Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան դահլիճում կայացավ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան)։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը, որը վարում էր համերգը, ունկնդիրների համար մեկնաբանելով յուրաքանչյուր ստեղծագործությունը՝ հիշեցրեց, որ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի դարձավ 30 տարեկան։
«Ճակատագրի շատ հուժկու հարվածների տակ թվում է, թե մոռացել ենք կամ չենք նկատել, որ մեր սիմֆոնիկ նվագախումբը դարձավ 30 տարեկան։ Այդ բացը լրացնելու ենք։
Կարդացեք նաև
Իհարկե, երանի պիտի տանք այն նվիրյալներին, ովքեր ակունքներում էին այս երաժշտախմբի։ Հիշեցնեմ՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից դուրս գործող միակ սիմֆոնիկ նվագախումբն է՝ յուրաքանչյուր գյումրեցու, յուրաքանչյուր շիրակցու հպարտությունը, և իհարկե, հատկապես պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման համար մեծ խթան և հնարավորություն ստեղծողը»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։
Նա, դիմելով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանին, ասաց, որ խոնարհվում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակի առջև, որի մեծ ջանքերի ու նվիրյալ գործունեության արդյունքում է ստեղծվել այս նվագախումբը։
Հասմիկ Կիրակոսյանն ամենից շատ սիրել է դասական երաժշտություն։
«Հույս ունենք հոբելյանական տոնական համերգը կլինի, և մենք ըստ արժանվույն կգնահատենք և կշնորհավորենք մեր երաժիշտներին»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ սիմֆոնիկ նվագախումբը հատուկ համերգային ծրագրի է պատրաստվում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
Բանախոսը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանին, որը, նրա ներկայացմամբ, այս ճակատագրական օրերին հենց այս հաստատության մեջ բարեգործության ու մարդասիրության վառ օրինակ հանդիսացավ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հենց այստեղ ապաստան տալով, ու անմարդկային ջանքեր գործադրեց և դեռ գործադրում է՝ նրանց ամեն հարցով օգնելու, հայաստանյան կյանքին ինտեգրելու գործում։
«Տա Աստված, որ նա այդ գործով էլ չզբաղվի, թող զբաղվի իր գեղեցիկ մշակութային կրթօջախի բուն գործունեությամբ, որը փայլուն է կատարում»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։
Համերգի ընթացքում հնչեցին ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի թ․ 4 սիմֆոնիան, իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Կեսօրյա վհուկը» սիմֆոնիկ պոեմը և դրվագներ Արամ Խաչատրյանի բալետային սյուիտից։
Հասմիկ Հարությունյանն այնքան մանրամասն ու պատկերավոր էր ներկայացնում ամեն մի ստեղծագործության պատմությունը, որ ակամա տեղափոխվում էիր տվյալ միջավայր ու ժամանակաշրջան, հարստացնում գիտելիքներդ դասական երաժշտությունից։
Լուսանկարները՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ՖԲ էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ