Այսօր Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է։ Վերջինս իր խոսքում նշեց, որ նախագիծն իրականություն չէր դառնա, եթե չլիներ անդադար աշխատանքն ու մաեստրոյի մեծ պատրաստակամությունն ու վստահությունը։
«Ամեն ինչ սկսում է այն պահից, երբ քեզ վստահում են»,- ասաց Լիլիթ Մովսիսյանը, ապա հնչեցրեց անուններ, որոնք կարևոր դերակատարություն ունեն ֆիլմի ստեղծման գործում։ Ֆիլմը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում մաեստրոյի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ֆիլմի վերջին մասում ամիսներ առաջ հայրաքաղաք Գյումրիում կայացած հոգևոր համերգն է տեղ գտել, որի համար նկարահանող թիմը միացել էր երգչախմբին։
Կարդացեք նաև
Նախագծի հեղինակ ու պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի է։ նա առանձնահատուկ անդրադարձավ կուրսի ղեկավարին` Սերգեյ Սանոյանին, որը ոչ միայն գիտելիք ու աշխատելու հմտություններ է փոխանցել ու փոխանցում երիտասարդ մասնագետին, այլև քաջալերում է նմանօրինակ նախաձեռնություններ իրականացնելիս։