որպես հիշողությունը լավացնող և գլխուղեղի արյան շրջանառությունը բարելավող միջոց․ ահա թե ինչու է այն մեծ ժողովրդականություն վայելում ուսանողների շրջանում՝ հատկապես քննաշրջանի ընթացքում։
Գինկգո բիլոբայի հնարավոր ազդեցություներն առողջության վրա
Գինկգոյի տերևները բարդ միացությունների խառնուրդ են պարունակում, որում գերակշռում են տերպենային լակտոններն ու ֆլավոնային գլիկոզիդները։Կենդանիների վրա անցկացված հետազոտություններով գինկգո բիլոբան դրսևորել է հետևյալ ազդեցությունները․
- Նվազեցնում է սթրեսի պատճառով մակերիկամների կողմից կորտիկոստերոիդների գերարտազատումը։
- Բարելավում է նյարդային ազդակների փոխանցումը՝ արգելակելով նեյրոնային հաղորդիչների քայքայում առաջացնող գլխուղեղի ֆերմենտների ակտիվությունը։
- Գործում է որպես հակաօքսիդանտ՝ չեզոքացնելով ազատ ռադիկալներն ու պաշտպանելով նյարդային բջիջները վնասվածքներից։
- Բարելավում է կարճաժամկետ հիշողությունն ու պաշտպանում գլխուղեղը տարիքային վաղաժամ փոփոխություններից։
- Նվազեցնում է բորբոքային ակտիվությունն ու արյան մակարդման գործընթացը։
- Լայնացնում է անոթներն ու բարելավում արյան շրջանառությունը։
Գինկգո բիլոբան օգտագործվում է հետևյալ խնդիրների կանխարգելման համար՝
Կարդացեք նաև
- Սիրտ-անոթային հիվանդություններ,
- ուղեղի անոթային անբավարարություն,
- ճանաչողական խանգարումներ,
- դեմենցիա,
- գլխապտույտ,
- արյան հոսքի նվազեցման պատճառով վերջույթներում առաջացող ցավեր,
- մակուլոդեգեներացիա- տարիքային հիվանդություն, որն առաջանում է ցանցաթաղանթի դեղին բծի վնասման արդյունքում,
- գլաուկոմա,
- հիշողության կորուստ,
- նախադաշտանային համախտանիշ և այլն։
Սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։
Խորհուրդ չի տրվում գինկգոյի հավելում օգտագործել վիրահատությունից առաջ, քանի որ այն կարող է մեծացնել արյունահոսության վտանգը։ Եթե ընդունում եք այս հավելումը, ապա փորձագետները խորհուրդ են տալիս դադարեցնել օգտագործումը վիրահատական միջամտությունից առնվազն 36 ժամ առաջ։
Խուսափեք գինկգո բիլոբայի օգտագործումից, եթե հղիություն եք պլանավորում։
Գինկգոյի թունավոր նյութը հիմնականում պարունակվում է ծառի սերմերում ու պտուղներում, բայց որոշակի քանակություն կա նաև տերևներում։
Զգուշությամբ օգտագործեք, եթե ընդունում եք ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտային կամ հակաթրոմբոցիտային դեղամիջոցներ։
Գինկգոն հակադեպրեսանտներ ընդունող անձանց շրջանում կարող է սերոտոնինային համախտանիշի դրսևորման խթան հանդիսանալ։
Կարող է բարձրացնել գլյուկոզի մակարդակն արյան մեջ։
Գինկգո բիլոբայի կողմնակի ազդեցությունները
- Աղեստամոքսային խանգարումներ՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, փորկապություն,
- գլխացավ,
- թուլություն,
- գլխապտույտ,
- ջղակծկումներ,
- սրտի ռիթմի արագացում,
- արյունահոսություն,
- սերոտոնինային համախտանիշ,
- արյան մակարդելիության խանգարումներ և այլն։
Գինկգո բիլոբան խորհուրդ չի տրվում օգտագործել մի շարք դեղամիջոցների հետ, ինչպիսիք են իբուպրոֆենը, հակակոագուլյանտները և այլն։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է․ սույն սննդային հավելումն ընդունելու նպատակահարմարությունը քննարկեք ձեր ընտանեկան բժշկի հետ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ